Դեկտեմբերի 13-ին Վարդենիսի Ակունք գյուղում տեղի ունեցած հասարակական լայն հնչեղություն ստացած սպանությունն իրականում խորը արմատներ ունի, քան այն, ինչ մատուցվեց: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու են Վարդենիսում վերջին շրջանում այդքան հաճախակի դարձել քրեական «ռազբորկաներն» ու կրակոցները:
ՈՍԿԻՆ ՇԱՌ Է
Միանշանակ կարելի է ասել, որ պատճառը Սոթքի ոսկու հանքն է, որտեղից մարդիկ ապօրինի կերպով ոսկու հանքաքար են հանում, վաճառում եւ ապրում: Երբեմն էլ «չղջիկները» (Վարդենիսում այդպես են ասում ոսկու հանքաքար գողացողներին) շատ են հանում, որպեսզի հանքաքարերից ձուլված ոսկուց բաժին տան այն մարդկանց, որոնց հովանավորությամբ «անվտանգ» մտնում են հանքավայր ու դուրս գալիս: Այդ «տանիքների» կարգավիճակում հիմնականում հանդես են գալիս կա՛մ ուժային կառույցի, կա՛մ քրեական դաշտի ներկայացուցիչները: Ու հաճախ ոսկու նկատմամբ հետաքրքրություն ունեցող միանգամայն նոր մարդիկ են հայտնվում ասպարեզում` փորձելով ինքնահաստատվել եւ իրենց բաժինն ունենալ: Այդտեղ էլ առաջանում են բախումները:
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ
Վերջին տարիներին Վարդենիսում ավելացել է նաեւ մեկ այլ «ռազբորկայի» թեմա՝ Վարդենիսի նախկին ոստիկանապետի թիկնապահը: 1990-ականներին` Արցախյան պատերազմի տարիներին, երբ Վարդենիսում ոստիկանապետ էր Ապրես Եղեյանը (Մինասի Ապո), առաջին անգամ քաղաքում հայտնվեցին թիկնապահներ, որոնք ահուսարսափ էին առաջացնում բնակիչների մոտ` անկանխատեսելի կռիվներ ու ծեծեր հրահրելով: Ռաֆայել Թադեւոսյանը, որը հայտնի է Մեմիրի Ռաֆո մականունով, հենց նրա թիկնապահներից մեկն էր: Բայց երբ Ապոն պաշտոնանկ եղավ, բոլոր թիկնապահները լքեցին Հայաստանը:
Երկար տարիներ դրսում ապրելուց հետո Ռաֆայելը վերադարձել է Վարդենիս, որտեղ առավել երիտասարդ սերնդի ներկայացուցիչները տարբեր առիթներով, այդ թվում եւ խնջույքների ժամանակ, Ռաֆայելին հիշեցնում են նրա անցյալը, թե ինչպես էր «ոստիկանական տարիներին» ծեծում, կրակում: Այս ըմբոստությունը դուր չի գալիս Ռաֆայելին, ու նա սկսել է հարցերը լուծել զենքի ուժով: Եվ, բնականաբար, հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում: Նա 2012թ. Վարդենիսի մի խումբ հեղինակություն համարվողների ոտքերի տակ կրակել էր, ինչի համար կալանավորվել էր եւ միայն վերջերս է համաներմամբ ազատ արձակվել:
ՍԽԱԼ ԿՐԱԿՈՑՆԵՐ
Դեկտեմբերի 13-ի սպանությունը նույնպես վարդենիսյան վերը նշված թեմաներով ծավալվող «ռազբորկաների» հետեւանք էր: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Ակունք գյուղի բնակիչ Արա Մանուկյանը հայտնել է, թե իր մահն են ուզում, ու ինքը, վախը սրտում, ինքնաձիգով է գյուղում ման եկել ու մի օր էլ այդ վախից կրակել է: Արան նշել է, որ Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մոտ պատահաբար է կրակել իր քեռու որդու` Հարություն Հայրապետյանի եւ ընկերոջ` Կամսար Հակոբյանի ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այդ օրը ռեստորանում է եղել նաեւ Ռաֆայել Թադեւոսյանը, որի հետ Արա Մանուկյանը խնդիրներ է ունեցել: Բայց, չնայած դրան, նրանք «մի-մի թաս» խմել են իրար հետ` իբրեւ հաշտության քայլ, ինչից հետո Արան դուրս է եկել ռեստորանի բակ եւ, ըստ ամենայնի, թիրախավորել Ռաֆայելին: Սակայն Ռաֆայելի փոխարեն Արայի եղբայրը՝ Հարություն Հայրապետյանն ու Կամսար Հակոբյանն են դուրս եկել, եւ Արան, մթության մեջ չտարբերելով մարդկանց, նրանց ֆիզիկական կառուցվածքը նմանեցրել է իր թիրախներին ու կրակել: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ իր քեռու որդուն ու ընկերոջն է սպանել: Դեպքից հետո Արան փորձել է փախչել, սակայն ոստիկանները Վերին Լարսի անցակետի մոտ նրան հայտնաբերել են ու բերման ենթարկել:
ԴԱՐՁՅԱԼ ԾԵԾ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին ոստիկանները փնտրում են Ռաֆայել Թադեւոսյանին, բայց ոչ թե Ակունքի սպանության, այլ միանգամայն ուրիշ գործով: Վարդենիսի «Դրուժբա» կոչվող ռեստորանում դեկտեմբերի 11-ին միջադեպ է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ռաֆայել Թադեւոսյանը հայհոյանքներ է հնչեցրել նշված ռեստորանում գտնվող Սասուն Կարապետյանի հասցեին, այնուհետեւ զենքի պոչով հարվածել Սասունի գլխին: Եվ որպեսզի աղմուկ չբարձրանա, Ռ. Թադեւոսյանն իր մոտ եղած զենքը պահել է ռեստորանի մատուցողուհու վրա ու սպառնացել նրան` պահանջելով իր տեսածի մասին ոչ ոքի ոչինչ չասել: Սակայն Ռ. Թադեւոսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Ռաֆայելի գլխին գործեր են սարքում. մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա: «Արհեստածին ապացույցներ են ստեղծում ու որոշ մարդկանց էլ տանում եւ ապօրինի պահում են ոստիկանությունում, որ ցուցմունքներ կորզեն: Մենք սա այսպես չենք թողնի ու առաջիկայում բավականին լուրջ բացահայտումներ կանենք»,-հայտարարեց փաստաբանը: Իսկ մինչ այդ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Սասուն Կարապետյանը եւ Ռաֆայել Թադեւոսյանը հետախուզման մեջ են:
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ մատուցողուհին, որին Ռաֆայելը ռեստորանում սպառնացել է, այս օրերին պատրաստվում է նամակ գրել ՀՀ գլխավոր դատախազին` հայտնելով, որ ոստիկանության Վարդենիսի բաժնում իրեն ճնշել են եւ ստիպել ցուցմունքներ գրել Ռաֆայելի դեմ: Եվ ընդհանրապես, Ռ. Թադեւոսյանի կողմնակիցները կարծում են, որ իրավապահները ցանկանում են նրան «խաղից դուրս թողնել», որպեսզի «ոսկյա ռազբորկաներին» խանգարողներ չլինեն:
Թե ինչով կավարտվի այս պատմությունը, դժվար է ասել, բայց որ Վարդենիսում առկա իրավիճակի պատճառով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաճախ է այնտեղի ոստիկանապետերին փոխում, փաստ է: Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ ոստիկանապետն է նշանակվել Վարդենիսում: Ըստ ամենայնի, ենթակաները ոստիկանապետին ճիշտ չեն զեկուցում դրությունը, դրա համար էլ քրեական իրավիճակը պարբերաբար սրվում է քաղաքում: Հուսանք՝ Վարդենիսը չի դառնա Վարդենիսի սարքած Գյումրին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ