«Ոստիկանական պետությունը պետք է փոխվի իրավականի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հիշում եք, ՄԻՊ-ը նախորդ տարի զեկույց էր ներկայացրել ՀՀ Վճռաբեկ Դատարանի գործունեության և վարած քաղաքականության մասին` նշելով, որ այնտեղ ձևավորվել է «զոնալ դատավորների» համակարգ:

ՄԻՊ-ի կողմից ներկայացված զեկույցում տեղ են գտել դատավորների գաղտնի տեղեկացումները օմբուդսմենին: Դրանցից մեկի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից դատավորին տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը և հրահանգվել այն ներկայացնել որպես իր սեփական որոշում:

Օմբուդսմենին մեկ այլ դատավորի գաղտնի տեղեկացումից տեղեկանում ենք, որ իրեն մեղադրել են այն բանում, որ ինքը համարձակվել է առանց նախապես համաձայնեցնելու և թույլտվություն ստանալու քննել և որոշում կայացնել միջազգային հնչեղություն ունեցող մի գործի վերաբերյալ: «Իմ նկատմամբ կիրառվեցին ճնշումներ, որոնք ազդակ էին նաև իմ գործընկեր դատավորներին, թե ինչ հաշվեհարդար կսպասվի յուրաքանչյուրին, ով կհամարձակվի շեղվել գոյություն ունեցող կանոններից՝ չկատարելով տրված ցուցումները»,- Օմբուդսմենին փոխանցել է դատավորը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Պարգև Օհանյանն Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր՝ դատավոր եղած ժամանակ ամեն ինչ այնքան բացահայտ չէր, որքան հիմա:

Պարգև Օհանյանի կարծիքով վերահսկողությունը դատարանների վրա կարող է լինել թե՛ քաղաքականությամբ դրսևորված, թե՛ ստիպողաբար: Ասել կուզի, որ դատավորներն ստիպված են ենթարկվում նման մոտեցմանը:

«Այստեղ մեդալի երկու կողմն էլ կա. մի կողմից դատավորներն անկախ են և կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել, մյուս կողմից էլ անպաշտպան են ու ոչ անկախ: Գուցե որոշ լուրջ գործերով գնում, զեկուցում են, և երևույթն, իհարկե, լավը չէ»,- իր խոսքում նշեց Պարգև Օհանյանը:

Իսկ ինչ վերաբերում է խնդրի լուծմանն, ապա նախկին դատավորի դիտարկմամբ` նախ դատավոր պետք է ընտրեն շատ ավելի բծախնդիր մարդկանց, հաշվի առնեն շատ այլ հանգամանքներ, իսկ համակարգը պետք է փոխվի ամենավերևից` նախագահականից: Պարգև Օհանյանի համոզմամբ` պետք է լինեն արդար վճիռ կայացնելու կայուն երաշխիքներ: Նա բացառեց սոցիալականի հետ կապված ռիսկայնությունը, քանի որ, Օհանյանի փոխանցմամբ, եթե նախկինում այն ավելի մեծ էր, ապա այժմ կարելի է ասել չկա, քանի որ դատավորների աշխատավարձերը զգալիորեն բարձրացել են:

«Մարդը, հատկապես դատավորը, պետք է նախ իր խղճի առաջ պատասխան տա: Ոստիկանական պետությունը պետք է փոխվի իրավականի: Եթե ոստիկանական է, ապա դատարանները թույլ են: Դատարանները պետք է կարողանան արդարացման դատավճիռներ կայացնել առանց հետագա ընթացքից վախենալու»,- շարունակելով խոսքն` ասաց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին դատավորը:

Ինչ վերաբերում է այն երևույթին, որ մարդիկ նախապես արդեն կանխատեսում են, որ իրենց գործը մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան պետք է հասնի, Պարգև Օհանյանը նշեց, որ իսկապես չի կարելի հույսը սպանել, բայց ինքը չէր ուզենա, որ մարդիկ հույսը կապեին Եվրոպականի հետ: Իրավաբանը համոզված է, որ շատերը, ոլորտի աշխատողներից բացի, երևի թե չգիտեն, որ Եվրոպական դատարանը շատ նեղ տեսակի գործեր է քննում, մասնավորապես այնպիսիք, որոնք վերաբերում են կոնկրետ  կոնվենցիային:

«Պակաս քաղաքական էլ այդ դատարանը չէ: Արդեն 7 տարի է` գործս այնտեղ է, ու դեռևս պատասխան չկա: Մարդկանց խորհուրդ կտայի հույսները կապեին հենց մեր դատարանների հետ: Իրականում անհնար բան չի արդարության հասնել հենց մեզ մոտ: Պարզապես պետք է հետևողական լինեն, պայքարեն: Այնպես չէ, որ բոլոր այնտեղ նստածներն անաստվածներ ու կամազուրկներ են, որ միայն կաշառքին են նայում: Ոչ, կան նաև բարեխիղճ դատավորներ, և օրենքներն էլ բավականին, կամ գոնե որոշ չափով աշխատում են»,- վստահեցրեց Պարգև Օհանյանը:

Գաղտնիք չէ նաև այն, որ մեր օրերում փաստաբանների մեծ մասը բողոքում է արդարադատության համակարգից` մատնանշելով հատկապես Վճռաբեկ դատարանի գործունեությունը: Վերջին տարիներին մի շարք աղմկահարույց գործերի վերաբերյալ կայացրած վճիռները, առանց բացառության, հասել են մինչև Վճռաբեկ դատարան, սակայն, որպես կանոն, ապարդյուն:

Տաթև Հարությունյան

 




Լրահոս