ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅՍՕՐ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Այսօր՝ ժամը 14-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Դ!եմ եմ» նախաձեռնության հանրահավաքը, որին կմասնակցեն նաեւ ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» պատգամավորները: Հիշեցնենք, որ հանրահավաքի կազմակերպիչները բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ` այդ օրենքը համարելով հակասահմանադրական: Եվ այսօրվա հանրահավաքում նրանք ՍԴ-ից պահանջելու են կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումն ու հակասահմանադրական ճանաչել օրենքը: Խոստովանենք` այս խնդիրն առնչվում է Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի, ուստի դրա դեմ պայքարը յուրաքանչյուրիս գործն է:

 
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ փոխանցեցին Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճի հնարավոր պատճառների մասին: Քոչարյանն իր մերձավոր շրջապատում անկեղծացել ու ասել է, թե ինքը Տ. Սարգսյանին պատասխանել է զուտ մեկ պատճառով` ներկայիս իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը, ինչը վիրավորական է: Քոչարյանն ասել է, որ իր իշխանության օրոք շինարարությունը գտնվել է պիկի վրա, բացի այդ՝ նա հիշեցրել է, թե իր պաշտոնավարման վերջում աղքատությունը եղել է 27,6 տոկոս, իսկ արտաքին պարտքը՝ անհամեմատ ցածր՝ 1.4 մլրդ դոլար: Ու գործող իշխանությունները ոչ միայն չեն կարողացել այդ թիվը պահել, այլեւ ավելի են խորացրել իրավիճակը՝ աղքատությունը հասցնելով 32.5 տոկոսի, իսկ արտաքին պարտքը՝ 4.5 մլրդ դոլարի: Եվ այս իրավիճակում Քոչարյանին քննադատելը խիստ վիրավորել է երկրորդ նախագահին:

 

Համաշխարհային բանկն օրերս հրապարակեց ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները. այն գնահատվել է 5 տոկոսի սահմաններում: Իսկ ահա ՀՀ կառավարությունն այս տարվա պետբյուջեի ուղերձում տնտեսական աճի մի փոքր ավելի բարձր տեմպեր է կանխատեսել` 5.2 տոկոս: Կյանքը, սակայն, ցույց է տվել, որ Հայաստանի դեպքում տնտեսական աճի մասին կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են: ՀԲ-ն 2013թ. համար կանխատեսել էր 4.3 տոկոս աճ, իսկ Տ. Սարգսյանի կառավարությունը 2013թ. բյուջետային ուղերձում միանգամից 6.2 տոկոս էր «խփել»: Այնինչ, այսօր ստիպված ենք արձանագրել, որ տնտեսական աճը հեռու է կանխատեսվածից. լավագույն դեպքում կկազմի 3 տոկոս, այն էլ թվային լրջագույն մանիպուլյացիաների արդյունքում: 2013թ. ընթացքում չեն իրականացել նաեւ կառավարության մյուս կանխատեսումները: Թե այսքանից հետո արդյոք նման կառավարությունը պաշտոնավարելու բարոյական իրավունք ունի, դատե՛ք ինքներդ:

 

 

Տպավորություն է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հանդիպելու, եւ այդ պատճառով կա՛մ նա է պարբերաբար այցելում Լատվիայի մայրաքաղաք, կա՛մ Ռիգայի քաղաքապետին է հրավիրում իր մոտ: Միայն վերջին կես տարվա ընթացքում Տ. Մարգարյանը Ռիգայի քաղաքապետի հետ երրորդ անգամն է հանդիպում, ընդ որում՝ երեք ամիսը մեկ պարբերականությամբ: Հուլիսի 5-ին ինքն էր մեկնել Ռիգա, հոկտեմբերի 8-ին Ուշակովն էր ժամանել Հայաստան ու հանդիպել նրա հետ: Եվ ահա երեկ Տ. Մարգարյանը կրկին պաշտոնական այցով գնացել է Լատվիայի մայրաքաղաք: Ուշագրավը, սակայն, այս այցի առիթն է. Տ. Մարգարյանը գնացել է` մասնակցելու Ռիգայի` եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման արարողությանը: Փաստորեն, Երեւանի քաղաքապետը մայրաքաղաքի խնդիրները լուծելու փոխարեն հսկայական գումարներ է ծախսում ճամփորդության վրա:

 

 

 
ԹԱՍԻԲԻ Է ԳՑՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը երեկ հանդես է եկել նոր հաղորդագրությամբ, որում մանրամասն անդրադարձել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի վերջին հարցազրույցին: Դրանում, ըստ էության, որեւէ նոր բան չկա, բացի այն հանգամանքի ընդգծումից, որ «Գույք՝ պարտքի դիմաց»-ի հիմնական բանակցողը հայկական կողմից եղել է ոչ այլ ոք, քան այն ժամանակ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ Արմեն Մովսիսյանն էլ՝ որպես էներգետիկայի նախարար, առանցքային դերակատարություն է ունեցել էներգետիկ ակտիվների մասով: Ասել է թե` պաշտոնաթող նախագահը հիշեցնում է, որ հենց Մովսիսյանն է ընտրել ռուսներին հանձնվելիք «այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկությունները»:
Եվ եթե Սերժ Սարգսյանի անվան հիշատակությունն այս հարցում կարող է ոչ այնքան տեղին դիտվել` հաշվի առնելով վերջինիս լռությունը (թեեւ լռությունը համաձայնության նշան է), ապա Արմեն Մովսիսյանի մասով Ռոբերտ Քոչարյանի հիշեցումը (իհարկե, գրասենյակի անունից) միանգամայն տեղին է. «Դատելով հարցազրույցից, Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարված աշխատանքի գնահատականը եւ իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ինչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում»:
Երեկվա հաղորդագրությունում Քոչարյանի վիրավորվածության դրսեւորումներից դուրս տեղին էր նաեւ արձագանքը Հրազդանի 5-րդ էներգաբլոկն ամբողջությամբ սուբսիդավորմանն ուղղելու մասին Մովսիսյանի հայտարարությանը: «Այն ժամանակվա եւ ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի կնքումից հետո, այսինքն` օրինական հիմքի վրա: Հիմա` հետին թվով, ի հաշիվ գազի դիմաց կուտակված փաստացի պարտքի»:
Քոչարյանի գրասենյակը չէր դիմացել նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հակադարձելու գայթակղությանը: Ի պատասխան Անդրանիկ Մարգարյանի շիրիմին այցելելու մասին Աշոտյանի հարցադրմանը՝ Քոչարյանի գրասենյակը նկատել էր. «Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսեւորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ` հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության` տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն եւ ոչ այնքան իր համար, այլ նաեւ այն թիմի, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները»: Սա արդեն «թիմին թասիբի գցելու» ուղղակի մեսիջ է` միակ տղամարդու ոճով:




Լրահոս