ԴԺԲԱԽՏ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ֆրանսիական մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացի կասեցման համար Թուրքիայի իշխանություններն անցած մեկ տարվա ընթացքում ծախսել են 100 միլիոն դոլար: Գաղտնիք չէ, որ այդ հարցում իր մեծ եղբորը բավականին լուրջ նավթադոլարային աջակցություն է ցույց տվել նաեւ Ադրբեջանը: Ու որքան էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը միայն իրեն ներհատուկ «իրատեսությամբ» հայտարարի, թե Հայաստանի երջանկությունն է, որ մենք նավթ չունենք, առնվազն ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակիցները հաստատ այդ երջանկությունը սրտանց մաղթում են բացառապես Տիգրան Սարգսյանին, քանի որ նրանց մեծ մասն աշխատում է ֆինանսական ծայրահեղ սուղ միջոցներով: Մենք հաճախ ենք քննադատում արտգործնախարարության աշխատանքը` դժգոհելով գրանցված արդյունքներից, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ մեր շարքային դիվանագետները հաճախ անում են անհնարինը: Որպեսզի ավելի ցցուն լինի պատկերը, բավական է ներկայացնել ընդամենը մեկ թվային համեմատություն: Օրինակ` ըստ մեր հավաստի տեղեկությունների` Ադրբեջանի արտգործնախարարության արտաքին քարոզչության տարեկան բյուջեն կազմում է 56 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ որքա՞ն է կազմում Հայաստանի արտգործնախարարության համապատասխան բյուջեն` մոտ 50 հազար ԱՄՆ դոլար: Ահա այսպիսին է նավթ չունենալու «երջանկությունը», որի արդյունքում ՀՀ դեսպանների պաշտոնին երբեմն նշանակում են այնպիսի ոչ դիվանագետ, քաղաքական դեմքերի, որոնք կարող են հոգալ ինչ-ինչ ծախսեր: Առկա իրավիճակում մեր միակ հույսը Սփյուռքն է, որին, սակայն, ՀՀ նախաձեռնողական արտաքին քաղաքականության կնքահայրերը վերջին տարիներին հուսախաբ են արել: Այս տխուր պատկերն ամբողջացրեց օրերս մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ ՀՀ իշխանությունները որոշել են 400 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառել ՀՀ արտգործնախարարության շենքը, քանի որ այնտեղ առկա պայմանները  (ՉՌՊՌՑպ սՌ) չեն համապատասխանում անհրաժեշտ չափորոշիչներին: Այսինքն` բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր «սարի սմբուլը». մեր նախաձեռնողական դիվանագիտության բոլոր հոգսերը հոգացել էինք, մնացել էր հիմնականում պաշտոնյաների բալիկներով համալրված արտգործնախարարության անձնակազմի համար հարմարավետ «օֆիսի» կառուցումն ու հյուրերի համար «ներկայացուցչական» շենքային պայմաններ ապահովելը: Հետաքրքիր է, այդ ում աչքն ենք ուզում դրսից հանել` ներսից հանելով մերը: Միգուցե ավելի անկեղծ կլիներ պարզապես խոստովանել, որ երկրի տնտեսության վիճակը վատ է, շտապ փող է պետք, իսկ այդ շենքն էլ կոնկրետ մի օլիգարխի դուրը շատ է եկել… Որքան էլ ցավալի է, սակայն կասկածից դուրս է, որ նման տեմպերով վաղ, թե ուշ մենք տանուլ ենք տալու, ու մեզ չի փրկելու անգամ Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը, քանի որ, ի վերջո, էլ նախաձեռնելու բան չի մնա:




Լրահոս