ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԳՆԴԱՊԵՏԸ

Արդեն մի քանի օր է, ինչ անակնկալ կերպով հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը, ով Էրեբունի վարչական շրջանի նախկին ոստիկանապետն էր եւ այդ պաշտոնին էր առաջադրվել իր քավորի՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ջանքերով:
Երբ Էրեբունու ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Ավետիք Մկրտչյանը, երկար ժամանակ աշխատանք չուներ: Տարբեր միջնորդությունների արդյունքում վերջապես մոտ 2 տարի հետո Մկրտչյանի համար աշխատանք գտնվեց ՀՀ ԱԻՆ-ում. նրան այդ հնարավորությունը տվեց նախարար Արմեն Երիցյանը, որը ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր, ճանաչում էր Մկրտչյանին:
Ինչո՞ւ է Ա. Մկրտչյանը հեռացել աշխատանքից: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԻՆ լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը պատասխանեց, թե Մկրտչյանի հրաժարականը կապված է վերջինիս կողմից առողջական լուրջ խնդիրներ ունենալու հանգամանքի հետ: Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ սրտի վիրահատության ենթարկված Ա. Մկրտչյանը նորից բուժման կարիք էր զգում եւ այդ պատճառով էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկացնենք, որ Մկրտչյանը սրտի վիրահատության է ենթարկվել 2008-ին:
Իսկ ահա «Հրապարակ»-ը 2014թ. փետրվարի 1-ին գրել էր, որ ԱԻ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում ստուգումներ են անցկացվում, եւ ԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել այդ գործերով, դրա համար էլ Մկրտչյանը հրաժարականի դիմում է գրել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԱԾ-ում դեռեւս նման գործ չկա հարուցված: Ու քանի որ խոսքը պաշտոնյայի մասին է, ուստի փորձեցինք պարզաբանումներ ստանալ Հատուկ քննչական ծառայությունից: Սակայն այս գերատեսչությունից չպատասխանեցին «Ժողովուրդ» օրաթերթի ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր հարցերին, ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե Մկրտչյանի կամ նրա ղեկավարած տեսչության մասով ինչ քրեական գործ է հարուցված:
Ինչեւէ, փորձենք վերհիշել, թե ով էր գնդապետ Ավետիք Մկրտչյանը ոստիկանությունում աշխատած տարիներին: Ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի՝ «երիտասարդ տարիներին Ավետիք Մկրտչյանը Էրեբունիում ոստիկանության թաղային տեսուչ է աշխատել եւ երբ մի անգամ իրեն «խելոք չի պահել», հայտնի թաղային հեղինակություն Փայլակը նրան մի քանի օր գցել է իր տան բակի շան բունը` «դաստիարակվելու» համար»:
Էրեբունիում ոստիկանության թաղային տեսուչ Ավետիք Մկրտչյանը, շարքային քննիչից բարձրանալով Էրեբունու ոստիկանապետի պաշտոնին, հընթացս ձեռք է բերել Աղվես Ավո մականունը: Ու, չնայած նրա ուսադիրների վրա եղած աստղերի լրջությանը, ոստիկանապետի աթոռի առկայությանը, Մկրտչյանը երկու անգամ Էրեբունու իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկվել ոստիկանության շենքում: Ըստ մամուլի որոշ տեղեկությունների` ոստիկանապետին առաջին անգամ ծեծի էին ենթարկել մի խումբ ղարաբաղցիներ, որոնք Ավետիք Մկրտչյանի կողմից հրավիրվել էին Էրեբունու բաժին` որպես մեղադրյալ հարցաքննվելու. Մկրտչյանն իրեն պարկեշտ չէր պահել հարցաքննության ժամանակ, ինչի համար էլ մարդիկ հաշվեհարդար էին տեսել նրա հետ: Մյուս դեպքը եղավ այդ տարիներին Էրեբունու թաղապետ, այժմ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ոչ անմիջական մասնակցությամբ: Ոստիկանապետն ու նրա աշխատակիցները ծեծի ենթարկվեցին Թոխմախի Մհերի տղաների կողմից, որոնք նույնպես հրավիրվել էին ոստիկանություն Աղվես Ավոյի կողմից:
Սակայն քաջնազարյան վարքագիծ ունեցող այս պաշտոնյայի փանոսյան ձախորդություններն այսքանով չեն ավարտվում: Հիշեցնենք, որ Ավետիք Մկրտչյանի անվան հետ էին կապվում նաեւ 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ընտրական տեղամասում թիկունքից հարվածելու, ինչպես նաեւ այդ նույն տեղամասում հենց ոստիկանապետի անմիջական ներկայությամբ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին ծեծի ենթարկելու միջադեպերը:
Աղվես Ավոյի այս «քաջագործությունները» վերջնականապես լցրին շատերի համբերության բաժակը, եւ, ի վերջո, իշխանության նյարդերը տեղի տվեցին: ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով 2009-ի հունիսին Ավետիք Մկրտչյանն ազատվեց Էրեբունու ոստիկանապետի պաշտոնից: Որոշ ժամանակ հետո պաշտոնանկ եղավ նաեւ Ավոյի քավորը՝ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
Անկասկած, չստացված ոստիկանը չէր կարող հաջողել նաեւ արտակարգ իրավիճակներում՝ այն էլ տեսչական գործառույթներ իրականացնելիս: Նա վերահսկում էր շատերին, իսկ իրեն վերահսկողներն էլ գտան աշխատանքային թերություններ, որոնց հետագա բարդություններն իր մաշկի վրա չզգալու համար Մկրտչյանը գերադասեց վերցնել A4 ֆորմատի մի թուղթ եւ ներկայացնել հրաժարականի դիմում: Դե իսկ առողջական պատճառաբանությունը միշտ կա ու կա:

ՍԱԻԴ ԱՎԴԱԼՅԱՆ

 

 

 

 

 
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ ՀԱՆՑԱՆՔԸ

ԱԺ քառօրյան երեկ բավական թեժ մեկնարկեց. ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ որպես Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի, հիշեցրեց նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ բուհի մի քանի ուսանող ուսխորհրդի ՀՀԿ-ական ղեկավարի գլխավորությամբ հարձակվել էին լրագրողների վրա` թույլ չտալով ներկա գտնվել ու լուսաբանել այդ իրադարձությունը:
«Այդ խուլիգանության մասնակիցները լուսանկար ունեն Սերժ Սարգսյանի հետ, Ձեզ հետ, եւ մի՞թե դա նշանակում է, որ Ձեր կամ Սերժ Սարգսյանի հետ լուսանկարված անձինք ունեն ինդուլգենցիա՝ ՀՀ քրեական օրենսգիրքը խախտելու»,-հայտարարեց Փաշինյանը` հավելելով, որ այս դեպքում գործ ունենք ՔՕ առնվազն երկու հոդվածի խախտման հետ: Մեկը, ըստ նրա, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, մյուսը խուլիգանության հոդվածն է: Ավելին, ըստ Փաշինյանի՝ ՀՊՏՀ-ն ոչ թե բուհ է, այլ խուլիգանների որջ:
Աբրահամյանն էլ սկսեց արդարացնել տեղի ունեցածը. «Ձեզ մոտ դարձել է սովորույթ, որ փորձում եք վիրավորել մարդկանց: Ճիշտ չէ անձերին կամ կառույցներին վիրավորելով` Ձեր իմիջը բարձրացնել»: Նա նշեց, որ եթե, ըստ իրավապահների, որեւէ օրինախախտում տեղի է ունեցել, ինքը պատրաստ է պատժել մեղավորներին, բայց եւ հավելեց, որ խուլիգանություն տեղի չի ունեցել: Նկատենք, սակայն, որ Հովիկ Աբրահամյանը պատգամավորի հարցին պատասխանելիս Փաշինյանի մատնանշած դրվագներից հերքեց միայն խուլիգանության հանգամանքը, իսկ ահա լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին նա որեւէ խոսք չասաց: Նշանակում է, որ նաեւ Աբրահամյանը հաստատեց փաստը. մնում է՝ որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ՝ դիմում գրի ՀՀ ոստիկանություն կամ դատախազություն՝ որպես օրինապահ քաղաքացի խնդրելով քրեական գործ հարուցել կատարված հանցագործության առիթով:

Թ. Մ.

 

 

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԿԵՂԾԵԼ Է

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Մարզպետ Հարությունյանը վնասի հատուցման պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել Բագրատաշենի գյուղապետարանի դեմ: Նա համայնքապետարանից պահանջում է 269 հազար դրամ: Բագրատաշենի բնակչի խոսքով` 2010թ. ՀՀ վերահսկիչ պալատի ստուգումներով պարզվել է, որ իր ընտանիքի հաշվին են գրվել բազմաթիվ անասուններ, ինչի պատճառով իրենք զրկվել են ընտանեկան նպաստից: Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունը հայց է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, որպեսզի ստացած ընտանեկան նպաստի գումարը Մ. Հարությունյանից ետ գանձվի: Սակայն դատարանը, գործը քննելով, պարզել է, որ Մ. Հարությունյանը մեղավոր չէ, եւ հայցը մերժել է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մ. Հարությունյանը հայտնեց, որ ինքն ընդամենը մի կով ունի, սակայն իր անվան դիմաց գյուղապետարանի աշխատողը մեծ թվով անասուններ է գրել, հետո էլ արդարացել, թե շփոթել է գյուղապետարանի հաշվառման գրքի տողերը: Ուստիեւ դիմելով դատարան` Մ. Հարությունյանը գյուղապետարանից պահանջում է իր չստացած ամիսների նպաստի գումարը: Նշենք, որ ներկայումս երկու անչափահաս երեխաներ ունեցող Մ. Հարությունյանի ընտանիքը ընտանեկան նպաստառու է:
Սույն գործով հունվարի 30-ի դատական նիստում Բագրատաշենի համայնքապետարանի շահերը ներկայացնում էր իրավաբան Վանիկ Հարությունյանը: Նրա միջնորդությամբ որպես գործի 3-րդ կողմ ներգրավվել էր սոցիալական ծառայություններ մատուցող Նոյեմբերյանի տարածքային մարմինը: Մ. Հարությունյանը միջնորդեց, որպեսզի Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը դատարանում հանդես գա որպես պատասխանող կողմ, քանզի հարցեր կան, որոնց նա պետք է պատասխանի: Վանիկ Հարությունյանը, սակայն, առարկեց` ասելով, որ պատասխանող կողմն ինքն է որոշում, թե ով պետք է դատարանում ներկայացնի իր շահերը: Ակնհայտ էր, որ Մ. Հարությունյանը եւ տրված լիազորագրով որպես հայցվոր հանդես եկող նրա կինը` Արփիկ Հարությունյանը, չունենալով փաստաբան եւ քաղաքացիական իրավունքից բավականաչափ գիտելիքներ, չէին կարողանում լիարժեք պաշտպանել իրենց շահերը: Դատավոր Ա. Խաչիկյանը ստիպված էր ժամանակ առ ժամանակ նրանց համար պարզաբանումներ անել: Նա հայցվորներին ասաց, որ եթե գյուղապետարանի աշխատակցի կողմից գյուղապետարանի գրքում անասունների թվի կեղծիք է եղել (ինչպես պնդում է հայցվոր կողմը), ապա դրա համար հայցվորը կարող է դիմել իրավապահներին, քանի որ դա ներկայացված քաղաքացիական հայցի շրջանակներից դուրս է: Դատավոր Խաչիկյանը դատը հետաձգեց` հաջորդ նիստը նշանակելով փետրվարի 20-ին: Դրանից հետո Մ. Հարությունյանը հայցից հրաժարվելու դիմում գրեց: Պատճառն այն է, որ այդ դեպքում հայցվորն իրավունք ունի նույն գործով հետագայում հայց ներկայացնել: Ներկայումս Մ. Հարությունյանը գումար չունի փաստաբան վարձելու եւ դատարանում իր շահերը պատշաճ կերպով պաշտպանելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս