«Ընդդիմություն չկա, պրովոկատորներ են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը, ով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել ընկերոջ հորը թունավորելու փորձի մեղադրանքով, հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին Վանաձոր ՔԿՀ-ից:

Ըստ նրա` մեր երկրում ընդդիմություն որպես այդպիսին չկա. «Այն, ինչ կոչվում է հրաշալի քառյակ, տո չգիտեմ, «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, ՄԱԿ, դրանք ընդդիմություն չեն, պրովոկատորներ են»:

Հիշեցնենք, որ Արկադի Վարդանյանը 2000 թվականին Մոսկվայից մեծ գումարներով Հայաստան եկավ, բազմամարդ հանրահավաքներ անցկացրեց. քիչ էր մնում իշխանափոխություն աներ Հայաստանում, սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով բանտարկվեց, ապա արտաքսվեց: Տարիներ անց նա կրկին Հայաստան եկավ, դարձյալ կալանավորվել է:

-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում առկա իրավիճակը:

-Առկա իրավիճակի օբյեկտիվ գնահատականը ներկայացնելու համար կարծում եմ` անհրաժեշտ է ուշադիր դիտարկել և վերլուծել դրա զարգացման պատմական արմատները: Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ եւ սկզբունքային փոփոխության ենթարկվեց 1998թ, երբ, ինչպես հայտնի է, երկրում տեղի ունեցավ հակասահմանադրական հեղաշրջում: Սահմանադրական կարեւոր դրույթի ոտնահարման արդյունքում իշխանական գլխավոր լծակները հայտնվեցին, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանի ձեռքերում:

Կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ կլանի պարագլուխներն առաջնորդվում են իրենց դաստիարակած Ադրբեջանի կոմկուսի և կոմերիտմիության ավանդական սկզբունքներով: Ստանձնելով իշխանությունը երկրորդ նախագահը արտասանեց բազմաթիվ գեղեցիկ խոսքերի մի ամբողջ փունջ, որոնցից որևէ մեկը չկատարեց և մտադիր էլ չէր կատարել:

Դրանով իսկ նա կանխամտածված խաբելով կատարեց առանձնապես ծանր հանցագործություն, քանզի ցանկացած ոլորտում, իսկ քաղաքական իշխանության ասպարեզում առավելեւս, չկա եւ չի կարող լինել առավել խոշոր հանցանք, քան կեղծը որպես ճշմարտություն ներկայացնելը:
Թե իր վարչապետության ընթացքում, թե հետագայում նախագահի պաշտոնին, իրեն Հայաստանի միակ տղամարդը հռչակած այդ անձնավորությունը ոչ միայն չփորձեց բացահայտել ֆինանսատնտեսական քրեական աղմկոտ բազում հանցագործությունները, այլ դրանց ավելացրեց սեփականները: Ինչը հանդիսանում է ևս մի ծանրակշիռ ապացույց Հայաստանն ավերելու նրա շահագրգռվածությանը:

Կոպիտ խախտելով նախագահական երդումը ինքնահռչակ խանը գործնականում կատարելապես ավերեց Հայաստանի ներքաղաքական դաշտը: Նա կաթվածահար արեց քաղաքական կուսակցություններին, Աժ ընդդիմադիր խմբերին, առանձին պատգամավորների գործունեությունը: Այսպիսով, այդ տիպիկ արեւելյան բռնապետի ջանքերով Հայաստանում, ըստ էության, ավարտվեց դասական դեգեներատիվ ընտրախավի գործընթացը, երբ ղեկավար դերերը, կենսաապահովման կարևորագույն ֆունկցիաները իրականացվում են կամ հանցագործ, կամ անբարո, կամ անիրազեկ ու անպարկեշտ անձանց կողմից:

Իսկ ընդդիմությունը վերակերպարանավորվում է դառնալով անբովանդակ, իրենց նույնիսկ ընդդիմություն անվանելու խիզախություն չունեցող դատարկախոսների ակումբ: Ակնհայտ է, որ նույն ապակառուցողական ազգադավ քաղաքականությունը, այն էլ ավելի ընդգծված դրսեւորումներով, շարունակվում է մինչ օրս:

-Ի՞նչ ելք եք տեսնում Ձեր նկարա•րած տխուր իրավիճակից:
-Ստեղծված պայմաններում արդյունավետ ներքաղաքական կյանքի կենդանացումը հնարավոր է բացառապես համախմբված քաղաքացիական շարժման կտրուկ եւ հետեւողական ակտիվացման միջոցով: Այստեղ դերակատարությունը բաժին է ընկնում ազնիվ, պարկեշտ, հայրենասեր երիտասարդներին, ովքեր այսօր արդեն գիտակցում են ազատագրական ճակատի ստեղծման անհրաժեշտությունը:

-Ընդդիմությոնը հայտարարել է, որ քաղաքական աշունը թեժ է լինելու:
-Ընդդիմություն, որպես այսպիսին, ես մեզանում չեմ տեսնում, չկա: Այն, ինչ կոչվում է հրաշալի քառյակ, տո չգիտեմ, Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, ՄԱԿ, դրանք ընդդիմություն չեն, պրովոկատորներ են: Ընդդիմությունը կարող է լինել այս քաղաքացիական շարժումների շրջանակում, որտեղ կան կարգին մարդիկ:

-Վերջին շրջանում սահմանում իրավիճակը լարված էր: Սակայն երկու նախագահների հանդիպումից հետո կարծես խաղաղվել է:

-Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման ճանապարհին, ի թիվս այլ բարդույթների, հստակ նշմարվում են առավել դժվար հաղթահարվող հետեւյալ հիմնական խոշընդոտները:
Առաջինը` այդ նույն Ղարաբաղյան կլանի ապաշնորհ քաղաքականությունն է, որի հետեւանքով ԼՂՀ-ն արհեստականորեն դուրս մղվեց բանակցային գործընթացից:

Երկրորդ խնդիրը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ապօրինի ավտորիտար համակարգի գոյատևման երեկարատև ձգումն է, ընդ որում` այդ ձգման ամենաարդյունավետ երաշխիքների շարքին է պատկանում հենց հիմնախնդրի չլուծման հարցը և, այպես ասած, ստատուս քվոյի անվերջ թվացող պահպանումը:

Այստեղ կարևոր է նաև Ռուսաստանի գործոնը, որը նույնպես խոչընդոտ է հանդիսանում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ճանապարհին: Արկածախնդիր կայսերական մոլուցքով առաջնորդվող պուտինյան վերնախավը, իհարկե նախընտրում է անվերջ երկարաձգել ստատուս քվոն, ինչը Ռուսաստանի համար իր ռազմավարական ազդեցությունը տարածաշրջանում չկորցնելու միակ լծակն է: Ղարաբախյան հիմնախնդիրը խաղաղ լուծում չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում շարունակվում է հակաժողովրդավարական ավտորիտար համակարգերի իշխանությունը:

-Պարոն Վարդանյան, երբեւէ հարց տվե՞լ եք Ձեզ` ինչո՞ւ այսքան դաժան պատժի ենթարկեցին:

– Այն անհեթեթ ու անհիմն քրեական հետապնդումը, որը նախաձեռնվել է իմ դեմ, ոչ այլ ինչ է, քան հաշվեհարդար: Կատարվածը 2000թ. հոկտեմբերի 30-ին իմ գլխավորած հակաքոչարյանական հանրահավաքի ավարտից հետո ինձ ապօրինի ձերբակալման և ակնհայտ քաղաքական դրդապատճառմներով աբսուրդային քրեական մեղադրանք առաջադրելու տրամաբանական շարունակությունն է:

Պատահական չէ, որ 2013թ. մայիսի 18-ին հարուցված շինծու գործի հետաքննության ընթացքում ԱԱԾ քննիչը և այդ կառույցի քննչականի պետը համառ ջանքերով ինձ համոզում էին ստորագրել ինչ-որ տարօրինակ մի փաստաթուղթ` իբր ես պետք է համաձայնեմ իշխանությունների համար այն օրերին տխուր ավարտ ունեցող քրեական գործը կարճել: «Վանաձոր» ՔԿՀ-ում ես այնպիսի պայմաններում եմ գտնվում է, որը հավասարազոր է մահապատժի: Ես դիմել եմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և Եվրոպական դատարանի որոշումը մեծ ապտակ է լինելու Հայաստանի իշխանությունների համար:

Քնար Մանուկյան




Լրահոս