ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Գարեգին Նժդեհի փողոցում

Նման տեսարանները վաղուց եւ բոլորի համար արդեն սովորական են դարձել: Խնդիրն այն է, սակայն, որ ամեն օր համացանցում եւ հեռուստատեսությամբ ցուցադրվող ահասարսուռ կադրերից մարդիկ հետեւություններ չեն անում եւ ալկոհոլն ու բարձր արագությունը մեր շատ վարորդներին մշտապես ուղեկցում է:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է հայցային վաղեմությունը։ Եվ խնդրում եմ ասեք, սեփականության իրավունքի պաշտպանության համար դիմելու ինչպիսի՞ ժամկետներ են նախատեսված:

Գայանե Արզումանյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայցային վաղեմությունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում իրավունքը խախտած անձի հայցով կարող է պաշտպանվել այդ իրավունքը: Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, որը հաշվարկվում է այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման մասին: Նախատեսվում են նաեւ առանձին պահանջների նկատմամբ կրճատ կամ ավելի երկար ժամկետներ: Հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է դատարան հայց ներկայացնելով: Պետական կամ այլ մարմիններին դիմելը հայցային վաղեմության ընդհատում կամ կասեցում չի առաջացնում: Հայցային վաղեմությունը չի տարածվում`
– սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջի վրա, թեկուզեւ այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ.
– պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն ակտերը անվավեր ճանաչելու՝ սեփականատիրոջ պահանջների վրա, որոնցով խախտվել են սեփականատիրոջ` գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքները:

«Լեգալ Էքսպերտ» իրավաբանական խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հնարավորինս պարզ ներկայացված է: Հուսանք՝ այն որոշ չափով կօգնի մեզ դիմած քաղաքացուն:

 
ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը զինվորական հաշվառման գրանցամատյանը չի հաշվառում, ապա այդ դեպքում գործատուն որեւէ վարչական պատասխանատվության ենթարկո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպիսի։

Ինեսա Հարությունյան (35 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն` զինապարտների կողմից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հիշեցնենք, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածների համաձայն`
-զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան), զորակոչիկների (18-27 տարեկան) եւ պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային եւ զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է:
-Զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:
-Աշխատող եւ սովորող զինապարտների զինվորական հաշվառումը կատարվում է նաեւ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում եւ ուսումնական հաստատություններում:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման դեպքերում սահմանված նախազգուշացումներն ու տույժերն անխուսափելի են: Հետեւաբար յուրաքանչյուր գործատու պարտավոր է քաջատեղյակ լինել իր իրավունքների ու պարտականությունների մասին՝ գոնե իր իսկ գրպանին չվնասելու համար:




Լրահոս