ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿՈՄԵԴԻԱ ՆԿԱՐՈՒՄ ԵՆ ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ»

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանի հետ մեր զրույցը ծավալվեց հայկական կինոյի խնդիրների, ծրագրերի շուրջ։ Պարզեցինք, որ նա Ազգային կինոկենտրոնի կազմակերպած ամենամյա «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության ժյուրիի նախագահն է եւ զբաղված է այդ աշխատանքներով։

-Ես զբաղված եմ «Հայակ» ազգային կինոմրցանակի նախապատրաստման եւ կազմակերպման աշխատանքներով, քանի որ ես շատ եմ ցանկանում, որ այն կայանա եւ օժանդակի ազգային կինեմատոգրաֆի զարգացմանը, այլ ոչ թե միայն մեր անձնական ամբիցիաները բավարարի: Դրա նախադրյալները մենք դրել ենք դեռեւս անցյալ տարի եւ շատ ենք ցանկանում հույս փայփայել, որ այս տարի ամեն ինչ կլինի ոչ պակաս նշանակալի, օբյեկտիվ եւ տոնական: Դրան գումարած` ես նաեւ զբաղված եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համար կինոնկարների ընտրությամբ։ Բանն այն է, որ ես փառատոնի խաղարկային կինոնկարների հիմնական մրցույթի սելեկցիոն հանձնաժողովի նախագահն եմ:
-Հայաստանում արդեն տասը տարի անցկացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այն ի՞նչ է տալիս հայ կինոսերներին, ռեժիսորներին:
-«Ոսկե ծիրան»-ն այսօր միջազգային մասշտաբի կարեւոր մշակութային բրենդ է, եւ դժվար թե դրան կարելի է հասնել հենց այնպես, կախարդական փայտիկի շարժումով։ Դա երկարատեւ քրտնաջան աշխատանքի արդյունք է, որը թույլ է տալիս աշխարհի կինեմատոգրաֆիական քարտեզի վրա ունենալ սեփական ազգային ուրվագծերը։ Դա, այսպես ասած, ձեռքը այսօրվա կինեմատոգրաֆի զարկերակի վրա պահելու հազվադեպ հնարավորություն է։ Ու նաեւ երիտասարդ հանդիսատեսին կինեմատոգրաֆի ստեղծագործությունների հետ ծանոթացնելու հնարավորություն, որոնք տեսնելու այլ շանս նա չունի: Հույս ունեմ, որ Դուք այնքան նաիվ չեք, որ մեր «պրոկատում» ցուցադրվող բլոկբաստերները շփոթեք կինոարվեստի հետ: Եվ հենց դա է «Ոսկե ծիրանի»-ի գլխավոր գործառույթը:
-Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ոչ մի կերպ չի կարողանում ընտրել այն գեղարվեստական ֆիլմերը, որոնք պետք է ֆինանսավորվեն: Դա, ըստ Ձեզ, այդքան դժվա՞ր է:
-Այո՛, ես կարծում եմ, որ դա բարդ խնդիր է: Գուցե նաեւ վիճելի: Վիճելի այն պարզ պատճառով, որ ֆիլմի համար գումար ստանալու հնարավորությունն ակտիվացրել, բարձրացրել է ամենահնարավոր սպեկուլյանտների մի հսկայական ալիք կոնկրետ թեմայի շուրջ, որոնք մինչ այդ էլ բավականին շատ էին։ Ես կտրականապես չեմ հասկանում հատուկ տարեթվերի հետ կապված ոգեշնչումը: Ստեղծագործողը կա՛մ հետաքրքրվում է թեմայով, կա՛մ չի հետաքրքրվում, եւ ի՞նչ տարբերություն, թե այսօր որերորդ տարելիցն է: Ուստի կարծում եմ, որ հանձնաժողովն իմաստուն է գործել` չնայած չեմ բացառում, որ պարզապես փող չկա: Ես անձամբ երբեք ոչինչ հատուկ ինչ-որ տարեթվի հետ չեմ կապել:
-Եթե Ձեզ առաջարկեին, ինչպիսի՞ ֆիլմ կնկարեիք Ցեղասպանության մասին։
-Բնական է, այդ թեման ինձ հուզում է եւ նույնիսկ՝ շատ: Ավելին, ես հանգիստ արտագրում, ավարտին եմ հասցնում «Իմ մոր հրեշտակներ»-ի սցենարը՝ օրացույցին չնայելով։ Ու չգիտեմ՝ երբեւէ կկարողանա՞մ նկարահանել իմ պապի փրկության զարմանալի պատմությունը: Դա մի ցնցող պատմություն է, որն ինձ նվիրել է իմ պապը, եւ ես հիշում էի այն վեց տարեկան հասակից: Ես, իհարկե, դրամատուրգիական նկատառումներով այն մի քիչ փոխել եմ։ Հույս ունեմ, որ այն աշխարհում պապս ինձ շատ չի հայհոյի դրա համար: Ես շատ եմ ցանկանում նկարահանել այդ ֆիլմը: Չնայած դժվար է նախօրոք կանխագուշակել` հետեւելով այսօրվա հայկական կինոյում կատարվող գործընթացներին: Անկեղծորեն ասած, լավատեսությունն այնքան էլ շատ չէ: Հանդիսատեսին խեղդում են կոմեդիաներով, որոնք նկարահանում են հումորի զգացում չունեցող մարդիկ (ի դեպ, համաշխարհային կինոյում սա բացառիկ դեպք է):

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ՞ ԱԶՆԱՎՈՒՐԻ 90-ԱՄՅԱԿԸ

Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle գործակալությունը` վկայակոչելով գերմանական մեկ այլ՝ dpa գործակալությանը, մեր հայրենակից, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյակը կնշի Գերմանիայում։ Հենց ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, նա «Լեգենդը վերադառնում է» խորագրով համերգ կտա Բեռլինի O2 World բաց մարզադաշտում (Die Legende kehrt zurՖck): Իսկ շանսոնյեի երկրորդ համերգը նախատեսված է մայիսի 24-ին Ֆրանկֆուրտում:
Իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր հայրենակցին սիրում ու գնահատում են ամբողջ աշխարհում, ու չի բացառվում, որ նրա 90-ամյակը նշելու այլ առաջարկներ էլ հնչեն աշխարհի տարբեր երկրներից։ Ի դեպ, նկատի ունենալով թուրքական խորամանկ դիվանագիտությունը՝ չի կարելի բացառել, որ նման առաջարկ կարող է արվել հենց Թուրքիայից։ Դե, իսկ մեր հայրենակիցն էլ պարզապես հերթական անգամ կայցելի իր նախնիների հարազատ վայրերը։ Ոչ ոք դրանում նրան չի կարող մեղադրել, իսկ Թուրքիան էլ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իրեն ձեռնտու եւ մարդկանց աչքերին թոզ փչելու հերթական քայլը կանի։ Ինչպես որ անում է գրեթե բոլոր բնագավառներում։
Իսկ մեր հայրենի իշխանությունները, մասնավորապես ՀՀ մշակույթի, սփյուռքի, ինչու չէ, արտաքին գործերի (չէ՞ որ Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է) նախարարություններն ինչպե՞ս են պատրաստվում նշել մեր մեծ հայրենակցի 90-ամյակը։ Ընդհանրապես նման մտադրություն ունե՞ն։
ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից, մեր հարցմանն ի պատասխան, նշեցին, որ այդ մասին դեռեւս ոչինչ չեն կարող ասել, եւ խոստացան տեղեկություն հայտնել մոտակա օրերին։
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչությունից էլ ասացին, որ դեռեւս 2009թ. նախարարության «Մեր մեծերը» նախագծի շրջանակներում, ի թիվս մեր ազգի այլ մեծերի, նշվել է նաեւ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը։ Ընդ որում, տեղի է ունեցել միջոցառումների մի ամբողջ շարք։ Դպրոցները նույնպես ընդգրկվել են այդ շրջանակներում։ Թողարկվել են համապատասխան գրքույկ, DVD… Ինչ վերաբերում է Շառլ Ազնավուրի 90-ամյակին նվիրված միջոցառումներին, ապա դրանք անպայման կանցկացվեն, սակայն վերջնական ծրագիրը դեռեւս պատրաստ չէ։ Դրանով զբաղվում է սփյուռքի նախարարության մշակույթի բաժինը։
Մեզ չհաջողվեց պատասխան ստանալ ԱԳՆ-ից, թեեւ քիչ հավանական է, որ այն շատ տարբերվեր մյուս երկուսից:

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՄԻԱՅՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎՏԲ-Հայաստան բանկի Private Banking-ի աջակցությամբ ջազային երգչուհի Զառա Մարկոսյանը թողարկել է նոր ձայնասկավառակ: Երգչուհու դեբյուտային` «Jazz With Me» CD-ում ընդգրկված է հայ եւ արտասահմանյան հեղինակների 8 երգ. Էլվինա Մակարյանի, Խաչատուր Ավետիսյանի, Ջոն Ուիլյամսի եւ այլոց ստեղծագործությունները Զառան կատարում է իր տարբերակով: ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսեւը նշել է, որ 1000 օրինակով թողարկված ձայնասկավառակները վաճառքում չեն լինի, դրանք անվճար կտարածվեն բանկի Private Banking-ի հաճախորդներին:

 

ՀԱՆՈՒՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ

Ռուսական շոու բիզնեսի հայազգի աստղ Միխայիլ Գալուստյանը պատրաստ է Սոչիի օլիմպիադայում փոխարինել հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյին: «Ինձ թողեք գեղասահքը: Առավել եւս, որ համապատասխան փորձ ունեմ: Գուցե մեդալ չշահեմ, բայց որ հանրությունը կպառկի ծիծաղից, երաշխավորում եմ: Չէ՞ որ այնտեղ արտիստականության համար գնահատական կա: Դե, դրանք բոլորն իմը կլինեն: Այնպես, ինչպես ես եմ վայր ընկնում, ոչ ոք չի կարող»,-ասել է Գալուստյանը, որը, ի դեպ, օլիմպիական ջահակիրների թվում է: Նրանից բացի՝ օլիմպիական կրակը տանելու են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն, տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովը, «Խնայբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը, երաժիշտ Յուրի Բաշմետը, երգիչ Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովը, հաղորդավարներ Նիկոլայ Դրոզդովը, Վլադիմիր Պոզները եւ այլ հայտնիներ:

 

ՍԿԱՆԴԱԼԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Բիլ Քլինթոնը կրկին հայտնվել է սիրային սկանդալի կիզակետում: Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը եւ բրիտանական ծագմամբ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Հերլին սիրավեպ ունեն: Այդ լուրերի համաձայն` Հիլարի Քլինթոնը տեղյակ է ամուսնու հերթական սիրային կապի մասին: Ինքը` Հերլին, հերքել է այդ տեղեկությունը: Դերասանուհին «Թվիթեր»-ում գրել է. «Ինչ անհեթեթ ու հիմար պատմություններ են իմ ու Բիլ Քլինթոնի մասին: Լրիվ սուտ է: Փատաբաններս կպարզեն՝ ինչն ինչոց է»:




Լրահոս