ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է

Ինչպես հայտնի է, փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը սկանդալային է եղել: Բանը հասել է անգամ նրան, որ եվրոպական կողմի նախաձեռնությամբ չեղյալ է հայտարարվել Եվրախորհրդարանի նախագահի անունից հրավիրված ճաշը: Այնուհետ եվրոպացիները Ղարաբաղի հարցով ոչ հայանպաստ ձեւակերպումներով ելույթներ են ունեցել` Հայաստանին մեղադրելով կարգավորման գործընթացը ձախողելու մեջ: Ավելին, հնչել է առաջարկ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինելու մասին: Իսկ երբ հայկական պատվիրակության անդամները փորձել են հակադարձել, նրանց պարզապես դա թույլ չեն տվել: Արդյունքում` նիստն ավարտվել է առանց համատեղ հայտարարության ընդունման, ինչն աննախադեպ երեւույթ է:

 
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ է խճճվել իր հայտարարությունների մեջ: Այն բանից հետո, երբ իշխանությունները մերժեցին ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների` գազամատակարարման ոլորտում պետական պարտքի եւ գազի գնի ձեւավորման ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, մեկ օր անց Աբրահամյանն ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, եւ մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար` ժամանակավոր, ստեղծելու ենք եւ բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման»: «Ժողովուրդ»-ը պարզեց, սակայն, որ Աբրահամյանը ոչ թե ցանկանում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, այլ դեռ պետք է խորհրդարանական ուժերի հետ քննարկի, թե ինչ ձեւաչափով ուսումնասիրեն բարձրացված խնդիրը: Ու չի բացառվում, որ ցուցադրական խորհրդակցությունից հետո այս հարցը պարզապես վիժեցվի, ու որեւէ իրական քննարկում տեղի չունենա:

 
Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխին կուտակված մութ ամպերը չեն ցրվում: «Ժողովուրդ»-ը 2013թ. ապրիլի 23-ին հրապարակել էր, որ Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի աշակերտ Լիդիայի մայրիկին` Նատալյա Սարգսյանին, քանի որ աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել: Իհարկե, տնօրենը հերքում էր եւ հայց ներկայացրեց դատարան` Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Նատալյան էլ իր հերթին նույն հայցով դատարան դիմեց՝ նաեւ պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում: Բացի այդ՝ Նատալյան ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն նրան մերժել էին, եւ քրեական գործ չէր հարուցվել: Նա դիմել էր առաջին ատյանի դատարան, ապա՝ ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ բողոքը բավարարվել էր, եւ վերջերս ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշով (ծեծ):

 
Պետական գերատեսչությունները բավական մեծ միջոցներ են ծախսում ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար: Այս առումով բացառություն չէ նաեւ Արամ Հարությունյանի ղեկավարած ՀՀ բնապահպանության նախարարությունը: Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, այս գերատեսչությունը ծրագրել է 2014թ. ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար ծախսել ավելի քան 6 մլն դրամ: 800 հազար դրամ էլ նախարարությունը պատրաստվում է ծախսել համակարգչային սարքերի, իսկ 200 հազար դրամ էլ` շենքում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման ու պահպանման համար: Ի դեպ, տեսակետ կա, որ այդ նպատակով գումարներ դուրս գրելը ՀՀ պետական բյուջեի միջոցներից «ատկատ» անելու լավագույն տարբերակներից մեկն է:

 

 

 

 

 
ԿԱԶՈՒՍԱՅԻՆ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, ինչպես երեւում է, ավելի լուրջ մարտահրավեր է դառնալու իշխանությունների համար, քան նրանց ի սկզբանե թվում էր: Առավել եւս, որ հարցի հետ կապված չկա միասնական մոտեցում նաեւ ՀՀ պետական բոլոր ինստիտուտներում: ՍԴ հունվարի 24-ի որոշման կապակցությամբ օրերս հայտարարություն էր արել ՀՀ Կենտրոնական բանկը` նշելով, որ այդ որոշմամբ ՍԴ-ն պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Ուստի ԿԲ-ն հորդորել էր «ձեռնպահ մնալ ՀՀ ՍԴ որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետեւանքները, թերեւս, ավելի ծանր կլինեն եւ կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարները միանվագ կատարելու պարտավորությանը»:
ԿԲ կողմից ՍԴ որոշման նման մեկնաբանությունը անցած օրերին ընդդիմությունը որակեց որպես անհարգալից վերաբերմունք Սահմանադրական դատարանի նկատմամբ: Իսկ երեկ արդեն ԿԲ հայտարարությունը, ըստ էության, հակասահմանադրական որակեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասելով. «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքների, այլ նաեւ սահմանադրական համապատասխան սահմանումներին է դեմ գնացել: Որովհետեւ որեւէ գործատու, որեւէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ` նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի: Ոչ մեկը չի կարող 3 ամսվա աշխատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»:
Այսպիսով` ի՞նչ է ստացվում. ՀՀ քաղաքացիներից 23 տարվա վստահության ավանս պահանջող ՀՀ կառավարությունը, դեռեւս օրենքի կիրառումը չսկսած, արդեն իսկ հայտնվել է փակուղում: Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես հավաստիացնում էր Սերժ Սարգսյանը, կառավարությունն ամբողջ 10 տարի ուսումնասիրություններ է արել` հաշվարկելու համար բոլոր ռիսկերն ու հնարավոր անցանկալի հետեւանքները: Սա՞ է կառավարության հաշվարկը, երբ ընդամենը ՍԴ դիմելու պարզագույն մեկ քայլով առաջ եկավ այսպիսի կազուս: Այն աստիճան, որ այս համակարգի «հայր» հռչակված սոցապ նախարարը ամբողջ տասը րոպե չէր կարողանում պատասխանել լրագրողի մեկ պարզագույն հարցին` ի վերջո, գործատուներն իրավունք ունե՞ն պահումներ չկատարել, քանի դեռ չկա ՍԴ վերջնական որոշումը: Այսպիսով` սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ՀՀ կառավարման համակարգում «շունը տիրոջը չի ճանաչում»:




Լրահոս