ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մարաշի նախկին անտառապատ լանջում (հեռուստաաշտարակի տարածք)`  Երեւանի «թոքերից» մեկում, որը խուզվեց ու վերածվեց փշատերեւ անապատային թփուտներով մերկ լանջի, վեր են խոյացել երկու խոշոր նոր շենքեր, մեկը` անմիջապես մեջտեղում: Խոսում են, որ այդ լանջը քաղաքապետարանը վաճառել է, եւ այն շուտով կառուցապատվելու է: Ինձ հետաքրքրում է քաղաքապետարանի վերաբերմունքը: Վաճառքի մասին տեղեկությունս որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

Սերժիկ Այվազյան, 42 տարեկան, ինժեներ

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 18.08.2006թ. համար 1302-Ա որոշմամբ` Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային նշանակության որոշ (այդ թվում` քննարկվող) տարածքների նպատակային նշանակությունը դասակարգվել է որպես «բնակավայրերի» կատեգորիայի հողեր:
Երեւանի քաղաքապետի 11.10.2006թ. համար 1619-Ա որոշմամբ ՀՀ կառավարության վերը նշված որոշումը տեղայնացվել է:
Մշակվել են «բնակավայրերի» կատեգորիայի դասակարգված, այդ թվում եւ քննարկվող հատվածի հողամասերի կառուցապատման սխեմաները, եւ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի պահանջների` դրանք բնակելի եւ հասարակական կառուցապատման նպատակով ներկայացվել են աճուրդային կարգով վաճառքի:
Նույն սկզբունքով օտարվել են Նորք-Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցին հարակից լանջի հողամասերը, որտեղ համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա կառուցվում են Ձեր կողմից նշված բնակելի եւ հասարակական նշանակության շինությունները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` մեր ընթերցողի անհանգստությունը տեղին է, ու որքան էլ ցավալի լինի, հեռուստաաշտարակի շրջակայքում սկսված բետոնապատման գործընթացն առաջիկայում նոր թափ ու նոր ծավալներ է ստանալու:  Իսկ Երեւանի երբեմնի «կանաչ թոքերի» վերականգնման մասին, չնայած իրենց իսկ բազմաթիվ խոստումներին, քաղաքային իշխանությունները մոռացել են:




Լրահոս