Երբ «Չաթլախ»-ը շարունակում է «Ղալաթ» անել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «

ՀՀ արդարադատության չստացված նախարար Հրայր Թովմասյանը մայիսի 26-ին ԱԺ-ում աշխատակազմի ղեկավար է նշանակվել: Եվ ինչպես նախարար դառնալու առաջին ամիսներին, հիմա էլ ԱԺ-ում է փորձում նորարարություններ անել, սակայն դարձյալ չի ստացվում:

Երբ Հրայր Թովմասյանը աշխատակազմի ղեկավար նշանակվեց, իր հիմնական թիրախը համարեց լրագրողներին, որոնց հագուկապից սկսած մինչեւ մասնագիտական ունակությունները դուր չէին գալիս նրան: Ամեն ինչ ուզում էր փոխել: Սակայն «ատամը չկտրեց» եւ նահանջեց՝ բավարարվելով միայն հայտարարությամբ, թե իրենք կոչ կանեն խմբագիրներին, որպեսզի առավել փորձառու եւ իրավաբանական գիտելիքներ ունեցող մասնագետների հավատարմագրեն ԱԺ՝ աշխատանքները լուսաբանելու համար: Իսկ ինչո՞ւ էր Թովմասյանը թիրախավորել լրագրողներին:

Բանն այն է, որ նախկին նախարարն իր բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում էր լրագրողներին: Ամեն անգամ, երբ նրա չստացված մտքերը լրագրողները հրապարակում էին, Թովմասյանը չհասկացված էր մնում, ասում էր, թե լրագրողները սխալ են գրել: Անգամ երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը նրան հրապարակավ «չաթլախ» անվանեց՝ հղում անելով բացատրական բառարանին, Թովմասյանը ոչ թե Ռուստամյանից նեղացավ, այլ լրագրողներից: Բայց այս հրապարակման առիթը Թովմասյանի պաշտպան տուզիկներին է վերաբերում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի գործունեությանը անդրադառնալու առիթ դեռ կունենանք:
Պարզվում է՝ Հրայր Թովմասյանն իր հետ խորհրդարան է տարել այնպիսի աշխատակիցների, որոնք պետք է ԱԺ-լրագրողներ ավանդական բաց ու թափանցիկ համագործակցության հիմքերը արմատախիլ անեն: Նոր «ձեւ դնեն» ԱԺ-ում. եթե որեւէ մեկը համարձակվի Հրայր Թովմասյանի կամ նրա կողմից ցուցակագրված մարդկանց մասին որեւէ տառ գրել լրատվամիջոցներում, տուզիկները պետք է հարձակվեն ու «քլնգեն» լրատվամիջոցին:

Երեկ «Ժողովուրդ»-ը մի լուր էր հրապարակել այն մասին, որ «ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ ԱԺ նախագահների տարեկան ժողովին: Այստեղ ուշագրավն այն է, որ Նաղդալյանը Օսլո է մեկնել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը»:

Այս լուրը, պարզվում է, դուր չի եկել պետության հաշվին շրջագայություններից վերադարձած Հրայր Թովմասյանին, ով, ըստ ամենայնի, հրահանգել է իր «տուզիկներին» հարձակվել մեր օրաթերթի վրա՝ բնականաբար համացանցով, բնականաբար՝ մեծամասամաբ կեղծ օգտատերերի անուններով: Իսկ ո՞վ պետք է ստանձներ «տուզիկային հարձակման» ղեկավարումը. դե իհարկե, «հազար տիրոջ ծառա» Արսեն Բաբայանը: Նա մի քանի օր է, ինչ նշանակվել է մեր երկրի խորհրդարանի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ: Արսենը համացանցում ինչ-որ անհեթեթ մտքեր էր գրել, հետո կազմակերպեց, որ կեղծ օգտատերերը բացեն հասարակական զուգարան հիշեցնող իրենց բերանը, ապա իմաստուն Արսենը սկսեց ջնջել վիրավորական մեկնաբանությունները՝ շարունակելով անձնական տեսակետի հրապարակումը:
Իհարկե, կարելի էր եւ չարձագանքել Արսենին, քանի որ նրան վաղուց շատ- շատերը լուրջ չեն համարում: Տարիներ շարունակ նա փորձում էր բարձրացնել ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչության վարկանիշը, չստացվեց, հետո գնաց ՀՀ ամենավարկաբեկված համակարգ՝ դատական դեպարտամենտ՝ դարձյալ նրանց «հեղինակությունը փրկելու» խոստումներով, բայց, ինչպես հայտնի է, դա էլ չստացվեց: Հիմա էլ Ազգային ժողովում պետք է PR անի, սակայն արդեն ձախողման տանող մարտավորություն է ընտրել, քանի որ թշնամանքով համացանցում «ստատուս» գրելը չի օգնի Հրայր Թովմասյանի կամ, ընդհանրապես, ԱԺ-ի վարկանիշի բարձրացմանը:
Հիմա ամենակարեւորի մասին. ո՞վ է Արսեն Բաբայանի «տանիքը»: Նա համարվում է ՀՀ իշխանական դաշտին «խոսնակներ մատակարարող ընկերության» «սեփականատեր» Արա Սաղաթելյանի հիմնական գործիքը: ՀՀ նախագահի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանն է շատ հաճախ Բաբայանի ձեռքով փորձում իրեն չենթարկվող ԶԼՄ-ներին «քլնգել» համացանցում, որպեսզի բոլոր լրատվամիջոցներին դարձնի «միշիկյան կորպորացիայի» անդամ: Չի ստացվելու: Խաղաղվեք, պարոնայք: Մենք մեր աշխատանքն ենք իրականացնում՝ բարեխիղճ եւ օբյեկտիվ: Մի՛ փորձեք շեղել մեզ: Ծիծաղելի եք դառնում:

Հ. Գ. Հուսանք՝ Հրայր Թովմասյանը կհրահանգի շտկել թույլ տրված «ղալաթը»:
Թամարա Միքայելյան»:




Լրահոս