Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում ՀԱԿ-ի ղեկավարները նախընտրական հանդիպում ունեցան: Այն վարող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում հանդիպմանը, քանի որ ճնշման տատանումներ ունի: Ն. Փաշինյանի խոսքերով՝ ինքը մամուլում կարդացել է Նոյեմբերյանում Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, որ նա ասել է. “ամենալավ ապրող մարզն եք “: Այդ առթիվ Փաշինյանը հայտարարեց.”Ժողովուրդ, ես ճիշտն ասած, անհանգստացած եմ, որ նման բան է ասել, ուրեմն ինչ-որ բան ուզում է փակել, ինչ-որ բան ձեռներիցդ ուզում է առնի”: Նա հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի մասին, ով Երեւանի քաղաքապետարանում հայտարարել էր՝ նստել եք փողի վրա եւ փող եք ուզոււմ, ու դրանից հետո Երեւանի կենտրոնի բնակիչներին իրենց տներից հանեցին: Հռետորը խոսեց Բագրատաշենի շուկայի փակման մասին, ուր նոյեմբերյանցիները աշխատելով՝ “յոլա էին գնում, կոպեկ աշխատում”, հավելելով՝ “իրենց նպատակը մեկն է՝ բոլոր կոպեկները իրենք են ուզում աշխատել”: Նա անդրադարձավ 1998-ից հացահատիկի ներկրման, աղալու եւ իրացնելու ոլորտներում աստիճանաբար մտցված մենաշնորհներին. սկզբից մենաշնորհ մտցվեց հացահատիկի ներկրման, հետո՝ ալրաղացների բնագավառում, ապա ՝ փռերը վերցրին, այնուհետեւ՝ թխած հացի վաճառքը, “խանութներն են իրենց վերցնում”, այդ առթիվ նկատելով.”Պարապ մնացած տղամարդկանց ուղարկում են Ռուսաստան, որ այստեղ մնացածներին փող ուղարկեն, որ տնեցիները իրենց թխած հացը գնելու փող ունենան”: Նիկոլ Փաշինյանի վկայությամբ՝ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որ նպատակ է դրել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի բացահայտումը: Բանախոսը ասաց, որ իշխանությունը “արյան մեջ թաթախված” է, թե ինչու են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը “կառչած իշխանությանը”.”Իշխանությունը միակ լծակն է, որ կարող է ապահովել, որ նրանք չբնակվեն քրեակատարողական հիմնարկում: Եվ դրա համար նրանք Հայաստանն են դարձնում քրեակատարողական հիմնարկ, որ իրենք այդ հիմնարկի նայողը լինեն: Ես դեռ Կոշից եմ այդ մասին հոդված գրել, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահը չէ, Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձրել է զոն ու կիսագողական, կիսամենթական մի քանի բաշիբոզուկների հետ իրեն նայողի տեղ է դրել: Դու, Սերժ Սարգսյան, նայելու ես եւ նայելու ես քառակուսի ճաղապատ վանդակներով պատուհանից: Անպայման նայելու ես, ու ես Նոյեմբերյանում դա ձեզ խոսք եմ տալիս, Ռոբերտ Քոչարյանն էլ կողքի կամերից է նայելու բովանդակ Հայաստանին”: Նոյեմբերյանի Ազատության հրապարակում հավաքվածները հավանության բացականչություններով եւ ծափահարություններով էին ընդունում ՀԱԿ-ի ղեկավարների կրքոտ ելույթները:
Դու, Ս.Սարգսյան, նայելու ես ճաղապատ պատուհանից, Ռ. Քոչարյանն էլ կողքի կամերից է նայելու.Փաշինյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ