ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ ՈՒ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱԼՈՒ»

Մոտ տասը տարի պայքարելուց հետո, օրերս Երեւանի Արամի փողոցի 72-80 հասցեում բնակարանների բազմակի վաճառքից տուժած բնակիչները, վերջապես, ստացան իրենց բնակարանները: Իհարկե` հիմնականում ոչ այդ հասցեում եւ ոչ էլ քաղաքի փոքր կենտրոնում, այլ` Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում: Սակայն, այդուամենայնիվ, շուրջ 476 ընտանիքի համար օրեր առաջ տեղի ունեցած բնակարանամուտը տոն էր, քանի որ տուժած քաղաքացիներն արդեն կորցրել էին սեփական բնակարան ունենալու իրենց վերջին հույսը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2013թ. ապրիլի 4-ին որոշում ընդունեց Արամի 72-80 հասցեում կառուցապատողների գործունեությունից տուժած բնակիչներին բնակարաններ տրամադրել Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում եւ Արամի փողոցում կառուցապատված շենքերում: Այսօր արդեն Արամի փողոցում կառուցված շենքում բնակիչներին ավելի քան 100 բնակարան է տրամադրվել, իսկ Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում` 292: Ի դեպ, բնակարանները տրամադրվել են այն քաղաքացիներին, ովքեր գումար են վճարել նախկին կառուցապատողին բնակարանը գնելու համար, եւ նրանց, ովքեր բնակարաններ են ունեցել այդ հասցեում, սակայն դրանք գերակա շահ են ճանաչվել, քանդվել են եւ իրացվել:
Հարկ ենք համարում նշել, որ այդ շենքերում նախկինում բնակարանների կրկնակի-եռակի եւ մինչեւ անգամ հնգակի վաճառքի դեպքեր էին եղել, ինչը հետագայում սկանդալային պատմության վերածվեց: Այս առիթով, 2011 թ. դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցվեց քրեական գործ: Բացի այս, անբարեխիղճ կառուցապատող «Գապբնակշին» ՍՊԸ-ի պատասխանատուներն արհեստականորեն Արամի շենք էին տեղափոխել նաեւ իրենց կողմից կիսավարտ կամ դեռեւս շինարարությունը չսկսած այլ շենքերի գնորդների եւ իրացվող տարածքների սեփականատերերի: Արդյունքում մեկ բնակարանը վաճառվել էր ընդհուպ մինչեւ 8 գնորդի: Այս ամենից հետո 476 ընտանիք կանգնեց բնակարանի ձեռքբերման համար վճարած գումարները կորցնելու շեմին:
Այնուհետեւ ձերբակալվեց «Գապբնակշին»-ի 63-ամյա հիմնադիր տնօրեն Գագիկ Պապոյանը: Նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց խարդախությամբ մոտ 1 մլն դոլարի (407,4 մլն դրամ) հափշտակության համար:
Սրան զուգահեռ մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր, ըստ որոնց՝ բնակարանների բազմակի վաճառքի պատմությանը խառնված է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Ըստ այդ լուրերի՝ Հ. Հովսեփյանը Արամի 72-80 շենքերում երկու տասնյակից ավելի բնակարանների է տիրացել, որոնք ձեւակերպել է իր եւ տարբեր հարազատների անուններով:
Թեեւ այս խոսակցություններից ամիսներ անց Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ իր ազգականներն այդ շենքերում բազմաթիվ բնակարաններ չունեն, այնուամենայնիվ, անգամ այդ հավաստիացումից հետո մամուլը կրկին չդադարեց նրա մասին խոսել: Հովսեփյանի պնդմամբ՝ այդ շենքում իր անունով կար ընդամենը 2 բնակարան, եւս մեկական բնակարան էլ` իր երկու քույրերինն էր՝ գնված դեռեւս 2006 թվականին:
Ի դեպ, բացի Հովսեփյանից, այս պատմության մեջ շրջանառվեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի անունը, ով նույնպես բնակարաններ էր ձեռք բերել այս շենքում: Բայց Փամբուկյանն, ի տարբերություն Հովսեփյանի, հաստատել էր, որ ինքն այս շենքում իր բարեկամների անուններով բնակարաններ ունի:
Այսպիսով, շենքի շինարարությունը դեռ չսկսած, Փամբուկյանը 2005 թվականին Արամի փողոցի հիշյալ շենքերը կառուցապատող «Գապբնակշին» ընկերությանը բանկով փոխանցել էր 2 մլն դոլար: Եվ այս գումարի դիմաց Փամբուկյանի ընկերների, ազգականների անուններով Արամի փողոցի 72-80 շենքերում ձեւակերպվել էին բնակելի եւ առեւտրային տարածքներ: Նրանց թվում էր նաեւ Փամբուկյանի մտերիմ ընկեր եւ գործընկեր Հակոբ Հովսեփյանը, ով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովահաննես Հովսեփյանի մոսկվաբնակ եղբայրն է:
Թեեւ տուժած քաղաքացիների մեծ մասն արդեն բնակարան է ստացել, այնուամենայնիվ, այս շենքերի բնակարանների պատմությունը դեռ շարունակվում է կապվել նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովահաննես Հովսեփյանի հետ: Ի վերջո, ի՞նչ կապ ունի նա այս շենքի բնակարանների հետ կամ ինչո՞ւ էր հենց նա ներկա բնակարանների բացման արարողությանը:
Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի մամլո խոսնակ Լուսինե Մկրտչյանի հետ, ով ասաց. «Այս հարցով նախագահի հանձնարարականով ստեղծված է եղել միջգերատեսչական հանձնաժողով, որը կազմված էր տարբեր գերատեսչությունների ղեկավարներից, պատասխանատու անձանցից, ում հանձնարարվել էր այդ մարդկանց բնակարանների խնդիրը լուծել: Իսկ Հովսեփյանն էլ Հանձնաժողովի կազմում է ընդգրկված»:
Թեեւ տարիներ են անցել, բայց միեւնույն է՝ Հովսեփյանի անունը կրկին շրջանառվում է այս պատմության մեջ: Ի՞նչ է մտածում այս մասին Հովհաննես Հովսեփյանը: Մեր այս հարցին ի պատասխան, նրա մամլո խոսնակը հավաստիացրեց. «Դրանք բոլորը անհարկի շահարկումներ են եղել, սխալ ինֆորմացիաներ: Ինքը դեռ մեկ տարի առաջ այս թեմայի շուրջ ներկայացրել է իր պարզաբանումը եւ միաժամանակ նշել, որ դրանք անհարկի թեմաներ են»:
«Ժողովուրդ»-ը փորձեց նոր բնակարան ստացած բնակիչներից հետաքրքրվել, գո՞հ են իրենց նոր բնակարաններից, թե՞ ոչ: Բնակիչ Սոնա Մաղաքյանը «Ժողովուրդ»-ին պատասխանեց. «Այսքան տարիներ պայքարելուց հետո լուծումը լավ էր: Այս հարցը կարող էին շատ ավելի վաղ լուծել, բայց չէին անում: Մինչդեռ այս ընթացքում մեր բնակիչների մի մասը մահացավ՝ ընկնելով սթրեսների մեջ, մյուս մասն էլ՝ սրտի կաթված ստացավ, շաքարախտ հիվանդություն ձեռք բերեց: Ի դեպ, բնակիչների մի մասն էլ ստիպված հուսահատված արտագաղթեց: Ծանր նստեց մեզ վրա: Միեւնույն է՝ ոչինչ չենք մոռացել ու չենք մոռանալու»:
Նշենք, որ այս բնակարանները ձեռք բերելու համար տուժած քաղաքացիները ստիպված են եղել յուրաքանչյուր քառակուսու համար 200 դոլար լրավճար տալ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

«ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

Իսպանիայի Վալենսիա քաղաքն արդեն տասը տարուց ավելի է՝ ունի հայկական համայնք, կիրակնօրյա հայկական դպրոց, նաեւ` տպագիր մամուլ՝ շնորհիվ Արարատ Ղուկասյանի, ով, 15 տարի առաջ գաղթելով հայրենիքից, ստեղծել է «Արարատ» հայկական միությունը:

Վալենսիայի հայկական համայնքի նախագահը մի քանի օր է հայրենիքում է: Սեպտեմբերի 18-ին Ա. Ղուկասյանի հարազատ քաղաքում՝ Հրազդանում, տեղի ունեցավ նրա հեղինակած «Փնտրտուքների ճանապարհին» գրքի շնորհանդեսը: Այն ընդգրկում է հեղինակի ավելի քան 40 ստեղծագործություններ, որոնք բավականին մեծ աշխարհագրություն ունեն՝ Հրազդանից մինչեւ Եվրոպա եւ հակառակը:
Ղուկասյանն իր առաջին բանաստեղծությունը՝ «Երազը», գրել է 14 տարեկանում: Հետագա դպրոցական, համալսարանական եւ զինվորական տարիներն անջնջելի հետք են թողել նրա բազմաժանր աշխատությունների վրա: Բանաստեղծի որոնումների ճանապարհի գլխավոր հերոսը ժամանակն է:
Շնորհանդեսի ընթացքում բանաստեղծը մանրամասն ներկայացրեց ժողովածուի լույս տեսնելու պատմությունը՝ նշելով, որ դրանում մեծ դեր է ունեցել գրող Ալեքսանդր Սոսնովսկին:
Նշենք, որ, սեպտեմբերի 17-ին Ա. Ղուկասյանը հյուընկալվել էր ՀՀ Գրողների միությունում, որտեղ ժամանակակից գրողների ներկայությամբ կայացավ գրքի հերթական շնորհանդեսը, իսկ մինչ այդ «Փնտրտուքների ճանապարհին» գրքի առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել Մոսկվայում եւ Վալենսիայում՝ 100-ից ավելի վալենսահայերի ու պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՍՏՈՒՅԳ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԳՐՎԱԾ
12-13-րդ դարերի նշանավոր Գոշավանք վանական համալիրի հրապարակում վանքի պատմության մասին կույրերի համար նախատեսված, 5 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն գրառումներ կան: Դրանք փորագրություններ են, որոնք շոշափելով կարդում են կույրերը: «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ, Գոշի բնակիչ Արծրուն Հովսեփյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու սովորական քաղաքացիների համար գրառումների վահանակներ չկան: Ա. Հովսեփյանն ասաց, որ այդպիսի վահանակներ եղել են, սակայն դրանք, բովանդակային առումով, բազմաթիվ սխալներ են պարունակել: Այդ պատճառով էլ հանվել են: Հետաքրքիր է` կույրերի համար նախատեսված տեքստում այդ սխալները չկա՞ն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒ ԿՆՈՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի ու նրա կնոջ՝ Գոհար Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 2 մլն դոլարը: Բնականաբար` խոսքը պաշտոնապես հայտարարագրված ունեցվածքի մասին է, իսկ իրականում քչերն են կասկածում, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից է:
Եվ այսպես` Տիգրան Սարգսյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2013թ. նա ունեցել է 36 միլիոն 423 հազար դրամ եկամուտ: Հաշվետու տարում նախկին վարչապետն ունեցել է 5,5 միլիոն դրամ եւ 952 հազար դոլար: 2013թ. նա վերանշանակվեց վարչապետի պաշտոնում, եւ այդ առիթով ներկայացրած հայտարարագրում նշել էր 2 բնակարան, 2 անհատական բնակելի տուն, 1 ավտոտնակ եւ 1 հողամաս: Սարգսյանի կնոջ՝ Գոհար Սարգսյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները տարեսկզբից մինչեւ տարեվերջ աճել են 11 հազար դոլարով եւ 30 հազար եվրոյով:
2013-ի սկզբին Գոհար Սարգսյանն ունեցել է 138 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ 149 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Նա նաեւ փոխառություններ է տալիս, ինչի շնորհիվ 2013թ. տոկոսների տեսքով 4,5 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել:

 

 




Լրահոս