ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԼՐՋՈՒԹՅԱՆ ՀՈՄԱՆԻՇ

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ոչ պակաս, քան խայտառակություն դժվար է բնութագրել: Նա երեկ կեսօրին հերքում էր մի բան, որից պարզապես տեղյակ չէր: Ճիշտ այնպիսի անպատասխանատվությամբ, ինչպիսին դրսեւորում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Ընդհանրապես անտեղյակությունը, անտարբերությունն ու անհավես աշխատանքը Հայաստանի պետական համակարգում դարձել է առօրյա: Ու առավել ողբերգական է, երբ պետական պաշտոնյաները վարձատրվելով մեր՝ հարկատուներիս հաշվին, փորձում են սեփական անտեղյակության ու տկարության պատճառները բարդել հենց մեզ վրա:
Սեպտեմբերի 18-ի համարում «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր տեղեկություն, որն ամբողջացնում էր Հայաստանի անլրջությունը դիվանագիտական աշխատանքի նշանակված մարդկանց նկատմամբ: Այդ փոքր լուրը ցույց էր տալիս, որ մեր երկրում կարեւորագույն հարցերն անկարեւորից չեն տարբերվում ու դեսպանի աթոռին հայտնվում են մարդիկ, որոնց «խաթրը» պարզապես պետք է առնել:
Եվ այսպես՝ գրել էինք. «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ նա կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ` իր պատկերը` գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով` ծանրաձողը բարձրացրած: Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որեւէ կերպ պե՞տք էր վրացիներին «հասկացնել», որ լեգենդի հետ գործ ունեն»:
Լրատվամիջոցներից մեկն այս հրապարակումից հետո խիստ անհանգստացել էր: «Վարդանյանի տարօրինակ նվերը չի՞ առաջացնի հայ-վրացական հարաբերությունների լարում»,-հետաքրքրվել էր «Շաբաթ» էլեկտրոնային կայքը: Ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր. «Ես չեմ կարծում, որ արժե ընդհանրապես անդրադառնալ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներին, հատկապես ԱԳՆ-ի գործունեության վերաբերյալ, քանի որ դրանք հիմնված են բամբասանքների եւ մտացածին տեղեկատվության վրա»:
ԱԳ խոսնակը, որ ՀՀ պետական բյուջեից աշխատավարձ է ստանում, կոստյում հագնում, փողկապ կապում, որպեսզի ապահովի նախարարության եւ հասարակության ու լրատվամիջոցների կապը, հաղորդի անհրաժեշտ պաշտոնական տեղեկություն, իրեն նեղություն չէր տվել անգամ ծանոթանալու հենց դեսպան Վարդանյանի խոսքերին: Երեկ կեսգիշերին մեր գործընկերները՝ 00:15-ին համացանցում տեղադրել էին հարցազրույցը դեսպան Յուրի Վարդանյանի հետ, որտեղ նա ուղղակի հաստատում էր «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած տեղեկությունը:
Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իր՝ կարմիր կիսանդրավարտիքով, ծանրաձող բարձրացնելիս նկարը գեղեցիկ շրջանակի մեջ նվիրել է ոչ միայն Վրաստանի արտաքին գործերի նախարարին, այլեւ Վրաստանի նախագահին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Յուրի Վարդանյանը: Նա նշել է, որ կարող էր թանկարժեք կոնյակ նվիրել, բայց քանի որ ՎՀ արտգործնախարարը կին է, ճիշտ համարեց գինի նվիրելը, երկրորդ անգամ հնարավոր է կոնյակ տանի: Դեսպանն ասել է, որ շատ ջերմ հանդիպում են ունեցել եւ բացի դիվանագիտական թեմաներից, արտգործնախարարը խոսել է նաեւ Յուրի Վարդանյանի՝ իրենց սպորտաշխարհին օգնելու, ներդրում ունենալու հնարավորության մասին:
«Նույն բանը նախագահին եմ նվիրել, նույն նկարը իրեն եմ տվել, եւ եթե ընդհանրապես նախագահի մոտ մնում են 10-12 րոպե, ես մնացել եմ մոտ ժամուկես, այդ ընթացքում ոնց որ ես անհարմար զգայի, որ այդքան նրան զբաղեցնում եմ, իսկ նախագահն անընդհատ հարցեր էր տալիս, հետաքրքրվում, ես եմ այդ մարդուն ասում՝ պարոն նախագահ, չէի ուզենա ձեր ժամանակը չարաշահել, ես ինքս եմ առաջարկել վերջացնել այդ հանդիպումը»,-ասաց դեսպանը»,- գրել է news.am-ը:
Կարծում ենք, որ այս հարցազրույցը ընթերցելուց հետո մեր ընթերցողներից յուրաքանչյուրն իրավունք ունի կասկածելու, որ ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը բամբասանք տարածող, անլուրջ ու պետության գլխին անիմաստ բեռ դարձած, ծառայողական ավտոմեքենա զբաղեցնող մի չինովնիկ է, ով ադեկվատ պահվածքից զուրկ է: Նա չի գիտակցում իր խոսքի արժեքն ու պաշտոնի լրջությունը:
Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ում անլրջությունը կարծես թե ավելի վերեւից եկող պահվածք է, քանի որ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն էլ 2009 թվականին դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ասում էր, թե հայ-թուրքական արձանագրությունների մեջ նախապայմաններ չկան եւ դրանք անհրաժեշտ է վավերացնել: Ավելի ուշ պարզվեց, որ նա ստում էր: Ավելին՝ այդ արձանագրությունները մինչեւ հիմա չեն ստորագրվել:
ՀՀ արտգործնախարարությունն անտեղյակ էր նաեւ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից: Ազգային խայռատակություն հիշեցնող այդ իրադարձությունը տեղի ունեցավ, որից հետո նոր հայկական կողմը թմբիրից արթնացավ: Նույնիսկ այդ շրջանում լուրեր էին պտտվում, թե դեսպանատան աշխատակիցներն այնքան անփույթ են եղել, որ այդ թեմայով ստացված ֆաքսերը հանկարծ հայտնվել են աղբարկղում:
Եվ երբ համադրում ենք ԱԳՆ-ի անգործությունն ու դիվանագիտության հետ առնչություն չունեցող մարդկանց կատարած դիվանագիտական աշխատանքի մակարդակը, մնում է գրել ընդամենը մեկ նախադասություն. այս մակարդակի պետական գերատեսչությունից ինչպե՞ս կարելի է լրջություն ակնկալել:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԵՆ ՏԱ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կոնդի բնակիչները, ովքեր երկար տարիներ պայքարում են իրենց բնակարաններին տիրանալու համար, օրերս հանդիպել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կոնդեցիներն այդքան էլ գոհ չեն եղել հանդիպման արդյունքներից, քանի որ նախարարն այս անգամ արդեն այլ պայմաններ է առաջարկել: Բնակիչների պնդմամբ՝ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ նրանք, ովքեր բնակարան չեն ցանկանում Կոնդի թաղամասում, կարող են փոխհատուցում ստանալ` գումարի տեսքով: Սակայն Նարեկ Սարգսյանը բնակիչների հետ վերջին հանդիպմանը հայտարարել է, որ փոխհատուցում չի լինելու, բնակիչները կարող են միայն բնակարան ստանալ: Ասել է թե՝ փոխհատուցում տալն այդքան էլ եկամտաբեր չէ պետության համար:
Ի դեպ, Ն. Սարգսյանը բնակիչներին տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ից կսկսվի Կոնդի կիսակառույց շենքի շինարարությունը:

 

ԺԱՄԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2014թ. հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 95 561 մարդ, ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 30.4 տոկոսով: Իսկ ահա 2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 495 967 զբոսաշրջիկներ, 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3տոկոսով:
Ի դեպ, ԱՎԾ-ի տվյալներով` 2014թ. հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնողների թիվն ավելի քիչ է, քան ժամանողների: Այսպիսով, հանրապետությունից մեկնել է 474 989 մարդ, ինչը 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.8 տոկոսով:
Տեղեկացնենք, որ 2014թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 28.6 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 34.6-ը` ԵՄ երկրներին, իսկ 36.8-ը` այլ երկրներին:

 

ՇԱՏ ԼՈՒՐՋ
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում տեղի է ունեցել ոչ իշխանական 3 ուժերի նիստ, որի ժամանակ քննարկվել է մարզային հանդիպումների եւ հանրահավաքի օրակարգը: «Հայաստանի 8 քաղաքներում շատ լուրջ հանրահավաքներ կանցկացնենք: Ստեղծել ենք եռակողմ համատեղ կառույցներ, որոնք էլ կնախապատրաստեն հանրահավաքները: Սա դառնալու է շրջադարձային կետ Հայաստանի քաղաքական գործընթացների համար»,- նիստից հետո հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նկատենք, սակայն, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք կուսակցությունների առաջնորդները կմասնակցե՞ն այդ «շրջադարձային» հանրահավաքին:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՈՉ ԹԵ ՀԻՆԳ, ԱՅԼ ԳՈՒՑԵ` ՏԱՍՆՀԻՆԳ
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը Քառյակի մյուս ուժերին չի առաջարկել համատեղ հանրահավաքը հետաձգել 5 օրով: Այս մասին NEWS.am-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Մեր գործընկերներն առաջարկեցին սպասել հոկտեմբերի 15-ից հետո, մինչեւ իշխանությունները կարձագանքեն ՀՅԴ-ի առաջարկներին՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հետ: Իսկ այդ արձագանքը կարող է լինել նոյեմբերի 20-ին, հունվարի 1-ին, ընդհուպ հանրաքվեից մի քանի օր առաջ: Հասկանալի է, որ հոկտեմբերի 15-ին՝ ուղիղ ժամը 18:00-ին, արձագանքը չէր լինի»,- պարզաբանել է Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը լրագրողներին վստահեցրել էին, որ իրենք առաջարկել են հանրահավաքը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 15-ը, սակայն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը չեն համաձայնվել:

 

ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
«Իտալիայի եղբայրներ՝ ազգային դաշինք» իտալական կուսակցության առաջնորդ Ջորջիան Մելոնին աշխարհի քրիստոնյաների նկատմամբ հետապնդումների դեմ արշավի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել է սպիտակ ապարանջան, որի վրա պատկերված է արաբական «ն» տառը: Այն, հիշեցնենք, «Իսլամական պետության» զինյալները փակցրել են Մոսուլի քրիստոնյաների տներին: Խորհրդանշական նվերը նախագահին հանձնվել է Հռոմի սբ. Բարդուղիմեոս բազիլիկա այցի ավարտին, որտեղ հանգչում են Հայող ցեղասպանության զոհերի մասունքները: Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում Ս.Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ «Արեւելքի առակը. Քրիստոնեությունը նոր հազարամյակի խնդիրների առջեւ» ֆոտոցուցահանդեսին:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Երեկ ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ ՀՀ դատախազության համակարգում երկարամյա, անբասիր ծառայության համար Արամ Թամազյանին պարգեւատրել է հուշանվերով եւ շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Կոստանյանը, ընդգծելով նախկին տեղակալի պրոֆեսիոնալ արժանիքները, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրա աշխատանքի արդյունքը տեսանելի կլինի նաեւ նոր աշխատավայրում:

 

ՀՐԱՎԻՐԵԼ Է
Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը երեկ առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ եւ նրան հրավիրել 2015 թվականին այցելել Հայաստան։ Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Սրբազան Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը:

 




Լրահոս