Ինչ հասցրեց կուտակել Արմեն Գևորգյանը վեց տարիների ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ի վերջո հաստատվեց Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումը: Հայտնի է, որ նա աշխատելու է մասնավոր սեկտորում, սակայն մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Նրա հրաժարականի մասին տեղեկություններ հրապարակվել էին դեռ մի քանի շաբաթ առաջ: Ինչպես հայտնի է, նա համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրը և մեծ դերակատարում է ունեցել վերջինիս նախագահության տարիներին:

Ռ. Քոչարյանից հետո նրան չազատեցին զբաղեցրած պաշտոնից և կարողացավ թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարություններում աշխատել որպես փոխվարչապետ:

Նա այս տարիների ընթացքում կարողացել է էականորեն  բարելավել իր կարողությունը և նոր կապիտալ ձեռք բերել: Ներկայացնենք վերջին մի քանի տարիների ժամանակ ներկայացված ունեցվածքի և գույքի մասին հայտարարագրի տվյալները: 2012թ. ներկայացրած հայտարարագրում նա ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցներն էլ այնքան շատ չեն եղել. 10 հազար դոլար և մեկ միլիոն դրամ: Հաշվետու տարում նա կարողացել է 3 մլն վաստակել:

2013թ. հայտարարագրում նշված է, որ Ա. Գևորգյանի դրամական միջոցները կազմել են 12 հազար դոլար և 1.5 մլն դրամ: Իսկ հաշվետու տարում կարողացել է կրկին 3 մլն դրամ վաստակել: Արդեն 2014թ. ներկայացրած հայտարարագրում, բացի դրամական միջոցներից, ներկայացված են նաև այլ տվյալներ:

Մասնավորապես, նա ունի երկու բնակարան, երկու հողամաս և մեկ ավտոտնակ: Նրա դրամական միջոցների չափը չի փոխվել, իսկ մեկ տարվա ընթացքում 3 մլն 891 հազար է վաստակել:

Նշենք, որ Ա. Գևորգյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 2008թ.-ից: Որպես հավանական փոխարինողներ մի քանի անուններ են շրջանառվում. Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան: Թե ով կստանա փոխվարչապետի թափուր պաշտոնը՝ ցույց կտա ժամանակը:

Ներկայացնենք նաև նրա աշխատանքային գործունեությունը:

1997-1998 թ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

1998 թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

2000-2006 թթ.եղել է ՀՀ նախագահի առաջին օգնականը։

2006 թ. փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։

2007 թ. հունիսից մինչեւ 2008 թ. ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։

Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։

ՀՀ նախագահի 2008 թ. մայիսի 6-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:

ՀՀ Նախագահի 2012 թ. հունիսի 16-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ։

ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ։

ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 26-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: 

ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ:




Լրահոս