Ապրանքների ինչ մաքսատուրքեր կկիրառվեն ԵՏՄ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտարարվել է՝ Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ավելի քան 700 անուն ապրանքների նկատմամբ, այսպես կոչված, անցումային շրջանում կիրառվելու են ներմուծման մաքսատուրքերի հատուկ դրույքաչափեր:

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին կից հավելվածի համաձայն՝ խոշոր եղջերավոր անասունի՝ թարմ եւ սառեցված բոլոր տեսակի մսերի համար, այդ թվում նաեւ՝ ոսկրահանված, կիրառվելու են մաքսատուրքի հետեւյալ դրույքաչափերը` 2015-ից մինչեւ 2018 թվականը մաքսային արժեքի 10 տոկոսի չափով, 2019-ին` 12,5, 2020-ին` 15 եւ 2021-ին՝ 25 տոկոս:

Խոզի մսի բոլոր տեսակների ներկրման դեպքում 2015 թվականից մինչեւ 2020 թվականը մաքսատուրքը կլինի 10 տոկոս, իսկ 2021-ին՝ 15 տոկոս:
Տնական թռչնի բոլոր տեսակի, այդ թվում՝ հնդկահավի եւ բադի մսերի ներկրման մաքսատուրքը 2015 եւ 2016 թվականներին կլինի 10 տոկոս, 2017-ին` 14, 2018-ին 18, 2019-ին` 22, 2020-ին` 25 եւ 2021-ին՝ 50 տոկոս:

Հայաստանում ներկայումս բոլոր տեսակի եւ տիպի մսամթերքների համար մաքսային տուրքը սահմանված է 10 տոկոս: Այսինքն՝ ստացվում է, որ մի դեպքում՝ 2017 թվականից, իսկ մեկ այլ դեպքում էլ՝ 2018-ից, բոլոր այն մսամթերքները, որոնք ՌԴ-ից, Բելառուսից կամ Ղազախստանից ներկրված չեն լինի, կթանկանան: Ներկայումս հենց այդպես էլ արվում է, եւ մսամթերքը վերը նշված երեք պետություններից չի ներկրվում: Ասենք, բրազիլական, կանադական կամ իրանական մսամթերքն ավելի էժան եւ որակով է, ու ՀՀ գործարարները նախընտրում են այդ երկրներից ներկրել:

 

 

 

 

 




Լրահոս