Երևանի վարչական շրջանների ազատ տարածքները կլրացվեն ծառերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2015 թվականին մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման, անտառային գոտիների և նոր այգի-պուրակների ստեղծման նպատակով կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնցից ելնելով ներկայացվել են ավելի քան չորս տասնյակ նոր տարածքների ստեղծման և վերականգնման առաջարկներ:

Անդրադառնալով աշնանային առաջիկա շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ պատասխանատուները զեկուցել են, որ նախապատրաստական հիմնական աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում:

«Պետք է գույքագրել վարչական շրջաններում առկա ազատ բոլոր տարածքները, այդ թվում մայթերի բնաբաժակներն ու ծառատունկի շրջանակում դրանք ևս լրացնել տարբեր ծառատեսակներով: Բնապահպանների և մասնագիտացված կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում ծառատունկի համար ընտրված հիմնական ծառատեսակներն են սոսիներն ու գնդաձև ակացիաները, որոնցով էլ պետք է հարստացնենք մայրաքաղաքի կանաչ տարածքները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է կանաչապատ տարածքների աշնանային խնամքի շրջանակում նոյեմբերի 1-ից սկսել չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման և ծառերի ձևավորման աշխատանքները:




Լրահոս