Ամեն ինչ լավ կլինի հանրահավաքի վերջում. Ա. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդի մեջ մի շերտ անգամ չի մնացել, որ իշխանափոխություն չի ցանկանում, միայն նրանք են դրան դեմ, ովքեր պաշտոն ունեն: ԱԺ բրիֆինգների ժամին այս մասին նշեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ինձ շատ խիստ է անհանգստացնում արտագաղթը, թվերը չեն պակասում, դրանք ավելանում են` վեց ամսվա ընթացքում 113 հազար մարդ է հեռացել: Տարեկան 50-60 հազար հեռանում է»,- նշեց նա:

Անդրադառնալով այսօր կայանալիք հանրահավաքին՝ Ա. Մանուկյանը նշեց, որ իրենց տեղեկություններով` այսօր հանրահավաքին մասնակցելու են լրիվ նոր շերտեր. «Մենք ոչ թե քաղաքական թելով ենք կապված, այլ փոփոխությունների անհրաժեշտությամբ: Պահանջարկը լինելու է շատ, այն լինելու է ավելի ագրեսիվ, մաքսիմալիստական ու շատ, քան կարող է լինել մեր հաշվարկները: Եթե տարիներ առաջ մենք էինք ավելի շատ ուզում իշխանափոխություն, իսկ ժողովուրդը այդ տեմպին չէր հասնում, ապա այսօր պատկերը լրիվ այլ է` ժողովուրդն ավելի շատ է այդ պահանջը ներկայացնում: Հարկավոր է ուղղակի ժողովրդի քանակը ու ճիշտ էներգիան օգտագործել արդյունավետ, որ արդյունքը լինի անցնցում»:

Ա. Մանուկյանը վստահություն հայտնեց, որ այսօր հանրահավաքի վերջում կլինի  բոլոր հարցերի պատասխանները, ու թեև նա չգիտի Ծառուկյանի ու Տեր-Պետրոսյանի ելույթների բովանդակությունը, բայց պայմանավորվածություն կա, որ առաջնորդները վերջում՝ տեսնելով մարդկանց քանակը, էներգիան` խորհրդակցելով կքննարկեն հետագա ընթացքը:

«Որոշակի սցենարներ անշուշտ պատրաստ են, բայց դրանք կմատուցվեն հանրահավաքի վերջում միայն: Մի բան իմացեք` սա հոկտեմբերի տասի հանրահավաքը չի, անշուշտ առաջընթաց է լինելու այսօր: Մենք բոլորս ուզում ենք այս շարժումը առանց ցնցումների տեղ հասցնել… Մարտի մեկը բոլորիս վրա ծանր նստած է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հանկարծ հիասթափվող չլինի: Մենք գիտենք, որ իշխանությունները ժամանակի մեջ լավ կարող են խաղալ, այնպես որ շատ ժամանակ չի լինելու», – հայտարարեց նա:




Լրահոս