ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՎ Է ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂ ԿԻՆԸ

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ բողոքած տիկինը նույն քաղաքի բնակիչ Աստղիկ Մուրադյանն է, որը քրեական պատմություններով հայտնի Բոդոլի հորեղբոր կինն է: Պարզվում է` Խաչիկյանների եւ Բոդոլի միջեւ տարիներ առաջ ծագած թշնամանքը շարունակվում է:

«Ժողովուրդ»-ը հունվարի 23-ին գրել էր, որ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին մի քաղաքացի բողոք է ներկայացրել այն մասին, որ քաղաքապետը մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքում յուրացումներ է կատարել: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը` Հայկազ Խաչիկյանը, սակայն, հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքը:

Ով է քաղաքապետի դեմ բողոքողը
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետի դեմ բողոքած կինը Ախթալայի բնակիչ Աստղիկ Մուրադյանն է: Իսկ ո՞վ է Աստղիկ Մուրադյանը: Պարզեցինք, որ նա Ախթալայում հայտնի Բոդոլի` Արսեն Չիթչյանի հարազատ հորեղբոր կինն է: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Չիչյաններն Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ հայտնվել էին աղմկալի պատմության մեջ:
Բանն այն է, որ 2012 թ. օգոստոսի 30-ին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանը եւ Էդգար Հախվերդյանը հարձակվել էին Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբորը` Կարեն Խաչիկյանին պատկանող՝ Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել էին մուտքի դուռը` հասցնելով խոշոր չափերի վնաս: Նախաքննությամբ պարզվել էր, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել էր կատարվածի մասին եւ հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էր Աստղիկ Մուրադյանի ամուսնու եղբոր՝ Արսեն Չիթչյանի` Ախթալայի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարան, որտեղ ռետինե մահակով հարվածներ էր հասցրել տան անդամներ Բենիկ, Բավական եւ Նունե Չիթչյաններին եւ վնասել տան գույքը:
Այս ծեծուջարդի պատճառը, ըստ շրջանառվող տեղեկությունների, եղել էր այն, որ Խաչիկյանները սպառնալիքներ էին հնչեցրել, թե եթե 2012 թվականի Ախթալայի ՏԻՄ ընտրություններին Չիթչյաններն ակտիվություն ցուցաբերեն, ապա իրենք կհրապարակեն տեսագրություն, որից հետո Արսեն Չիթչյանը` Բոդոլը, կարող է մեղադրվել նույն բանի համար, ինչի համար 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ախթալայի կոմբինատի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: Ասել է թե՝ մանկապղծության մեջ:

Վրեժխնդրություն թե իրականություն
Թվում էր, թե այս միջադեպից հետո Չիթչյանների եւ Խաչիկյանների վեճը պետք է ավարտվեր, սակայն պարզվում է` այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Չիթչյանների հարազատները հիմա էլ Ախթալայի քաղաքապետին մեղադրում են յուրացումների մեջ: Արդյո՞ք Հայկազ Խաչիկյանը յուրացումներ է կատարել, թե Աստղիկ Մուրադյանի բողոքը Խաչիկյանների դեմ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, այս հարցը, թերեւս, կպարզեն իրավապահները:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Աստղիկ Մուրադյանի հետ, սակայն նրա որդին՝ Գերասիմ Չիթչյանը, հորդորեց իր մորը հանգիստ թողնել. «Կարող է՝ յուրացում եղել է, մենք բան չգիտենք, մեզ մի՛ անհանգստացրեք»,-ասաց նա: Իսկ, ահա, Ախթալայի կոմբինատի անվտանգության նախկին պետ Արսեն Չիչյանը` Բոդոլը, մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը տեղյակ չէ յուրացումների եւ, առհասարակ, իր ազգականի բողոքի մասին.«Ես Երեւանում եմ, իրենք՝ Ախթալայում, ինչ իմանամ, թե ինչ է եղել»:
Ի դեպ, վերջերս Բոդոլի հետ եւս մեկ քրեական բնույթի միջադեպ էր տեղի ունեցել. 2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով Արսեն Չիչյանը` Բոդոլը, տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արսենը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո որոշ շրջանակների հետ զրույցում ասել էր, թե իր դեմ մահափորձ է կատարվել, եւ կրակոցների հեղինակը «Մեթլ Փրինս» ընկերության, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերն են: Նշենք, որ այդ կրակոցների գործով դեռեւս որեւ մեկը չի ձերբակալվել, իսկ քննությունը շարունակվում է:

Մանկապարտեզի յուրացումների հետքերով
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ախթալայի մանկապարտեզի տնօրեն Վեներա Կիրակոսյանն ասաց, որ ինքը մի քանի ամիս առաջ է, ինչ նշանակվել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Այս ընթացքում մանկապարտեզում որեւէ շինարարական աշխատանք չի իրականացվել, իսկ թե կոնկրետ ինչ յուրացումների մասին է խոսքը կամ ինչ շինարարության, ոչինչ ասել չեմ կարող»,-նշեց նա: Իսկ հարցին, թե ինչ պատճառով է մանկապարտեզի նախկին տնօրենը հեռացել, Վեներա Կիրակոսյանը չցանկացավ պատասխանել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԲԵՐԴՈՒՄ ԼՐԱԳՐՈՂ ՉԿԱ
Հոկտեմբերի 23-ին կայացավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անդրանիկ մամուլի ասուլիսը: Դրան մասնակցում էին լրագրողներ Իջեւանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջաններից, ինչպես նաեւ՝ հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցներ: Տավուշի մարզի ամենահոգսաշատ տարածքը Բերդի տարածաշրջանն է: Այնտեղ առավել մեծ է ադրբեջանական գնդակոծության վտանգը, տարածքը փակուղի է` «կտրված մեծ աշխարհից»: Մարզպետի ասուլիսին Բերդի տարածաշրջանից լրագրողներ չկային, որովհետեւ այդ տարածքում լրատվամիջոցներ, հանրապետական լրատվամիջոցների թղթակիցներ չկան: Մինչդեռ հենց նրանք կարող էին առավել խորությամբ եւ սրտացավորեն ներկայացնել սահմանամերձ Բերդի բազում եւ բազմաթիվ հիմնահարցերը: Նշենք, որ Երեւանի հեռուստաընկերություններում եւ թերթերում շատ են ծագումով Բերդի տարածաշրջանից լրագրողները:

 

ԻՋԵՎԱՆԻ ԼԻՃԸ ԿՓՐԿՎԻ՞
Խորհրդային տարիներին կառուցված Իջեւանի «Սպիտակ ջուր» ջրամբարը տարիներ շարունակ հագեցել է ջրաբերուկ տիղմով եւ ավազով: Արհեստական լիճը, որը հանգստի սիրված գոտի էր, գրեթե ամբողջությամբ ցամաքել էր, դարձել անասունների արոտավայր: Վերջերս Իջեւանի քաղաքապետարանը քաղաքապետ Վարդան Ղալումյանի ղեկավարությամբ ձեռնարկել է Աղստեւ գետի հունը բացելու ծրագրի իրականացումը: Ջրամբարում տեղադրված փականները, որոնք խոչընդոտում էին գետի հոսքը, ապամոնտաժվել են, իսկ տրակտորը հունը մաքրելով՝ բացել է ջրի հոսքը: Նշենք, որ արհեստական ջրամբարում դեռ մեծ ծավալի տիղմ, հող եւ ավազ կա: Իջեւանցիներն ասացին, որ արհեստական լիճը խորհրդային տարիներին կառուցվել է նախագծային թերություններով, որի պատճառով ոչ մի կերպ չի մաքրվում ջրաբերուկներից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ԲՈՐԲՈՔՄԱՆ ՊԱՏՃԱՌ
Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Երեւանը կտրականապես դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու փորձերին: Երեկ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման հեռանկարները: ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միակ կառույցն է, որն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մանդատ: Ըստ նախարարի՝ Ադրբեջանը նախկինում էլ է բանակցային գործընթացը այլ հարթություններ եւ ձեւաչափեր տեղափոխելու փորձեր ձեռնարկել: Նման պահվածքը ցույց է տալիս բանակցային գործընթացը տապալելու Բաքվի ցանկությունը: Այդ կապակցությամբ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ չի կարծում, թե նման զեկույցներն իբր կարող են նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Հակառակը՝ դա կարող է կրքերի բորբոքման պատճառ դառնալ, նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

ԹԱԼԱՆԵԼ Է
Օրերս դժբախտ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Սարավան գյուղում: Նշված տարածքի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել վայքեցի ընտանիք տեղափոխող ավտոմեքենան, ինչի հետեւանքով անչափահաս 6-ամյա երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ նրա ծնողների վիճակը ծայրահեղ ծանր է: Armlur.am-ին հաջողվել է պարզել, որ Սարավան գյուղի այն հատվածում, որտեղ դեպքը տեղի է ունեցել, հաճախ են վթարներ լինում:
Այս դեպքը, սակայն, առանձնանում է նրանով, որ միգուցե հնարավոր կլիներ խուսափել դժբախտ պատահարից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վթարի ենթարկված մեքենային մոտեցել է անցնող մի անհայտ անձ, ով օգնելու փոխարեն թալանել է մեքենայում եղածը: Կարծիքներ կան, որ թալանողը հովիվ է եղել, ում ավելի ուշ մի խումբ մարդիկ ծեծի են ենթարկել, ապա՝ տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունից չեն հաստատել տեղեկությունը՝ հավելելով, որ վերջին մեկ շաբաթում նման դեպք չի գրանցվել: Ի դեպ, հաջողվել է պարզել նաեւ, որ վթարի ենթարկվածներից ընտանիքի հայրը ԼՂՀ քաղաքացի է, ով վերջերս էր Հայաստան եկել:

 

ԿԱՇԱՌՔ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ
Armlur.am-ին հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ ՀՀ արդարադատության նախարարության Կոշ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ` ծառայության գծով հովանավորչության եւ թողտվության համար: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

ԿԱՐԵՎՈՐ Է
«Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը» թեմայով 9-րդ միջազգային խորհրդաժողովին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարել է, որ. «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առկա դրույթները կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլեւ այն երկրների համար, որոնք գտնվում են ժողովրդավարության զարգացման ճանապարհին»: Բուքիքիոն վստահեցրել է, որ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակվելու է. «Կարեւոր է նաեւ ՍԴ-ի եւ ՍԴ նախագահի իրավասությունների մեծացումը, այն, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմությունից ներկայացուցիչ»: Իսկ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է, որ. «Մարդը չի կարող պետության գործունեության կոպեկ դառնալ, որի համար իրավունքի պաշտպանության համարժեք արգելանքներ են սահմանվում, մյուս կողմից երաշխավորվում են մարդու իրավունքների պաշտպանություն ապահովող ազատությունները»:

 




Լրահոս