Ի՞նչ է ուզում «Բարգաված Հայաստանը». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հերթական հարցազրույցն է տվել իր կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներից մեկին, որում, ի թիվս այլ նկատառումների, ներկայացրել է նաեւ «նոր որակի իշխանության» իրականացնելիք քաղաքականության դրույթները: Թեեւ դրույթ հասկացությունը տվյալ դեպքում փոքր-ինչ չափազանց է այն բարի ցանկությունների շարքի համար, որոնք թվարկել է ԲՀԿ առաջնորդը: Ընդ որում, այդ ցանկությունների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք ուղղակիորեն հակասում են իր գործարար կենսագրությանը: Ու թեեւ ԲՀԿ առաջնորդի մատնանշած դրույթներն անխտիր բոլորը արտացոլված են ՀՀԿ եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում, փաստն այն է, որ նրանք այս բոլոր տարիների ընթացքում որեւէ բան չեն արել այդ ամենի լուծման ուղղությամբ: Իսկ Ծառուկյանի դեպքում գոնե տեսականորեն առկա է նշված խնդիրների լուծման հնարավորությունը:

Երեկվա հարցազրույցում, բացի պոպուլիստական ձեւակերպումներից, կային նաեւ մի քանի կարեւոր ուղերձներ: Առաջինն այն էր, որ Ծառուկյանը եւս մեկ անգամ փորձեց սահմանազատել իր դիրքորոշումը Տեր-Պետրոսյանի` ընդդիմախոսներին թշնամիներ համարելու հայտնի մոտեցումից: Ի հակառակ իրենց քննադատողների մեջ թշնամիներ տեսնելու ՀԱԿ առաջնորդի պնդումների՝ Ծառուկյանը հայտարարեց. « Ես ուզում եմ կրկնել եւ հավաստիացնել, որ սա ինձ համար սկզբունքային կետ է. «Բարգավաճ Հայաստանը» երկրի ներսում չունի թշնամիներ: Մեզ թշնամանք պետք չէ»: Կարծում ենք, սա շատ կարեւոր եւ ողջունելի մոտեցում է, առավել եւս, որ Ծառուկյանը դրանով նաեւ հստակ ուղերձ հղեց պետական ապարատի բազմահազար աշխատողներին առ այն, որ ԲՀԿ-ի իշխանություն դառնալու դեպքում որեւէ մեկը չի զրկվի իր աշխատատեղից` կուսակցական պատկանելության պատճառով: Այլ հարց է, թե իշխանության գալու դեպքում որքանով այս խոստումը կպահպանվի:

Հաջորդ կարեւոր անդրադարձը ստեղծվելիք մարզային շտաբների ներուժը «ճիշտ պահին, ճիշտ օրը» օգտագործելու զգուշացումն էր, որը, բնականաբար նախ եւ առաջ կապված էր սահմանադրական փոփոխությունների ճանապարհով Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու վճռականության հետ: Եվ վերջում` ամենակարեւոր հայտարարությունը, որ արեց Ծառուկյանը, հետեւյալն էր. «Ես հետդարձի ճանապարհ չունեմ»: Սա կարեւոր ամրագրում էր, անկախ այն բանից, որ նա որեւէ կերպ չուրվագծեց նաեւ իր առաջընթաց ճանապարհը` բավարարվելով «գնալու եմ այնքան, մինչեւ Հայաստանում իրավիճակը փոխվի» ոչինչ չասող հայտարարությամբ:




Լրահոս