Ե՞րբ կորոշվի Երևանում ներքաղաքային տրանսպորտի սակագինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ներքաղաքային տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովը տեւական ժամանակ է՝ որեւէ նոր առաջարկություն չի ներկայացրել: Սակայն չնայած տիրող հարաբերական անդորրին՝ առաջիկայում սակագնի թանկացման հեռանկարը շարունակում է մնալ օրակարգում:

Ի վերջո կթանկանա՞ հանրային տրանսպորտի ուղեվարձը, թե՞ ոչ: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացավ տալ այդ հարցի միանշանակ պատասխանը, մինչդեռ նկատենք՝ անցած տարի ամռանը Տարոն Մարգարյանը եւս ուղեվարձի թանկացման որոշումը կայացնելուց հետո, ի թիվս քաղաքապետարանի այլ պաշտոնյաների, թանկացումը համարում էր անխուսափելի:

-Պարո՛ն Արեյան, հասարակական տրանսպորտի սակագների բարձրացում ի վերջո լինելո՞ւ է:

-Ներքաղաքային տրանսպորտի սակագների վերաբերյալ այս պահի դրությամբ որեւէ կանխատեսում չեմ կարող անել: Պետք է ասեմ, որ տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը, ես այս պահի դրությամբ որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել: Հստակություն չկա: Իմ կողմից պարզապես ճիշտ չի լինի որեւէ բան հայտարարելը: Այնպես է, որ հանձնաժողովի աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Ինչպես արդեն նշեցի` որեւէ հստակ կերպով մատնանշված նորություն չկա, բայց եթե, այնուամենայնիվ, թանկացումներ լինեն, բնականաբար, տրանսպորտի սպասարկման որակի մեջ էլ պիտի դրական փոփոխություններ լինեն: Տրանսպորտի սակագների թանկացումը կամ էլ դրա շուրջ իրականացվող բոլոր գործընթացները հեշտ ու հանգիստ ձեւաչափով կարգավորվող չեն: Պետք է վերանայվեն մի շարք հարցեր, օրինակ` երթուղային ցանցը, սպասարկման որակը, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, չվացուցակը եւ այլն:

-Եթե, այնուամենայնիվ, սակագների թանկացում լինի, եւ այն դարձյալ բողոքի համընդհանուր ալիք բարձրացնի, ինչպիսին կլինի Ձեր արձագանքը:

-Չկա մի երկիր ու քաղաք, որտեղ որեւէ ապրանքի կամ ծառայության գնի «մազաչափ» թանկացումն անգամ ոգեւորությամբ ընդունվի։ Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, դրսեւորում են քաղաքացիական էմոցիա: Երբ օրենքը սկսեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան:

-Պարո՛ն Արեյան, Երեւանի փողոցներում վճարովի ավատոկանգառներից` «կարմիր գծերից» օգտվելուց բացի՝ քաղաքացիները ստիպված են լինում վճարել նաեւ ավտոկարգավարներին: Ստացվում է` քաղաքապետարանի թողտվության արդյունքում քաղաքացիները կրկնակի վճարում են կատարում:

-Օրենքով կարգավորված է այդ հարցը, կարմիր գծերը վճարովի են, իսկ մյուս վճարման մասին կարող եմ ասել, որ ծառայողական ավտոկայանատեղիների մասին է խոսքը, իսկ ավտոկարգավարներն օրինազանցություն են անում: Ավագանու որոշումով է այդ ամենը կարգավորվում: Ծառայողական ավտոկանգառների դեպքում մուծվում է տարեկան վճար եւ տուրք: Օրենքը հստակ ասում է, որ քաղաքացին այլեւս վճար չի տալիս: Եթե ավտոկարգավարները վերցնում են գումար, դա օրինազանցություն է: Այլ բնորոշում չեմ կարող տալ դրան:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս