ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

«Ընդունիչ կայաններ» կոչված այսպիսի սարքեր տեղադրված են ոչ միայն Մարգարյան ծննդատան տանիքում, այլեւ քաղաքի բազմաթիվ բազմահարկ շենքերի տանիքներում: Հետաքրքիր է՝ բջջային օպերատորները միաժամանակ հեշտացնում են մեր քաղաքացիների կյանքը՝ փորձելով ետ չմնալ ժամանակակից աշխարհի նորամուծություններից, մյուս կողմից վտանգի տակ են դնում նրանց առողջությունը: Չհաշված նաեւ այն հանգամանքը, որ այս կերպ «փչացնում» են թե՛ շենքի տեսքը, թե՛ քաղաքի:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պատասխանել՝ ո՞ր դեպքերում է պետք դիմել համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի նոր հասցե ստանալու համար եւ սպասարկման գրաենյակ տրվող դիմումի հետ ներկայացնել այդ հասցեն տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումը:

Արտեմ Կիրակոսյան (29 տարեկան, ֆիզիկոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝
3. «Գույքի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքների պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաեւ անշարժ գույքի հասցե տրամադրելու մասին» իրավասու մարմնի որոշումը, եթե՝
1) իրավահաստատող փաստաթղթերում նշված չէ գրանցման ներկայացվող անշարժ գույքի հասցեն կամ նշված հասցեն չի պարունակում «ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի անվանում» կամ «անշարժ գույքի հերթական համար» վավերապայմանները.
2) ներկայացվում է անշարժ գույքի միավորների բաժանման կամ միավորման պետական գրանցման դիմում:
ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 65 եւ 66-րդ կետերի պահանջների համաձայն՝
65. հասցեի գրանցումը կարող է մերժվել, եթե`
ա) տրամադրված հասցեն չի համապատասխանում սույն կարգին,
բ) հասցեն գրանցված է որպես անշարժ գույքի այլ միավորի հասցե,
գ) չի ներկայացվել հասցեի պետական գրանցման վճարի անդորրագիրը:
Այլ պատճառաբանությամբ հասցեի գրանցման մերժումն արգելվում է:
66. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում հասցեի գրանցումը մերժվելու դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կասեցվում է:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ օրենսդրությամբ, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կամ ձեռքբերման պարտականությունը դրված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ կրճատվել է երեխայի խնամքի նպաստի չափն ու ժամկետը: Ամուսնալուծված եմ: Մեծ տղաս 2 տարեկան է, փոքրս՝ 6 ամսական: Որքա՞ն նպաստ կարող եմ ստանալ յուրաքանչյուրի համար: Աշխատավարձս 60.000 դրամ է:

Աիդա Գեղամյան (29 տարեկան,դաշնակահար)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Պետք է դիմել սոց. ծառայությունների Վարդենիսի տարածքային գործակալություն, հաշվառվել: Ըստ անապահովության գնահատման միավորի՝ կորոշվի դիմողի ընտանիքին ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն հատկացնելու իրավունքը: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը` մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:
Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի իրավական ակտում նշված ամսից, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների համապատասխան իրավական ակտերում նշված ամսից: Երեխայի խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է մինչեւ գործատուի իրավական ակտում նշված խնամքի արձակուրդի ավարտի ժամկետը, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը: Այն նշանակվում է մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. հուլիսի 1-ին ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների թիվը կազմել է 104 577, որի 75.9%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Հիշեցնենք, որ աշխատող հղի կանանց մինչծննդաբերական եւ հետծննդաբերական նպաստի կրճատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը դեռեւս քննարկման փուլում է:




Լրահոս