ՊԵԿ-Ը ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵ՞Մ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին «ընկել է հիմնադրամների հետեւից»: Մասնավորապես Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն տուգանել է ոչ ավել ոչ պակաս ՀՀ կառավարության ու Սերժ Սարգսյանի նախագահությամբ գործող հիմնադրամներին:

Գագիկ Խաչատրյանը բացի մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին հետեւողականորեն «սնանկացնելուց», նաեւ որոշել է «բալանսը պահելու համար» սիմվոլիկ տուգանքների ենթարկել հիմնադրամներին:

Բանը հասավ դիվանբաշուն

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մարտի 12-ին «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը, որը հովանավորվում է ՀՀ կառավարության կողմից, տուգանքի է ենթարկվել: Բանն այն է, որ հիմնադրամի լիազորված անձ, փոխտնօրեն Վարդուհի Սարգսյանը փետրվարի 19-ին Հայաստան է ներմուծել 10 կգ էլեկտրական միացուցիչներ: Ներմուծած այդ իրերը փետրվարի 21-ին տեղափոխել է իրենց պատկանող տարածք, սակայն սահմանված ժամկետում հայտարարագիր չի ներկայացրել: Այս արարքի համար «Հայաստանի Շախմատի ակադեմիա» հիմնադրամի փօխտնօրեն Վարդուհի Սարգսյանը տուգանվել է 50.000 դրամով:
«Ժողովուրդ»-ը փորձեց Վարդուհի Սարգսյանից պարզել. ինչո՞ւ ժամանակին հայտարարագիրը չի ներկայացվել, որի համար տուգանք է նշանակվել: Վ. Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ իրեն տուգանել են, ապա հավելեց, որ հիմնադրամն արդեն վճարել է Պետական եկամուտների կոմիտեի տուգանքը: Ի դեպ «Հայաստանի Շախմատի ակադեմիա» հիմնադրամի տնօրենը Երեւանի ավագանու անդամ է: Նա զբաղեցնում էր Հանրապետական կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարը:

Սա դեռ վերջը չէ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորության տակ գտնվող հիմնադրամին տուգանելուց մեկ օր անց էլ Գագիկ Խաչատրյանը որոշել է պատժել Հայաստանի համահայկական հիմնադրամին: Այս իրողությունը հետաքրքիր է այնքանով, որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին, որի նպատակն է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումը` համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով: Եվ այս նպատակն իրագործելու համար հիմնադրամը 1996թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ` հեռախոսամարաթոններ:
Տեղեկացնենք, որ անցյալ՝ 2013 թ. հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված 22 միլիոն 661 հազար 372 ԱՄՆ դոլար գումարն ուղղվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցմանը:
Պակաս ուշագրավ չէ նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ցանկը. Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, ՆՍՕՏՏ Գարեգին երկրորդ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան, ինչպես նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան:

Ինչո՞ւ տուգանեցին Սերժ Սարգսյանին

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ փետրվարի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Վարդանյանը Այրումի մաքսային կետով ՀՀ է ներմուծել ֆուտբոլի փչովի կաշվե գնդակներ, որի վերաբերյալ ընկերության տնօրեն Արա Վարդանյանը սահմանված ժամանակում այդպես էլ հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում հիմնադրամի տնօրենը Գագիկ Խաչատրյանի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանվելով 50.000 դրամով:

Այլ տուգանք չկա՞

Հետաքրքիր է՝ Պետական եկամուտների կոմիտեն բացի 50.000 դրամի չափով տուգանքից, հայտնի հրմնադրամներին կամ նախարարություններին պատասխանատվության ենթարկելու առավել խիստ սահմանված տուգանքներ չունի՞, թե՞ պարզապես չի համարձակվում առավել խիստ պատժաչափ սահմանել: Բայց, թերեւս, հավանականը երրորդ վարկածն է՝ Գագիկ Խաչատրյանը ազնիվ գործունեության պատրանք է ստեղծում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՆԱՎՈՐԵԼՆ ՈՒ ՊԱՐՏՔԸ
Երկու օր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համայնքի բնակիչներից մի երիտասարդ՝ Սերոբ անունով, վաղ առավոտյան փորձել է իր տան մեջ թույնել իրեն: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երիտասարդ տղան չափից ավելի դեղ է խմել: Ավելի ուշ հարազատները նկատել են, որ նա իրեն վատ է զգացել եւ շտապ հասցրել են հիվանդանոց: Ըստ Մեծամոր գյուղում տարածված տեղեկությունների՝ երիտասարդն այդ քայլին գնացել է, քանի որ խաղատներում ահռելի թվով գումար է պարտված եղել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մեծամոր համայնքի ղեկավար Էդուարդ Միրզոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ երիտասարդն ամուսնացած չէ. «Չգիտեմ՝ թղթախա՞ղ է խաղացել, թե՞ խաղատուն է գնացել, որ պարտվել է, բայց գիտեմ, որ հարազատներին ասել է, թե 4000 դոլար պարտվել է»: Ըստ գյուղապետի` Սերոբն այս պահին հիվանդանոցում է, իսկ վիճակը բժիշկները գնահատում են նորմալ:

 

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԻՑ  ԱՌԱՋ  ԹՈՂԱԾ  ԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ՝ ժամը 07.03-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց 78-ամյա քաղաքացին ինքնահրկիզվել էր ու մահացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինքնահրկիզվելուց հետո նրա հարեւանները բնակարանում հայտնաբերել են գրություն, որտեղ իրենց՝ 78-ամյա Մինասը գրություն է թողել, թե. «Ես քույր, եղբայր չունեմ, մենակ եմ, ինձ ներեք իմ այս արարքի համար»: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ինքնահրկիզված մարդն ապրում էր միայնակ, իսկ նրա տղաները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում:

 

ԶԱՅՐԱՑԵԼ ԵՆ
Էջմիածին քաղաքի թաղամասերից մեկի՝ Մարգարայի խճուղի հասցեի բնակիչները զայրացած են էլեկտրիկի գործողություններից: Այս հասցեում բնակվող մոտ 18 ընտանիք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց` նշելով, որ հունվար ամսվա սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարի չափը մեծ է եղել: Բնակիչներից մեկը՝ Գագիկը, ասաց. «Հունվար ամսվա էլեկտրաէներգիայի վարձը կազմել էր 22 հազար 610 դրամ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ քիչ էինք օգտագործել: Էլեկտրիկը եկավ, բոլորս էլ հավաքվեցինք ու մի լավ զայրացանք: Արի ու տես, որ դրանից հետո փետրվար ամսվա գումարը քիչ էր, ուղիղ կեսը: Բայց սովորականի նման էինք հոսանքն օգտագործել: Բա դա տրամաբանությո՞ւն է»: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե էլեկտրիկները համատարած հավելագրումներ են անում:

 

 

ԲԼԹ

«ԼՂՀ-ն արդեն կայացած պետություն է, որի ժողովուրդը անցկացրել է մի քանի խորհրդարանական, նախագահական եւ ՏԻՄ ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ ու արդար»:

Հովիկ Աբրահամյան 168.am

Դե իհարկե, Հայաստանում անցկացվող բոլոր ընտրություններն են արդար: Այնքան արդար, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից: Բայց հարց է առաջանում. եթե իրենք են ընտրել, ինչո՞ւ պիտի դժգոհ լինեին: Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահն էլ՝ որպես շտաբի պետ, «արդար» ընտրությունների մասնակիցն է եղել եւ «արդարության կնքահայրերին» համապատասխան ծառայություններ մատուցողը: Ի՞նչ տարբերություն՝ Հայաստանում, թե Ղարաբաղում, եթե երկու դեպքում էլ իշխանությունները ղարաբաղցի են: Հետաքրքիր է, ԱԺ նախագահի՝ ԱԺ-ի նմանությամբ առանձնատո՞ւնն էլ է արդար ճանապարհով կառուցված:

 

 

 

«Քոչարյանն իրավունք ունի իրեն տեսնել ցանկացած տեղ, ոնց որ մյուսները, Քոչարյանը կարող է նորից մտնել քաղաքականություն, ինչպես ցանկացած քաղաքական այլ անձ… Դա ոչ մենք ենք որոշում, ոչ չգիտեմ ով է որոշում»:

Ստեփան Մարգարյան Tert.am

Միանգամայն ճիշտ է ԲՀԿ-ական պատգամավորը, Քոչարյանի վերադառնալ-չվերադառնալը որոշում է ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, բնականաբար, Վլադիմիր Վլադիմիրովիչի «դաբրո»-ով, ինչպես եւ շատ բան արվում է մեր երկրում: Կարելի է ԲՀԿ-ական պատգամավորի խոսքին ավելացնել նաեւ այն, որ Քոչարյանը որոշում է ոչ միայն վերադառնալու հարցը, այլ նաեւ ԲՀԿ-ի քաղաքական կուրսը, ԲՀԿ-ի քայլերը, նրա մանեւրները իշխանության եւ ընդդիմության արանքում: Քոչարյանը ԲՀԿ-ի համար շատ բան է որոշում, եւ այդ պատճառով է, որ երբ ասում ենք ԲՀԿ, հասկանում ենք Ռոբերտ Քոչարյան:

 

 
«Ժիրինովսկին ու իրա նմանները հայտարարություններ պետք է կատարե՞ն: Դա իրենց գործն է, թող կատարեն: Դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում»:

Մովսես Հակոբյան «Ազատություն»

Իսկ այդ ինչի՞ց հանկարծ Ղարաբաղում եղանակն այնքան փոխվեց, որ Ռուսաստանից հետո անմիջապես ԼՂՀ-ն ընդունեց Ղրիմի անկախությունը: Ինչպես տեսնում ենք՝ ԼՂՀ պաշտպանության նախարարը որպես օդերեւութաբան այդքան էլ լավ մասնագետ չէ, եւ Ղարաբաղում ռուսական ազդեցությամբ, այնուամենայնիվ, եղանակ փոխվում է: Իսկ դրա նախադրյալները նկատելի էին դեռ ավելի վաղ, երբ Զորի Բալայանը հրապարակ հանեց իր «Նամակ ռուսաց թագավորին»-ը: Այնպես որ, ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ղարաբաղի իշխանություններն ազնիվ չեն ժողովրդի հետ: Չնայած զարմանալու բան չկա, քանի որ միմյանց հետ փոխկապակցված են:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 




Լրահոս