ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Որքան էլ տարօրինակ է, ԱԺ ոչ իշխանական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստան»-ը երեկ քննադատեց ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով բանաձեւին` Հայաստանի դեմ քվեարկելու որոշումը: «Հայաստանը կարող էր մնալ չեզոք, ինչպես հայտարարվել էր նախկինում, բայց եղավ այն, ինչ լինում է վերջին շրջանում մշտապես… հայտարարվում է մի բան, հետո փոխվում է ճիշտ հակառակով»,- ասել է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը:

Իսկ ահա մնացած ընդդիմադիր ուժերի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները՝ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ՀՀ իշխանությունների ռուսահաճո դիրքորոշումը չեն քննադատել, ավելին՝ ողջունել են՝ այդպիսով եւս մեկ անգամ ցույց տալով, որ ՀՀ ընդդիմությունն արտաքին քաղաքական հարցերում շատ բանով չի տարբերվում ՀՀ ներկայիս իշխանություններից: Ո՛չ Մոսկվայից հաղթանակ բերող Ր. Հովհաննիսյանի, ո՛չ Պուտինի մասին թթու խոսք ասելն արգելող Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժերը, եւ ո՛չ էլ՝ առավել եւս ԱԳ նախարարի հրաժարականը պահանջող դաշնակցությունը հարկ չեն համարել գոնե նշել, որ այդպիսով Հայաստանի հեղինակությունը լրջորեն վնասվեց: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությանը, չի բացառվում, որ վաղը հայտարարվի, թե դա հերթական «անձնական կարծիքն էր»:
Հիշեցնենք, որ քվեարկությունից մեկ օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցել էր, որ մեր երկիրը պետք է ձեռնպահ քվեարկեր այդ բանաձեւին: Սակայն բռնապետական Վենեսուելայի, Բելառուսի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի, Կուբայի, Նիկարագուայի եւ Բոլիվիայի հետ միասին ՀՀ-ն դեմ քվեարկեց:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկրում չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա իր բիզնեսին առնչվող հարցերով մեկնել է Մերձավոր Արեւելք: Իսկ առաջիկա օրերին կլինի Դուբայում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Նրանց հետ կլինեն նաեւ ՌԴ մի քանի այլ գործարարներ: Ինչպես հայտնի է, քաղաքական կուլիսներում այս եռյակի «արաբական հանգիստը» մշտապես ուղեկցվում է ՀՀ-ում հեղաշրջում անելու ծրագրի մասին ենթադրություններով, թե Գ. Ծառուկյանը ղարաբաղյան կլանի «ազատագրմանն» ուղղված քայլեր է անում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե ուր է մեկնել նա եւ ինչ նպատակով: Խոսնակը հաստատեց, որ Գ. Ծառուկյանը մասնավոր այցով բացակայում է երկրից: «Մի քանի օր անց պարոն Ծառուկյանը Մերձավոր Արեւելքում աշխատանքային մի քանի հանդիպումներ է ունենալու»: Սակայն այլ մանրամասներ չհայտնեց:

 

ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների «ցուցակը» կազմվել է հենց նստավայրում, որտեղից, պարզապես, զանգահարել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու ասել, որ Քեսաբ պետք է մեկնեն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ՝ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ԱԺ նախագահին ոչինչ չի մնացել, քան կատարել հրահանգը: Ու երբ Աժ-ում Աբրահամյանին ասել են, թե գոնե ծնունդով Սիրիայից նախկին ԱԳ նախարար Օսկանյանին ու ՀՅԴ-ից որեւէ մեկին ընդգրկեիք պատվիրակության կազմում, ԱԺ նախագահը խորը լռել է: Հավելենք, որ երիտասարդ պատգամավորները Սիրիայում այդպես էլ թեժ կետերում չեն եղել, պատճառաբանվել է, թե այնտեղ վտանգավոր է: Նրանք, լուսանկարվելուց բացի, նաեւ Սերժ Սարգսյանի նամակն են հանձնել Սիրիայի նախագահին եւ կիրակի կլինեն Հայաստանում:

 

Ուսումնասիրելով Երեւանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 85 մլն դրամ: Թափառող կենդանիների վնասազերծման համար 219 մլն դրամ էլ ծախսել է. պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս: Իսկ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276 մլն դրամ: Բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով էլ՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 390մլն դրամ: Հաշվի առնելով այն իրողությունը, թե մայրաքաղաք Երեւանում որքան շատ են թափառող կենդանիները եւ քանի անբարեկարգ շենքեր կան, արդեն կարելի է եզրահանգում անել, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվել գումարները: Փոխարենը հայտնի է, որ Տարոն Մարգարյանի սեփական PR-ը երեւանցիների գրպանի վրա արժեցել է 35.7 մլն դրամ:

 

 

 

 

 

 

 

 
ՈՒՄ Է  ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ բնական պաշարների եւ էներգետիկայի նախարարություն, որտեղ արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Անդրադառնալով էներգետիկ գործարքների հետ կապված հանրության շրջանում առկա դժգոհությանը՝ Ս. Սարգսյանն ասել է. «Ցանկացած լավագույն որոշում ընդամենը աշխատանքի կեսն է: Մենք պետք է կարողանանք ընդունված որոշման մասին գրագետ եւ ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարեւորությունը»: Համաձայնեք, որ բացառիկ ցինիզմ պետք է ունենալ՝ հատկապես էներգետիկ ոլորտում ընդունված որոշումների կապակցությամբ նման հայտարարություններ անելու համար։ Այն դեպքում, երբ ոլորտը համակարգող Արմեն Մովսիսյանը տարիներ շարունակ նույն Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով զբաղված է եղել ՀՀ էներգետիկ հզորություններն իրենց իրական արժեքից մի քանի անգամ ցածր գնով օտարելու տարբեր մութ գործարքները թաքցնելով, նույն գազի հարցով հանրությանն ու քաղաքական ուժերին մոլորեցնելով եւ անվերջ խուսանավելով. նման հայտարարություններն ուղղակի զավեշտալի են: Սերժ Սարգսյանը բերել է գազի սակագնի օրինակը՝ նշելով, որ հանրության շրջանում տարված բացատրական աշխատանքից հետո մարդիկ հասկացել են, որ ՀՀ-ում գազի գինն առաջիկա 5 տարում չի բարձրանալու: Մինչդեռ ընդամենը երկու օր առաջ ՌԴ-ում գազի սակագնի բարձրացման հետեւանքով Հայաստանում գազի գնի թանկացման մասին հարցին նույն Արմեն Մովսիսյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց:
Ս. Սարգսյանը նաեւ ասել է, թե ուրախ է, որ գազի հարցով ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել: «Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ եւս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել նաեւ «Նաիրիտ»-ի հարցով, եւ անհասկանալի է, թե ինչու այդ դեպքում Սերժ Սարգսյանը նույնպիսի ուրախություն չդրսեւորեց: Արդյոք ոչ այն պատճառով, որ «Նաիրիտ»-ի հարցում թաքցնելու շատ բան կա:
Եվ վերջում՝ կայացված որոշումները հանրությանը գրագետ եւ ժամանակին ներկայացնելու Սերժ Սարգսյանի հորդորին ի պատասխան՝ արժե հիշեցնել, որ Որոտանի հէկ-երի վաճառքի կասկածահարույց գործարքի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի անցկացրած լրագրողական հետաքննության բացահայտած տվյալների շուրջ Աժ պատգամավորի հարցին ՀՀ կառավարությունը խուսափեց պատասխանել:

 




Լրահոս