ԿՐԿԻՆ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարեվերջին խանութներում ի հայտ եկավ էժանագին կարագ: Այն շուկայականից ցածր գնով առաջարկվեց գնորդին, ինչի արդյունքում   «արժանացավ» պատկան մարմինների ուշադրությանը: Խոշոր ընկերություններից մի քանիսը տուգանվեցին: Սակայն  հարցն այդպես էլ չլուծվեց: Իրացման ցանցերում կրկին հանդիպում ենք կարագի անվան տակ վաճառվող բուսասերուցքային սփրեդի` առանց դրա մասին գրավոր տեղեկացման:
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի լրատվության բաժնի պետ Գայանե Սարգսյանի ներկայացմամբ՝ 2011թ. նոյեմբերին  կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների  փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ հայտնաբերվել են  մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի կողմից նույն ժամանակահատվածում Երեւան քաղաքի խոշոր խանութներում կատարվել են կարագի հսկիչ գնումներ եւ հանձնվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ խաբել եւ մոլորեցրել են սպառողներին` կարագի անվան տակ վաճառելով գնային եւ որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից եւ բնականաբար, շատ ավելի էժան է:
Նույն աղբյուրի վկայությամբ՝ իրավախախտումները կատարվել են երկու ճանապարհով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առեւտրի կետերում իրացրել կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են «Բիո-ֆուդ», «Բրենդ լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» եւ «Արդիս» ՍՊԸ-ները: Մյուս դեպքում սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել որպես կարագ: Այդ ընկերություններն են «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Սթար դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք» ՍՊԸ-ները:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ բոլոր ընկերությունները հանձնաժողովի որոշմամբ մանրածախ առեւտրի ոլորտում համարվում են գերիշխող: ՏՄՊՊՀ որոշմամբ  անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար այդ ընկերությունները տուգանվեցին 3 մլն դրամով յուրաքանչյուր իրավախախտման համար: Տուգանքի ընդհանուր չափը կազմեց շուրջ 30 մլն դրամ: Այդպիսով՝ ՏՄՊՊՀ-ն համոզված է, որ խախտումներն այս ոլորտում վերացված են:  
Միգուցե  ՏՄՊՊՀ-ն  տեղեկացված չէ, սակայն «Ժողովուրդ»-ի շրջայցը մայրաքաղաքի մի քանի խանութներում հակառակն ապացուցեց: Խանութների ցանկը չենք հրապարակում գովազդից խուսափելու համար, սակայն Հարավարեւմտյան թաղամասի մի քանի մեծ ու փոքր առեւտրի կետերում առկա է առանց մակնշման, նույնիսկ առանց գրավոր տեղեկության վաճառվող բուսասերուցքային սպրեդ:   
Արդյոք տեղեկացված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում  տնտեսվարողի նկատմամբ, որը մոլորեցնում է հասարակությանը` առաջարկելով նույնանման կեղծ ապրանքներ: Այս առթիվ մեզ պարզաբանումներ տվեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվության բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ ծառայության կողմից լուրջ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ. «Կարագ ներկրող ընկերությունները սահմանի վրա անցնում են պարտադիր սերտիֆիկացում: Ուստի ե՛ւ խոշոր ընկերությունները, ե՛ւ խանութներն ունեն համապատասխան օրինական փաստաթուղթ բուսասերուցքային սփրեդ վաճառելու համար: Հետեւողական հաճախորդը կարող է այն պահանջել խանութներում»:
Ինչեւէ, անկախ պատկան մարմինների ձեռնարկած միջոցառումներից՝ խնդրի լուծման ճանապարհին կան բացթողումներ, որոնք խախտում են սպառողի իրավունքները:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս