ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտյան, Շիրակի մարզի Փանիկ գյուղում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Սեփական տան ձեղնահարկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել նույն գյուղի բնակիչ 62-ամյա Ռաֆիկ Պետոյանը: Իրավապահները նրա մոտ որեւէ գրություն չեն հայտնաբերել: Հայտնի է, որ նրա մարմինը ձեղնահարկում գտել է կինը՝ Նինա Պետոյանը: Գյուղացիները տարակուսած են, թե ինչը կարող էր դրդել նրան գնալ այդ քայլին: Մեզ հաջողվեց պարզել, որ ինքնասպանություն գործած անձն ապրում էր որդու ընտանիքի հետ, ուներ թոռներ, կին:
«Նորմալ հայկական ընտանիք է»,-ասաց Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը: Նա «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ընտանիքը սոցիալական շատ վատ պայմաններում չի ապրել, ինչը կարող էր ենթադրության պատճառ դառնալ, որ գուցե դա է ստիպել Ռաֆիկ Պետոյանին գնալ այդ քայլին: Թեեւ ասում են՝ ընտանիքի հոգսը շատ է եղել: «Զբաղվում էին անասնապահությամբ, աշխատող մարդ էր: Ամբողջ կյանքն աշխատել, ընտանիքը պահել է: Ո՞վ գիտե՝ ինչն է դրդել, որ ինքնասպանություն գործի»,-նշեց համայնքի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը:
«Մենք էսօր էնքան դժվար պայմաններում կապրինք, որ ցանկացած մեկիս համար էլ էս կյանքը տանջանք է դառել: Ուղղակի մեկն ուժեղ է, էն մյուսը կարող է մի քիչ ավելի ծանր տանի սոցիալական դժվար պայմանները, չի դիմանա, երտա էդ քայլին: Բայց թե էդ ամեն ինչը մեր ենթադրություններն են: Չենք կարող ասել, թե խեղճ մարդուն ինչ է եղել, որ ստիպված կյանքին վերջ է տվել»,-պատմեցին Ռաֆիկ Պետոյանի համագյուղացիները:
Վերջիններս եւս նրան բնութագրում են որպես համեստ, ոչնչով աչքի չընկնող անձնավորություն: Ասում են՝ երբեք որեւէ մեկի գործին չէր խառնվում, միշտ զբաղված էր սեփական ընտանիքի հոգսը հոգալով: «Մենք զարմացած ենք, անկեղծ ասած` երբեք չէինք մտածի, որ Ռաֆիկը նման քայլի կգնար: Լավ ընտանիք ուներ, ուրախանում ու հպարտանում էր թոռներով, բայց թե ինչի նման դեպք տեղի ունեցավ, չենք էլ կարող ենթադրել»,-մեզ հետ զրույցում նշեց Փանիկի բնակիչ Սամվել Հովնանյանը:
Գործի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է նախաքննություն: Դեպքի մանրամասները պարզաբանելու է Արթիկի քննչական բաժանմունքը: Հարուցվել է քրեական գործ:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շիրակ




Լրահոս