Երեկ գործող կառավարության վերջին նիստն էր: Մինչ նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարներն օրակարգային հարցեր էին ներկայացնում Տիգրան Սարգսյանին, դրսում՝ կառավարության շենքի մոտ, հուսահատ քաղաքացիներն իրենց դժգոհությունն էին արտահայտում ամենատարբեր խնդիրների վերաբերյալ: Սակայն նրանց որեւէ մեկն ականջալուր չեղավ:
Կառավարության շենքի մոտ կոնդեցիների մի բազմամարդ խումբ էր հավաքվել, որոնք դժգոհում էին գործադիրի աշխատանքներից: Բանն այն է, որ այս մարդկանց «պետական կարիքների» անվան տակ խաբել, իրենց սեփական բնակարաններից դուրս են հանել, իսկ նորակառույց էլիտարն էլ երկրորդ հարկից վերեւ չի բարձրանում: Կոնդեցիները պնդում էին, որ կառավարության անդամները ցեղասպանություն են իրականացնում բնակիչների նկատմամբ՝ անտուն ու անօգնական թողնելով նրանց: «Երեք երեխաներիս հետ անօթեւան ենք մնացել, ու արդեն չորրորդ տարին է՝ մեր խնդիրը լուծող չկա: Ո՞ւր են նայում մեր ղեկավարները»,-ասաց Կոնդի բնակիչներից մեկը:
Կառավարության շենքի բակ էր եկել նաեւ «Իրավունքի սեփականության պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը: «Ժողովուրդը կորցրել է իր հույսը բոլորի նկատմամբ: Մարդիկ ցանկանում են, որ նոր կառավարությունը գոնե կազմված կլինի տարբեր կուսակցությունների անդամներից, միգուցե այս դեպքում մի բան փոխվի»,-կարծիք հայտնեց նա:
Ընդդիմության ակտիվիստ Վարդգես Գասպարին էլ երեկ գործադիրի շենքի առջեւ էր: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց նրանից իմանալ, թե ինչի դեմ է բողոքում, Գասպարին պատասխանեց. «Ամեն ինչ գրված է պաստառի վրա»: Նրա վզից կախված էր այս տողերով պաստառ. «Բանակում սպանում, ինքնասպանում են: Դատաբժշկականում կեղծում են մահվան հանգամանքները: Սպանվածի ծնողներին ահաբեկում, հանրությանն ապատեղեկացնում են»:
Մայրաքաղաք էին եկել նաեւ գյուղացիներ: Կառավարության առջեւ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում Կոտայքի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ, որոնց դժգոհությունը կապված էր գյուղատնտեսության ոլորտի հետ: Մարդիկ բողոքում էին կաթի գների կտրուկ նվազումից: Կոտայքի մարզի բնակիչ Ղեւոնդ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Կաթի գնի կտրուկ իջեցման պատճառով անընդհատ գալիս հասնում ենք այստեղ: Օրը 10 դրամ իջեցնում են, վարկով փող ենք վերցրել, որ աշխատենք, հիմա մեր տղերքից երկուսն արդեն իրենց տները վաճառել են, ի՞նչ անենք»:
Նշենք, որ գյուղացիներից որեւէ մեկին այդպես էլ գործադիրի որեւէ անդամ չմոտեցավ եւ չլսեց: Անգամ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որ խոստանում էր դեմքով շրջվել դեպի գյուղը, հետնամուտքով ծլկեց:
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները երեկ ԱԺ ընդունարանի մուտքի մոտ մոտեցել են 5-րդ գումարման ԱԺ 1-ին նիստին մասնակցած ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Ըստ epress.am-ի՝ ծնողները պատգամավորին հակիրճ ներկայացրել են իրենց որդիների սպանության պատմությունները, ցույց են տվել նրանց խոշտանգված լուսանկարները ու խնդրել օգնել իրենց՝ բացահայտել սպանությունները: «10 տարի ապրել ենք Ռուսաստանում, այդքան այլազգիների մեջ մեզ ոչ ոք չվնասեց, եկանք Հայաստան, քանի որ տղաս լսել էր Սերժ Սարգսյանի ելույթն ու ոգեշնչված ասաց, որ անպայման գնալու է ծառայելու հայոց բանակում: Եկանք Հայաստան, որդիս գնաց ծառայության, ու սպանեցին Կարճաղբյուրի զորամասում: Լավ, գոնե մեկին պատժեին, հանգստանայինք ու խաղաղվեինք, փոխարենը բոլոր մեղավորների պաշտոնները բարձրացրին»,-ասել է 2007-ին զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Հայրապետյանը լսել է ծնողների բողոքն ու նշել. «Դուք հայի այն կարեւոր ու լավ տեսակն եք, հասկանում եմ, շատ ծանր է, ու ես դժվարանում եմ այս պահին ինչ-որ բան ասել, փոխարենը խոստանում եմ օգնել, քանի որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ եմ ու անպայման բարձրացնելու եմ այս հարցը»:
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՈՔ ՉԼՍԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ