ԵՐԴՈՒՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի երդմնակալության մեկ տարին: «Առաջիկա 5 տարիներին մեր պետության եւ ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ 3 հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն»,-մեկ տարի առաջ ԱԺ հատուկ նիստում խոստացել էր Սերժ Սարգսյանը: Այսօր, սակայն, պետք է արձանագրենք, որ նրա այս, ինչպես նաեւ մյուս խոստումները մնացել են թղթի վրա գրված. տնտեսությունն աճի փոխարեն դոփում է տեղում. 2012թ. տարեվերջին արձանագրվեց 3.5 տոկոս, իսկ այս տարվա հունվար-փետրվարին՝ 2.4 տոկոս աճ: Փոխարենն անկում է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում. այս տարի 4.1 տոկոս անկում է: Արտագաղթը շարունակում է պահպանել իր տեմպերը՝ 2013-ին ՀՀ-ից հեռացել է 41 հազար մարդ, աղքատությունը շարունակում է մնալ ավելի քան 32 տոկոս, իսկ գործազրկությունը եթե կրճատվել է, ապա՝ միայն բնակչության նվազման հետեւանքով: Ահա Սերժ Սարգսյանի տված երդման ապահով Հայաստանը:

 

 

 

Հովիկ Աբրահամյանը թեեւ մի կողմից՝ իր շրջապատի ներկայացուցիչներին պատրաստում է ՀՀ կառավարություն գնալու եւ այնտեղ աշխատելու համար, մյուս կողմից էլ՝ որոշել է «թանկացնել իրեն»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս, երբ նրան հարցրել են՝ կուզենա՞ դառնալ ՀՀ վարչապետ, Աբրահամյանը բավականին դժգոհ պատասխանել է. «Բյուջեում հազիվ 1.5 ամսվա աշխատավարձի փող է մնացել, այդ վիճակով ո՞նց գնամ կառավարություն»: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները՝ ասելով. «Նման խոսակցություն որեւէ մեկի հետ չի եղել ու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

 

 

 

Տեւական ժամանակ է՝ ՊԵԿ-ին մեծ դժվարությամբ է հաջողվում պետական բյուջեի գումարները հավաքագրել: Ավելին՝ լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ՊԵԿ-ի հարկային ծառայության տեսուչները զանգահարում են իրենց գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերին, ընկերությունների ղեկավարներին ու «ախպերականով» համոզում՝ վերսկսել աշխատանքները, որպեսզի իրենք էլ կարողանան «մի քանի կոպեկ փող» հավաքել: Անհատ ձեռնարկատերերից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմել է, որ հարկային տեսուչն իր մոտ դժգոհել է, որ հարկ հավաքելը գնալով ավելի ու ավելի է դժվարանում: Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից, սակայն, չցանկացան պատասխանել մեր հարցին: «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նպատակահարմար չի գտնում պատասխանել չհիմնավորված հարցադրումներին»,-եղավ պատասխանը:

 

 

 

Այսօր Գյումրիում պետք է կայանար «հրաշալի քառյակի»՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ: Սակայն հանրահավաք չի լինելու: Իրավիճակ է փոխվել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն կառավարությանը մաս կկազմի մի պայմանով, եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն եւս 7 կետանոց պահանջագիր է կազմել եւ առաջիկայում կհրապարակի. կետերց մեկը Պարտադիր կուտակային համակարգի վերացումն է: Ու եթե բոլոր 7 կետերը բավարարի Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ն էլ է համաձայն կառավարության մաս կազմել: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Ի. Տոնոյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ուրիշ ի՞նչ պայմաններ են առաջ քաշելու: «ԲՀԿ-ի գործողությունների հետ կապված մշտապես տեղեկություններ տրամադրվում են, ինչ կապված է այդ քննարկումների հետ, ապա ես որեւէ տեղեկություն չունեմ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց Տոնոյանը:

 

 

 

ԹՇՆԱՄԻՆ` ՏՆԻՑ

Մինչ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր հարթակներից իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնում Ռուսաստանին, մեր ռազմավարական դաշնակիցը շարունակում է ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնել թշնամական Ադրբեջանի հետ: Անցած չորս տարիներին Ադրբեջանին ավելի քան չորս միլիարդի զենքի վաճառքն, ըստ ամենայնի, բավարար չէ, եւ առաջիկայում պետք է սպասել ադրբեջանական զինուժը ռուսական նոր զինատեսակներով համալրելու հերթական գործարքներին:
Համենայնդեպս` Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն, ով այս օրերին Բաքվում բանակցություններ էր վարում Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ, նախօրեին հայտարարել է, որ առաջիկայում է՛լ ավելի է ընդլայնվելու ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը: Իսկ ահա Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը գոհունակությամբ արձանագրել է. «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է: Շարունակվում է մեծ գործարքների իրականացումը: Մենք համագործակցում ենք շատ ոլորտներում, եւ այդ համագործակցությունը հաջող է ընթանում»:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու գործընթացին Հայաստանում որեւէ մեկն այլեւս չի ընդդիմանում: 2010 թվականին, երբ ռուսներն Ադրբեջանին վաճառեցին Հայաստանի անվտանգության համար ռազմավարական կարեւորություն ունեցող C-300 զենիթահրթիռային կայանները, Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ: Ընդ որում` ոչ միայն հասարակական, քաղաքական, այլ նաեւ պետական մակարդակով: Մինչդեռ այսօր, երբ Ռուսաստանը շարունակում է զինել արդեն վերջնականապես վասալացված Հայաստանի հակառակորդ երկրին, ոչ միան ՀՀ իշխանությունները, այլեւ անգամ ոչ իշխանական քաղաքական ուժերը առանձնապես ծպտուն չեն հանում: Այսօր Հայաստանում մեկնարկել է Ռուսաստանին հաճոյանալու եւ քծնելու մրցավազք, որում, ինչքան էլ տխուր է` ոչ իշխանական ուժերն առաջ են անցնում անգամ իշխող Հանրապետականից:
Իսկ այդ ընթացքում Մոսկվան շարունակում է իր «զենքի բիզնեսը» (ինչպես հիշում ենք` անցած ամռանը Բաքվին «Սմերչ»-ի վաճառքը հենց այդպես էր բնորոշել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան): Եվ ստացվում է, որ ռուսական զենքից են զոհվում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ զինվորները: Հետաքրքիր է, ո՞ր երկրի արտադրության զենքով էր նախօրեին ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը փորձել հատել ԼՂՀ սահմանը, եւ ո՞ր երկրի արտադրության ականի վրա պայթելով` 3 զոհ եւ 6 վիրավոր ունեցավ:




Լրահոս