Այսօր Խորհրդային միության նշանավոր զորահրամանատար, մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին:
Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին նա նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում: Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Վերջինս զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։ Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։
1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։
Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հիմնել է «Մարշալ Բաղրամյան» մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները։
Մահացել է 1982թ. սեպտեմբերի 21-ին: