ԵՐԵԽԱՆ «ԱՑԵՏՈՆ» ԷՐ ԽՄԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ օրը հայտնի դարձավ, որ 2 տարեկան Դավիթ Քարամյանին շտապ տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն, քանի որ  փոքրիկը,  օգտվելով մեծահասակների անուշադրությունից, պահարանի վրայից վերցնել է «ացետոնի» սրվակը եւ խմել հեղուկը: Երեխան Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 9 շենքի 28-րդ բնակարանի բնակիչ է:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկանալ, թե ինչպես է իրեն զգում  2-ամյա «չարաճճին»:  «Մուրացան» բ/կ-ում մեզ տեղեկացրին, որ նման ազգանունով հիվանդ իրենց մոտ չի գրանցվել: ՀՀ փրկարարական ծառայության լրատվության բաժնից էլ ասացին, որ ԱԻՆ պաշտոնական կայքում գրված այդ հաղորդագրությունն իրենց է տրամադրել Կենտրոնի շտապօգնության ծառայությունը, եւ «ավելին ասել չեն կարող»:
«Մուրացան» բ/կ-ի հերթապահ քույր Հասմիկ Նազարյանը մեզ տեղեկացրեց, որ իսկապես նշված ժամին թունավորման կասկածանքով շտապօգնության 43 բրիգադով իրենց մոտ է տեղափոխվել 11.03.2010թ. ծնված Դավիթ Կարամաջյանը, այլ ոչ Քարամյանը: Հերթապահ բուժքրոջ վկայությամբ՝ մանկիկի ծնողները հրաժարվել են ստացիոնար բուժումից, որի կապակցությամբ տվել են գրավոր բացատրություն:
Դ. Կարամաջյանի մայրը` 24-ամյա Գայանեն, «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց. «Բժիշկները վտանգավոր ոչինչ չգտան երեխայիս մոտ, ասացին՝ կարիք չկա բժշկական միջամտության եւ տուն ուղարկեցին: Փոքրիկը հիմա իրեն հրաշալի է զգում, միայն մեր վախը մնաց»: Մայրը պատմեց նաեւ, որ Դավիթը կողքի սենյակի զարդասեղանի վրայից վերցրել է «ացետոնի» սրվակը ու իրենց կարծիքով՝  խմել, քանի որ նա, ուժգին լացելով, դուրս է եկել ննջարանից: «Դե, մենք էլ հարկ համարեցինք տեղափոխել հիվանդանոց: Փառք աստծո, տղաս հիմա շատ լավ է»,-նշեց Գայանե Կարամաջյանը:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս