ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ գազի գնի բարձրացման: Նրանք վանկարկում էին «գողեր», «մարդասպաններ»: Ակցիայի մասնակիցները պահանջում էին բացատրել, թե ինչու 1000 խմ դիմաց 189 դոլարով Հայաստան առաքվող գազը քաղաքացիներին է հասնում 393 դոլարով: Իրենց հարցերի պատասխանները պահանջում են թե՛ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանից, թե՛ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանից:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞րն է համարվում ապրանքի որակի խախտում: Ի՞նչ պետք է լինի, որ համապատասխան կառույցները դա խախտում համարեն:

Ալլա Պողոսյան (59 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաեւ այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո եւ նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվել պայմանագիրը կատարելուց եւ պահանջել վերադարձնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքի, ծառայության) փոխարինելու պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքի, ծառայության):

Շուկայի վերահսկողության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սպառողական շուկայում առաջացած խնդիրները բազմազան են: Օրինակ՝ առեւտրի կենտրոններում հնարավոր է տեսնել ապրանքներ, որոնց վրայից բացակայում է հայերեն մակնշման պիտակը, պիտանիության ժամկետը, բաղադրության, պահպանման պայմանների մասին տեղեկատվությունը եւ այլն: Հորդորում ենք մեր հայրենակիցներին, նախքան որեւէ պարենային ապրանք գնելը, ուշադրություն դարձնել որակական այս հատկանիշներին:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` շենքերի սեյսմակայունության ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ քայլերի մասին է խոսքը, որո՞նք են դրանք:

Մարատ Մանուկյան (43 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ շենքերի սեյսմակայունության պահպանման բնագավառում իրականացվում են հետեւյալ աշխատանքները՝
1) սեյսմակայուն շինարարության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի դաշտի մշտապես կատարելագործում ու արդիականացում,
2) սեյսմակայուն շինարարության ոլորտում փորձարարակոնստրուկտորական աշխատանքների իրականացման գործընթացի եւ գիտատեխնիկական առաջընթացի խթանում,
3) շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացմանն ուղղված նոր մեթոդների եւ ժամանակակից տեխնոլոգիաների մշակման եւ արտադրությունում ներդրման կազմակերպում ու համակարգում,
4) շենքերի անձնագրավորումը եւ անձնագրային տվյալների միասնական համակարգչային բազայի ստեղծում ու մշտապես համալրում,
5) շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ առաջնահերթությունների սահմանում,
6) շինարարության ոլորտի ինժեներատեխնիկական եւ բանվորական մասնագիտական կադրերի հետեւողական վերապատրաստում ու մասնագիտական ունակությունների մշտապես կատարելագործում,
7) բնակչությանը սեյսմիկ վտանգի մակարդակի եւ սեյսմիկ ռիսկի մեծության, շենքերի սեյսմակայունության բարձրացման եւ դրանց պահպանման պարտադիր նորմերի կատարման կարեւորության մասին հետեւողականորեն իրազեկում:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասն արդեն իսկ մոտենում է վթարային սահմանագծին: Դրանց մեծ մասի շահագործման ժամկետները վաղուց արդեն սպառվել են, սակայն համապատասխան կառույցները չափազանց դանդաղ են քայլեր իրականացնում` խիստ սահմանափակ թվով շենքեր վերականգնելով:

 

 

 

ՀԱՐՑ. Կուզեի իմանալ, թե ստուգման ակտն ընդհանրապես ինչ ժամկետում կարելի է բողոքարկել: Եվ խնդրում եմ ասեք՝ հարկային տեսուչը, ստուգման հանձնարարագրում նշված ստուգմանն անհրաժեշտ փաստաթղթից բացի, իրավունք ունի պահանջել նաեւ այլ փաստաթղթեր:

Դավիթ Մնացականյան (54 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ 2000 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով, համաձայն որի՝ ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն): Միաժամանակ, օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն, մասնավորապես, պահանջել փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.
Միաժամանակ հայտնում ենք, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, ըստ որի՝ Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք) կամ դատարան:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, եթե բողոքարկելու կամ որոշակի դժգոհություններ ներկայացնելու խնդիրներ են առաջանում, ապա ցանկալի է, որ դրանք իրականացվեն սահմանված ժամկետների շրջանակներում՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար:




Լրահոս