ՔԵՍԱԲՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԴԱՐՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը գտնվում է Սիրիայում՝ քեսաբահայերին պաշտպանելու նպատակով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ պատգամավորն ասաց, որ իրադրությունը վերահսկվում է. «Հիմա 28 հայերից մոտ 20-ին տեղափոխել են Թուրքիայի տարածք, իսկ 8 հոգին անհայտ կորած է: Կոտորած, մորթել եւ այլ նման բաներ չեն եղել: Ցավոք սրտի, այստեղ մի թերություն կա, տեղական համայնքի իշխանությունները վախեցած են եւ զենքով պաշտպանվելը սխալ են համարում»: Ըստ Վահան Բադասյանի՝ իրեն ցավ է պատճառել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերը, թե ուրիշ երկրների միջեւ տեղի ունեցող վեճերին մենք չպետք է խառնվենք. «Բայց խոսքը ուրիշ երկրների մասին չէ, խոսքը հազարավոր քեսաբցիներին է վերաբերում, այստեղ ցեղասպանության իրագործման հարց կա: Եթե ողջ լիներ Դրոն, Գարեգին Նժդեհը, այդպիսի դաշնակցականին կգնդակահարեին: Ես զարմանում եմ՝ ինչ վիճակի է հասել մեր ավանդական կուսակցությունը: Ցավ եմ ապրում: Չեմ ընդունում այն տեսակետը, թե սա մեր գործը չէ, սա ուրիշ երկրների գործն է»,- ասաց Արցախի խորհրդարանի պատգամավորը:

 

 

 

 

ԵԽԽՎ նախօրեին ընդունված բանաձեւի համաձայն՝ ՌԴ պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից, ինչի պատճառով ռուս պատգամավորներն, ի նշան բողոքի, լքել են ԵԽԽՎ-ն: Տեսակետ կա, որ տեղի ունեցածը, թերեւս, իր անդրադարձը կունենա նաեւ հայկական պատվիրակության վրա. չի բացառվում, որ ՌԴ-ն, օգտագործելով իր լծակները, Հայաստանին ստիպի ԵԽԽՎ-ում որոշ դեմարշներ անել: «Ժողովուրդ»-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին հարցրեց` հնարավոր է` ԵԽԽՎ-ից ՌԴ դուրս գալուց հետո նաեւ Հայաստանը լքի այդ կառույցը, որքանո՞վ է հավանական այս տարբերակը: «Հավանականությունը զրո տոկոս է: Բացառում եմ»,-ասաց պարոն Հարությունյանը:

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը հոգացել է, որպեսզի Հանրապետական կուսակցությունը ՀՀ պետական բյուջեից կողմնակի եկամուտներ ունենա: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀԿ-ի միջեւ կնքված մի պայմանագիր, համաձայն որի՝ Վայոց ձորի մարզում, Վայք քաղաքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տարածք է վարձակալել հենց իշխող ՀՀԿ-ից: Ավելին՝ այդ նպատակով նախարարությունը 206 հազար դրամ է վճարում իշխող կուսակցությանը: Փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանություններն անգամ պետական բյուջեն մաս-մաս են անում իրար մեջ` «ոչ մի թիզ հող թշնամուն» կամ «ոչ մի լումա ոչ յուրայինին» սկզբունքով:

 

 

 
Մինչ մեր հայրենակիցները շունչները պահած սպասում են, թե երբ եւ ով է նշանակվելու ՀՀ վարչապետ, իսկ քաղաքական ուժերն էլ շարունակում են կռիվ տալ վարչապետի պաշտոնի համար, սրան զուգահեռ Հայաստանը դատարկվում է: Սյունիքի մարզի Խդրանց համայնքի ղեկավար Գնել Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին համայնքից շուրջ 72 երիտասարդ ընտանիք գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այդ գյուղում դպրոց չկա, կա ընդամենը 2 աշակերտ՝ այն էլ գյուղապետի երեխաներն են: «Երբեւէ դպրոց չենք ունեցել: Ես էլ ուզում եմ պեչատս, մանդատս հանձնեմ ու գնամ: Այ ցավդ տանեմ, 58 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Ապրում եմ կնոջս, երկու երեխաներիս եւ մորս հետ: Դուք ո՞նց եք պատկերացնում՝ այդքան գումարով ընտանիքիս ինչպե՞ս պահեմ: Գնալու եմ Ռուսաստան, բա մնամ ի՞նչ անեմ: Երեխաներս մեծանում են, որտե՞ղ պետք է ապրեն, սովորեն»,- իր պլանների մասին այսպես արտահայտվեց հուսահատ գյուղապետը:

 

 
ԱՆԴՐԿՈՒԼԻՍԱՅԻՆ

Այն, որ Ռ. Քոչարյանի օրոք «գորշ կարդինալ»-ի համարում ունեցող Սերժ Սարգսյանը նախագահի աթոռը ստանձնելուց հետո էլ չձերբազատվեց կուլիսային քաղաքականություն վարելու սովորույթից, հայտնի է բոլորին: Իր ելույթներում մշտապես պետական գործչի իմիջով ներկայանալ փորձող Սարգսյանն անցած տարիներին այդպես էլ ոչինչ չարեց` ամրագրելու երկրի ղեկավարի հարգանքը ՀՀ պետական եւ քաղաքական ինստիտուտների նկատմամբ: Ընդհակառակը, նա իր կայացրած միանձնյա բազմիցս որոշումներով անհեթեթ վիճակի մեջ է դրել սեփական թիմի անդամներին: Բավական է հիշել հենց միայն սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը, որից ընդամենը ժամեր առաջ ՀՀԿ վերնախավը գրեթե «մամայի արեւ» երդվում էր, որ ՀՀ-ն ստորագրելու է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը:
Նույնպիսի ծիծաղելի վիճակում հայտնվեցին ՀՀԿ-ականները նաեւ վարչապետի պաշտոնանկության դեպքում: Դրանից ընդամենը հաշված օրեր առաջ ՀՀԿ մամուլի խոսնակը կառավարության հրաժարականի մասին խոսողներին խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել, իսկ հենց ինքը` Տիգրան Սարգսյանը, իր ընդդիմախոսներին «ջհանդամն» էր ուղարկում սեփական հրաժարականից ընդամենը չորս ժամ առաջ:
ՀՀ պետական եւ քաղաքական համակարգի նկատմամբ իշխանությունների այս վերաբերմունքը արդարացիորեն քննադատվել է ընդդիմության կողմից: Սակայն, որ այդ առումով ընդդիմությունն ինքն էլ առանձնապես չի տարբերվում: Այստեղ եւս բոլոր որոշումներն ընդունվում են կուսակցությունների առաջնորդների կողմից` միանձնյա, եւ առավելապես` կուլիսային գործընթացների արդյունքում: Դրա վառ օրինակն են այս օրերին տարբեր ֆորմատներով ընթացող քաղաքական կոնսուլտացիաները, որոնց իրական բովանդակության, առավել եւս` նպատակի մասին, մինչեւ վերջ տեղյակ չեն ոչ միայն հանրությունը կամ այդ ուժերի շարքային անդամները, այլեւ անգամ այդ հանդիպումների մասնակիցները:
ԲՀԿ ղեկավար կազմի անդամները չեն հանդգնում նույնիսկ ամենաանմեղ հարցի շուրջ որեւէ բան ասել` առանց Գագիկ Ծառուկյանի, կամ առնվազն Նաիրա Զոհրաբյանի հետ ճշտելու: Անգամ Վարդան Օսկանյանն այլեւս «սեփական կարծիք» չունի: Փոքր-ինչ ավելի ազատ են արտահայտվում ՀԱԿ անդամները, սակայն դրանից որեւէ բան չի փոխվում, քանզի դարձյալ` որոշումները կայացնում է բացառապես Տեր-Պետրոսյանը: Իսկ ահա «Ժառանգություն»-ում ով ինչ ուզում` ասում է, բայց վերջին պահին ԱՄՆ-ից գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ բոլորին ստիպում «զադնի տալ»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այստեղ, չնայած թվացյալ կոլեգիալությանը, որոշումները կայացվում են հայտնի չէ, թե որտեղ, եւ հայտնի չէ, թե ում կողմից: Եվ արդյունքում` մենք ունենում ենք մի քաղաքական դաշտ, որտեղ բոլոր գործընթացները ծավալվում են ընդամենը 5-6 հոգու կուլիսային բանակցությունների արդյունքում, իսկ մնացածները զբաղվում են դրանք հանրության վզին հնարավորինս նրբորեն փաթաթելով:




Լրահոս