ԵՐԿՈՒՍԻՑ ԵՐԵՔԸ՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի չի հնչի, եթե ասենք, որ ՀՀ-ում կուսակցական քաղաքացիների թիվը գերազանցում է ՀՀ իրական բնակչությանը: Համենայնդեպս, նման դատողության հիմք են տալիս իրենց անդամների թվի վերաբերյալ կուսակցությունների ներկայացրած փաստաթղթերը:
ՀՀ արդարդատության նախարարությունում այսօր գրանցված է 76 կուսակցություն: Ընդ որում միայն վերջին 1 տարում ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 5 կուսակցություն՝ «Հնչակյան», «Շրջադարձ», «Չորրորդ հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», «Հայք հայկազուններ», եւ ինքնալուծարվել է 1 քաղաքական ուժ՝ Առաջադիմական կուսակցությունը, որն էլ միացել է ԲՀԿ-ին: Ինչպես հայտնի է, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը քաղաքական կուսակցությունների առաջ հստակ պահանջ է ներկայացնում՝ ունենալ նվազագույնը 2.000 անդամ: Սակայն հայաստանյան կուսակցություններն անդամների թվի առումով, մեղմ ասած, «համը հանել են»:
«ՀՀ ԱԺ 2012թ. ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններ. ընտրողի ուղեցույց» գրքում ներկայացված են խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր 18 կուսակցությունների տվյալները (այդ կուսակցություններից 13-ն ընտրություններին մասնակցել են «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կազմում): Ի դեպ, հատկանշական է, այդ կուսակցություններից միայն ԲՀԿ-ն իր անդամների թվի մասին որեւէ տվյալ չի հրապարակել: Ժամանակին, երբ ԲՀԿ-ն նոր էր ձեւավորվել, այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ն 400.000 անդամ ունի: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, ասաց, թե կուսակցության անդամների ստույգ թիվ չի կարող ասել, քանի որ ԲՀԿ-ին անդամագրումն ամենօրյա պրոցես է, եւ այդ թիվն օր օրի ավելանում է: «Այս ընտրություններում ԲՀԿ-ն ստացել է ավելի քան 450 հազ. ձայն, եւ դա ցույց է տալիս, որ մեր կուսակցությունը Հայաստանի ամենահզոր քաղաքական ուժերից մեկն է»,-նշեց նա:
Անդամների թվով իր մեծությամբ երկրորդ կուսակցությունը ՀՀԿ-ն է: Այն, ըստ ներկայացված փաստաթղթերի, ունի 150.000 անդամ: Ընդ որում ՀՀԿ անդամների 51 տոկոսը կանայք են: ՕԵԿ-ը եւս, պաշտոնական տվյալների համաձայն, ունի 150.000 անդամ: Ճիշտ է, ԱԺ ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ 150-հազարանոց ուժին քվեարկել է մոտ 70.000-ը, այս կուսակցությունը սառեցրեց ՕԵԿ-ականների անդամակցությունը, ու հիմա նոր ընդունելություն է ընթանում:
ՀՅԴ-ն հարցաթերթիկի լրացման պահին ունի 6.785 անդամ, «Ժառանգություն»-ը՝ 6.450: Ըստ ներկայացված տվյալների՝ 19.730 անդամ ունի Կոմունիստական կուսակցությունը, իսկ Դեմոկրատական կուսակցությունը՝ 3.700 անդամ: «Միավորված հայեր» կուսակցության անդամների թիվն էլ հասնում է 4.364-ի:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա հիշատակված գրքում ՀԱԿ-ում միավորված կուսակցությունների տվյալները ներկայացված են առանձին-առանձին: Ըստ այդմ՝ ՀԱԿ կուսակցություններից ամենամեծը Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն է՝ 23.400 անդամ: «Հայոց համազգային շարժում» կուսակցությունն ունի 7.750 անդամ, Հրանտ Բագրատյանի «Ազատություն»-ը՝ 2.641 անդամ: Պետրոս Մակեյանի ԺՀԿ-ն ունի 4.874, Մանուել Գասպարյանի ԺՈՒԿ-ը՝ 4.875, Պահպանողական կուսակցությունը՝ 2.700 անդամ, իսկ Կանաչների կուսակցության անդամների թիվը 2.300 է: ՍԴՀԿ-ն էլ ունի 4.600 անդամ: Սակայն ՀԱԿ անդամ կուսակցություններից ամենաուշագրավը Արշակ Բակլաչյանի «Հայոց հայրենիք»-ն է: Կոնգրեսի անդամների մեծամասնությունը դժվարությամբ է մտաբերում այս կուսակցությանն ու դրա նախագահին, եթե իհարկե, մտաբերում էլ է: Բայց արի՛ ու տես, որ «Հայոց հայրենիք»-ը պաշտոնական տվյալներով ունի 18.825 անդամ: Վերջերս ՀԱԿ-ից հեռացած «Հանրապետություն» կուսակցությունը, նույն տվյալների համաձայն, ունի 5.500 անդամ, իսկ Հայաստանի լիբերալ կուսակցությունը՝ 4.123 անդամ: Ս. Գիմիշյանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը պաշտոնական տվյալներով ունի 2.150 անդամ:
Իրենց թվաքանակով չեն զիջում նաեւ ԱԺ ընտրություններին պաշտոնապես չմասնակցած կուսակցությունները: Օրինակ՝ «Ազգային միաբանություն»-ն ունի 26.853 անդամ: 15.000 անդամ ունի ԺԱԿ կուսակցությունը, իսկ Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ կուսակցության անդամների թիվը 2.863 է: Պարզվում է՝ 4.000-ից ավելի անդամ ունենալու մասին է հայտարարել նաեւ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ»-ը: ՄԱԿ-ը, որի նախագահ Գուրգեն Արսենյանը ԲՀԿ ցուցակով դարձել է պատգամավոր, ունի 4.750 անդամ: 2.000 անդամ էլ ունի ԱԺՄ-ն:
Մեզ հաջողվել է պարզել 26 կուսակցության տվյալ: Սակայն սա ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցությունների 20 տոկոսն է: Այս 26 կուսակցությունների անդամների թվային գումարը կազմում է 849.933 մարդ: Եթե նկատի ունենանք, որ կա եւս 50 կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրը, օրենքի համաձայն, պետք է ունենա 2.000-ական անդամ, ապա կստացվի, որ ՀՀ-ում կա եւս 100.000 կուսակցական: Ասել է թե՝ ՀՀ-ում պաշտոնական տվյալներով կա 949.933 կուսակցական:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս