ԿԻՍԱՏ ՊԱՅՔԱՐԸ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ սկսված հետապնդումները տարաբնույթ մեկնաբանությունների արժանացան: Քաղաքական դաշտում հակված են կարծել, որ պետք չէր Օսկանյանի հետ այդ կերպ վարվել, քանի որ նրա թիկունքին տարբեր ուժեր կան կանգնած, եւ չարժեր, որ Հայաստանը նրանց հետ սրեր հարաբերությունները: Շատ քաղաքագետներ էլ կարծում են, որ այս նախազգուշացումը պետք էր, որպեսզի ԲՀԿ-ում զգաստ մնան ու “չափները ճանաչեն”: Բայց որ փողերի լվացման մեղադրանքը միայն քրեական հարթությունում չի քննարկվում, դա աներկբա է:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` ի՞նչ պիտի անեն խորհրդարան մտած ուժերը: Արդյոք նրանք պետք է պաշտպանեն Վարդան Օսկանյանին: Եւ, ընդհանրապես, Դուք Վարդան Օսկանյանին քաղաքական հալածյալ համարո՞ւմ եք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Վարդան Օսկանյանին պաշտպանություն է պետք, նա պետք է պաշտպանվի օրենքով: Ավելացնեմ նաեւ, որ ես կտրականապես դեմ եմ քաղաքական հետապնդմանը եւ, առհասարակ, հետապնդման որեւէ դրսեւորմանը: Քաղաքական հետապնդման ենթատեքստի հետ կապված՝ ասեմ, որ Հանրապետական կուսակցությանը բոլորովին պետք չէր Վարդան Օսկանյանին որպես քաղաքական եւ պետական գործչի աղբամանից հանելը, դա բացարձակապես չէր փոխի ՀՀԿ-ի քաղաքական շահերը: Ես ընդհանրապես դեմ եմ այն կարծիքներին, որ Վարդան Օսկանյանի կամ չասենք հենց նրա օրինակը, այլ ուրիշ քրեական գործ է հարուցվում, միանգամից ասում են, որ դա քաղաքական ենթատեքստ ունի: Ամենահեշտն այդպես ներկայացնելն է: Եւս մեկ անգամ վստահ հայտարարում եմ, որ այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ գոյություն չունի: Եկե՛ք չշտապենք, չարագացնենք իրադարձությունները: Իրերն իրենց անունները կգտնեն եւ իրենց բնորոշումը կտան: 
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր, ՀՔԴՄ նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, մեր երկրում պարբերաբար այսպիսի պատմություններ են առաջ գալիս, այսինքն՝ ոչ միայն այս իշխանությունների օրոք, այլեւ նախորդ իշխանությունների դեպքում էլ է այդպես եղել: Դարձել է ավանդույթ: Եթե ինչ-որ մեկը, այսպես ասած, իշխանություններին խանգարող դեր է կատարում, հայտնվում է այլ իրավիճակում: Սկսել ենք նաեւ չզարմանալ: Ինձ համար մի բան է անհասկանալի. ամբողջ պատմությունը պետք է բացահայտված լիներ այն ժամանակ, երբ իրենք նախանշել էին, թե ինչ է կատարվում: Շատ ուրախ կլինեի, որ այնպիսի զրնգուն անուններ լսեինք, որոնք այսպիսի գործողություններ են կատարել եւ դեռ կատարում են: Կիսատ պայքարը պատիվ չի բերում, իսկ խորհրդարանական ուժերը պետք է պայքարեն այսպիսի դեպքերի դեմ:
ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի դեմոկրատական 
կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ տեղեկությունները բավարար չեն գնահատական տալու համար, բայց ես ոչինչ չեմ բացառում: Այնքան բան եմ տեսել այս տարիների ընթացքում, որ ոչնչից չեմ զարմանում, իսկ ուրիշների փոխարեն ոչինչ ասել չեմ կարող:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ

Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս