Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատում ներկայացվել է հանրագիր, որով պահանջվում է Օտտավայում ԱՄՆ դեսպան Փիթ Հուկստրային անցանկալի անձ՝ persona non grata հայտարարել և հասնել նրա հետկանչին։ Հանրագիրը ստորագրել է 285 993 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայի խորհրդարանի պաշտոնական կայքից։
Հանրագիրը նոյեմբերի 26-ին խորհրդարան է ներկայացրել Կանադայի Կանաչների կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Մեյը։ Այն նախաձեռնել է Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքի բնակիչ Լիան Ուոքերը։ Ստորագրահավաքը մեկնարկել էր հուլիսի 21-ին և ավարտվել նոյեմբերի 18-ին։
Հանրագրում նշվում է, որ ԱՄՆ դեսպան Փիթ Հուկստրան բազմիցս հրապարակային հայտարարություններ է արել, որոնք, հեղինակների գնահատմամբ, վնասում են Կանադայի և Միացյալ Նահանգների դիվանագիտական հարաբերություններին։ Մասնավորապես, նրան քննադատում են 2025 թվականի Կանադայի դաշնային ընտրությունները «հակաամերիկյան» բնութագրելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադան Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ դարձնելու մասին հայտարարությունները մեղմ ներկայացնելու համար։
Հանրագրի հեղինակները նաև պնդում են, որ Հուկստրան միջամտել է Կանադայի ներքին քաղաքական քննարկումներին, մինչդեռ հենց ինքը Կանադային մեղադրել է ԱՄՆ ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ։ Փաստաթղթում բարձրացվում են նաև հարցեր ամերիկյան դիվանագիտական շրջանակների և Ալբերտայի անջատողական շարժումների միջև հնարավոր կապերի վերաբերյալ։ Սրանք հանրագրի հեղինակների ներկայացրած պնդումներն են։
Հանրագրով Կանադայի կառավարությունից պահանջվում է ոչ միայն Հուկստրային անցանկալի անձ հայտարարել և պահանջել նրա հետկանչը, այլև ԱՄՆ-ի հետ բարձրացնել դեսպանի վարքագծի՝ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխանության հարցը։ Բացի այդ, առաջարկվում է խորհրդարանական հանձնաժողովին հանձնարարել ուսումնասիրել Կանադայի ներքին գործերին ԱՄՆ դիվանագիտական միջամտության հնարավոր դեպքերը։
Կանադայի խորհրդարանի կանոնների համաձայն՝ Համայնքների պալատ ներկայացված յուրաքանչյուր հանրագրին կառավարությունը պետք է պատասխանի 45 օրացուցային օրվա ընթացքում։ Սակայն հանրագրի ներկայացումը չի պարտավորեցնում իշխանություններին կատարել դրանում նշված պահանջները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոսել է Կանադան Միացյալ Նահանգների կազմում ընդգրկելու հնարավորության մասին։ Նա Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին նույնիսկ «նահանգապետ» է անվանել։ ԱՄՆ-ի և Կանադայի միջև վերջին շրջանում լարվածություն է առաջացել նաև առևտրային հարցերի շուրջ։
Անի Վարդանյան
























































































