ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի մեջ մեղադրելու ՀՀ ԱԱԾ-ի փորձերն անիմաստ են, քանի որ աշխարհում ընդհանրապես դժվար են ապացուցվում նման գործերը. դրանք կամաց-կամաց վերածվում են հարկային պարտավորությունների չկատարման: Այս կարծիքին է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որի հետ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մոսկվայում:
-Պարո՛ն Կարապետյան, ՀՀ-ն նոր կառավարություն ունի՝ հին դեմքերով: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չհաջողվեց փոխել գործադիրի կազմը, ինչը խոստացել էր:
-Ես հենց «Ժողովուրդ» օրաթերթին ասել էի, որ Ս. Սարգսյանը միայն պարում է: Ոչինչ չփոխելը նրա գործելաոճն է: Բայց աշխարհում ամեն ինչ այնքան բուռն է զարգանում, այնպիսի նոր դեմքեր են փոխարինում հներին, որ այսօրվա Հայաստանի իրավիճակը նոնսենս է:
-Ասում են՝ կայունության համար է արվում:
-Չկա այդպիսի կեղծ գաղափար, որ դա կայունության համար է արվում: Ես միշտ ասել եմ՝ ամենամեծ կայունությունը գերեզմանոցում է: Եթե Ս. Սարգսյանն ուզում է երկիրը սարքել գերեզմանատուն, ապա այդ դեպքում ամեն ինչ հասկանալի է:
-Ս. Սարգսյանը պարզաբանեց, որ հեղափոխական փոփոխություններ չի արել, սակայն հեղափոխական փոփոխություններ կանի գործադիրը:
-Պետք է վերջապես հասկանալ, որ հին դեմքերով փոփոխություն անել անհնար է. դա ուղղակի խաբեություն է: Նա խաբում է ինքն իրեն, իր շրջապատին, հասարակությանը: Բայց բոլորն են այսօր հասկանում, որ Հայաստանը հեղափոխական փոփոխությունների կարիք ունի:
-Բայց Ս. Սարգսյանն արեց այն, ինչ կամենում էր եւ հիմա էլ, բոլոր «խնդիրները հարթած», գնում է դեպի նախագահական ընտրություններ:
-Ս. Սարգսյանը չարեց այն, ինչը որ ցանկանում էր. նա արեց հետեւյալը.
ա) Ընտրակաշառքի միջոցով ձայներ բերեց, գրեց ինչ-որ թիվ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով ընտրական գործընթացին մասնակցած ուժերի հետ, ապահովելով «կոնսոլիացիա»:
բ) Կորցրեց հասարակական վստահությունն ամբողջությամբ, քանի որ խոստացավ բավականին լուրջ քայլեր կատարել, բայց հասկացավ, որ քանդվելու է իր ստեղծած բուրգը: Իրենց իսկ վարկածով՝ պաշտոնյան մարդ էր ծեծել: Ինչպե՞ս կարող էր նա հետո նախարար դառնալ, կամ ինչո՞ւ չի կարող հետագայում նախագահ դառնալ: Չէ՞ որ դա մարդու ապրելակերպն է:
գ) Սերժ Սարգսյանն ուղղակիորեն չունի մարդիկ իր շրջապատում, որոնք կարող են նոր միտք բերել, նոր ծրագրեր ներկայացնել, որովհետեւ Սարգսյանը վախենում է նոր մարդկանց հետ պայմանավորվածությունների գալ, քանի որ կզրկվի շատ բաներից, այդ թվում եւ՝ ֆինանսական, տնտեսական լծակներից: Ռուսաստանում նման մարդկանց ասում են՝ «կիսվել չի սիրում»:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը՝ որպես չինովնիկ, գուցե ինչ-որ բանի հասավ, բայց ի՞նչ շահեց հայ հասարակությունը: Ես մնում եմ իմ կարծիքին, որ Ս. Սարգսյանն ամեն ինչ անում է մեկ նպատակով՝ վերարտադրվել ամեն գնով՝ այդ ճանապարհին չհիշելով հայ հասարակության խնդիրները, հայկական պետության խնդիրները: 99 տոկոսը երկրում պրոպագանդա եւ ագիտացիա է: Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ ով է անում այդ ագիտացիա-պրոպագանդան՝ Սերժ Սարգսյա՞նը, Տիգրան Սարգսյա՞նը, թե՞ Միքայել Մինասյանը: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 5 ամսվա մեջ ՀՀ-ից հեռացել է արդեն 60 հազարից ավել մարդ, որը վերջին երկու տարվա վատթարագույն ցուցանիշն է:
Ես չգիտեմ, թե ինչ թիվ կնկարի Տիգրան Սարգսյանը, որ 7 տոկոս աճ արձանագրի, բայց շուտով Հրանտ Բագրատյանի ձայնը կլսեք:
-Պարո՛ն Կարապետյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է տեղի ունենում Վարդան Օսկանյանի շուրջ, եւ ինչո՞ւ ԱԱԾ պետը նման կոշտ ելույթով հանդես եկավ:
-Եթե չեմ սխալվում, «Սիվիլիթաս»-ն առաջին տարին չէ, որ գործում է եւ հենց սկզբից է նշել իր ֆինանսական աղբյուրների մասին: Ես համաձայն եմ Օսկանյանի հետ, որ պրոցեսը քաղաքական է:
-Ինչո՞ւ հենց հիմա սկսեցին ստուգել. չգիտեի՞ն, թե՞ թույլտվություն չկար:
-Ես ավելի լավ կարծիք ունեմ ԱԱԾ-ի հակահետախուզության մասին եւ կարծում եմ՝ վաղուց գիտեին: Բայց միաժամանակ հիշեցնեմ, որ երբ մեր նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում, Օսկանյանը լռում էր: Հիմա հասկացավ, որ այդ ուղտը կարող է իր դռանն էլ չոքել: Ասեմ, որ դժվար է լինելու փողերի լվացում ասվածը ապացուցել, եթե ներսից չկա համագործակցություն: Ընդհանրապես ԱՊՀ տարածքում նման գործերը, որպես կանոն, չեն բացահայտվել: Ու հենց ԱԱԾ-ի հայտարարությունից էլ է երեւում, որ անհասկանալի է՝ որն է մեղադրանքը՝ հարկերի՞ց է խուսափել, թե՞ փող է լվացել: Պարոն Հակոբյանի հարցազրույցից նկատելի էր, որ գործը ԱԱԾ-ի համար բարդացել է. խնդիրը քաղաքականացվել է ավելի շատ, քան կարելի էր պատկերացնել, իսկ ապացուցողական բազան այն չէ: Եթե Օսկանյանին իրականում չեն ցանկանում «փչել», որպեսզի դարձնեն Սերժ Սարգսյանի «հիմնական հակառակորդը», ապա նա պետք է հիմա դառնար ամենաարմատական ընդդիմադիրը: Բայց, ամեն դեպքում, ուզում եմ հարց հնչեցնել, որովհետեւ ոչ ոք չի հնչեցնում. օրինակ՝ Հանթսմանին ինչո՞ւ էր պետք փող լվանալ: Նա բավականին հարուստ մարդ է, մորմոնական եկեղեցու հետ կապ ունի, նրանց են պատկանում բազմաթիվ բիզնեսներ, այդ թվում եւ՝ «Մարիոթ» հյուրանոցների ԱՊՀ ցանցը: Ինչո՞ւ նա պետք է 1 մլն 350 հազար լվանար ՀՀ-ում:
ԱՄԵՆԱՄԵԾ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ