Վրաստանի Հայ Համայնքի ուղերձը Ամանորի առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. մեր բոլորի կողմից կհիշվի շատ կարևոր, երբեմն էլ ճակատագրական իրադարձություններով: Այդ իրադարձությունների մեջ կան ինչպես մեր ափսոսանքն ու անհանգստությունն առաջացնող, այնպես էլ ապագայի հանդեպ հույս ու հավատ ներշնչող իրադարձություններ:

Ամբողջ անցնող տարվա ընթացքում Համայնքը շարունակում էր իր հաստատուն երթը` հանուն իր նպատակների իրագործման: Այնպես, ինչպես նախորդ տարիներին, 2014թ. մեր շարքերը համալրվեցին ավելի շատ մարդկանցով` պատրաստ կիսելու Համայնքի արժեքները և ներդնել իր` թեկուզև փոքր ներդրումը` հանուն ընդհանուր նպատակների: 2014թ.-ի ընթացքում իրականացվել են բազում ծրագրեր և նախագծեր: Ամբողջ տարվա ընթացքում անդադար աշխատանքի արդյունքում ավելի քան 250 երիտասարդ սովորել է Մայրենի լեզուն, շփվել իր մշակույթի և ավանդույթների հետ: Հարյուրավոր վիրահայեր դարձել են իրենց երկրի ավելի հաստատուն քաղաքացիներ, միաժամանակ ամրապնդել են իրենց ազգային արմատները, հիմք են ստեղծել ազգային արժեքների պահպանման հաստատակամության համար:

2014թ. դարձավ յուրահատուկ թեկուզ հենց նրանով, որ Մեր երկրի իշխանությունը դանդաղ բայց իսկապես, սկսել է գիտակցել, որ ուժեղ պետություն կառուցելու համար անհրաժեշտ է պաշտպանել և հետևել բոլոր քաղաքացիների` Վրաստանում ապրող բոլոր ազգային խմբերի իրավունքներին և ազատությանը: Այս տարի մեր երկիրը կատարեց կարևոր և պատմական քայլ դեպի Եվրոպան, և յուրաքանչյուրիս պարտականությունն է անել հնարավորինս, որպեսզի Վրաստանը շարունակի այդ դժվարին ուղին, որը վերջին հաշվով կդարձնի մեր երկիրն իսկապես ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ պետություն` հիմնված օրենքի գերակայության վրա:

Չնայած որ մենք այս տարի դեռևս չհասանք մեր հիմնական նպատակին` 2014թ. մեր համատեղ աշխատանքի ընթացքում հաստատված արդյունքները վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Իսկ կհասնե՞նք արդյոք մեր հիմնական նպատակին, կախված է մեզանից յուրաքանչյուրից: Կախված է մեր միասնությունից, միաձուլումից և առաջ ընթանալու կամքից` հաղթահարելով դժվարությունները` հանուն երազանքի: Մենք համոզված ենք, որ ընդհանուր նպատակին հասնել հնարավոր է միայն այն պայմանով, եթե մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ընտանիք մասնակցի ընդհանուր բարեկեցության կառուցմանը: Չի´ կարելի սպասել մինչև ինչ-որ մեկը, թեկուզ մտերիմը, հարազատը, քո փոխարեն կլուծի քո խնդիրները: Միայն համընդհանուր ներգրավմամբ կարելի է ակնկալել իրականության մեջ զգալի փոփոխությունների և հասնել բարեկեցությանը, ինչպես անհատական, այնպես էլ հավաքական:

2015թ. մեզ քիչ աշխատանք չի սպասվում: Պետք է շարունակվի այն գործը, որի հիմքերը դրվել են 2004թ.` «Վրաստանի Հայ Համայնք»-ի հիմնադրման պահին:

2015թ. ապրիլի 24-ին կլրանա Հայ ժողովրդի Ցեղասպանության 100 ամյակը: Կարևոր է, որպեսզի վիրահայությունը արժանապատվորեն դիմավորի այդ ողբերգական տարելիցը: Կարևոր է, որպեսզի Հայ ժողովրդի Ցեղասպանության 100 ամյակին նվիրված հիմնական միջոցառումներում մասնակցություն ունենան բոլոր հայերը և Վրաստանում ապրող այլ ազգերի ներկայացուցիչները: Դա կարևոր է ոչ միայն նրա համար, որպեսզի մենք բոլորս միաձայն բարձրացնենք մեր արդար ձայնը, այլև նրա համար, որ այլևս երկրագնդի վրա ապրող ոչ մի ժողովուրդ, ոչ մի խումբ չդառնա նման հանցագործության զոհ:

Ծայրահեղ կարևոր է, որպեսզի մեր շուրջը, տարածաշրջանում և աշխարհում զարգացող անկայունության ֆոնի վրա, մեզնից յուրաքանչյուրը հոգ տանի խաղաղության պահպանման համար, ինչպես իրենց ընտանիքներում, այնպես էլ երկրում, Հայրենիքում և ընդհանրապես տարածաշրջանում: Դրան հասնել հնարավոր է միմիայն համընդհանուր համաձայնության, համերաշխության և հավաքական պատասխանատվության բարձր զգացումի դեպքում:

Նոր 2015թ Ձեզնից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն: Թող Նոր Տարին Ձեզ և Ձեր ընտանիքներին խաղաղություն, սեր, ուրախություն, բարեկեցություն, կայունություն և բարգավաճում բերի: Թող նոր 2015թ. դառնա իսկապես Նորը: Թող Աստված պահպանի մեր ընտանիքները, իսկ Միասնության սերն ու ձգտումը թող դառնան մեր ուղղորդող աստղը: Մեր ողջ բազմադարյա պատմությունը, յուրաքանչյուր ապրած տարին, հարյուրամյակը և հազարամյակը, սովորեցնում է մեզ` հայերիս ու վրացիներին մի բան` երբ մենք միասին ենք, այդժամ մենք անպարտ ենք: Մեզնից յուրաքանչյուրին ցանկանում ենք անպարտելի լինել 2015թ.-ին:

Շնորհավո´ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ




Լրահոս