Դանակահարվածը ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.Օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) հատկանիշներով:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի ծակած–կտրած վերքով իրենց է դիմել Չարենցավանի 3-րդ թաղամասի 17 շենքի 22 բնակարանի բնակիչ 27-ամյա Վարդան Վարդանյանը: Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ոստիկանության օպերատիվ քննչական խմբի ժամանումից մոտ 15 րոպե անց Վ. Վարդանյանը մահացել է: Մարմնական տարբեր աստիճանի ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել նաև Չարենցավան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Գրիշա և Վահե Կոստանդյանները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը հիվանդանոցի բակում հայտնաբերել է “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի մոտ արյան հետքերով։
Չարենցավանցիները ֆոտոլրագրողին պատմել են իրենց հայտնի դարձած դեպքի որոշ մանրամասներ: Ըստ այդմ՝ երեկ Չարենցավանի բնակիչ Կարենն իր ծննդյան օրը նշելու կապակցությամբ իր հասակակից ծանոթ ընկերների ու հարևանների հետ մեկնում են ծնունդը նշելու Կոտայքի մարզի Կամարիս գյուղի հանգստի գոտիներից մեկում՝ “Գյունուշի ձորում”:
Որոշ ժամանակ անց նրանց է միանում Չարենցավան քաղաքի բնակիչ Արթուր Խալաֆյանը, ում Կարենը չէր հրավիրել մասնակցելու խնջույքին:
Ծնունդի ժամանակ Ա. Խալաֆյանը անհարիր արտահայտություններ է կատարել ներկա գտնվող աղջիկներից մեկի հասցեին: Նրան փորձել են կարգի հրավիրել Կարենն ու իր մորաքրոջ տղան՝ Գրիշա Կոստանդյանը, սակայն, Արթուրը սկսել է ավելի գրգռվել, թե “Դուք ո՞վ եք, որ ինձ դիտողություն եք անում: Պետք լինի էդ աղջիկը կնստի գիրկս”:
Մոտ 10-15 տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո Գրիշան իր եղբոր՝ Վահեի հետ մի քանի հոգով դուրս են եկել և հեռացել ծնունդի արարողության վայրից: Այդ ընթացքում Ա. Խալաֆյանը զանգահարել է իր ընկերներին, ովքեր էլ եկել և արդեն ծնունդի արարողության վայրից հեռացած Գրիշա և Վահե Կոստանդյաններին դաժան ծեծի են ենթարկել: Միջադեպի մասին Կոստանդյան եղբայրները հայտնել են իրենց ընկերոջը՝ Ռոբերտ Գալստյանին:
Վերջինս Գրիշային պատկանող “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենայով գնացել է “Գյումուշի ձոր” և ծեծված մորաքրոջ տղաներին բերել Չարենցավան: Արդեն Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մոտ նկատել են Արթուրի ընկերոջը՝ Վարդան Վարդանյանին, ով եղել է իր “Մերսեդեսե-ով և Կոստանդյան եղբայրներին ծեծի ենթարկած անձանցից մեկն էր:
Մոտեցել են նրան, որտեղ էլ շարունակվել է վիճաբանությունն ու կռիվը: Կռվի ժամանակ Ռ. Գալստյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի որովայնին և Կոստանդյան եղբայրների հետ հեռացել վիճաբանության վայրից, որից հետո Կոստանդյանները մեկնել են Երևան՝ հիվանդանոց: Իսկ Վ. Վարդանյանը, տեսնելով, որ որովայնից արյուն է հոսում, իր “Մերսեդես”-ով մեկնել է Չարենցավանի բժշկական կենտրոն և դիմել բժիշկների օգնությանը, որտեղ էլ 10-15 րոպե անց մահացել է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Խալաֆյանը մի քանի տարի առաջ մահացած Վահան Խալաֆյանի հորեղբոր տղան է, ու չարենցավանցիները ֆոտոլրագրողին պատմում էին. “Եթե այն ժամանակ Խալաֆյանները մեղադրում էին Չարենցավանի ոստիկանությանը, ապա հիմա ո՞ւմ են մեղադրելու երիտասարդ Վարդան Վարդանյանի մահվան համար: Եվ պարզ է, որ վիճաբանությունը հրահրել և շարունակել է Արթուր Խալաֆյանը”:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում Գ. Շամշյանին հայտնել են, որ այս պահին ոչինչ չեն կարող հայտնել միջադեպի կապակցությամբ, քանի որ ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու Ռոբերտ Գալստյանին, ինչպես նաև հրաժարվել են մեկնաբանել ֆոտոլրագրողի տեղեկությունները, թե դեպքը հրահրողը եղել է Արթուր Խալաֆյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն նույնիսկ մեղադրում էին, թե. “Խփողին դեռ չենք բռնել, արդեն լրագրողներն իրար են անցել”։
 
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 




Լրահոս