ԱՐՏԱԳԱՂԹՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականին Հայաստանի ութ սահմանային կետերից ՀՀ քաղաքացիների սահմանահատումներն ամփոփելիս կարելի է գալ այն եզրահանգման, որ այս տարի ավելի քան 47 հազար քաղաքացի արտագաղթել է մեր երկրից: Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Համեմատության համար նշենք, որ նախորդ` 2013 թվականին սահմանահատումների բացասական մնացորդը, կամ նույն է թե՝ արտագաղթողների թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ: Այսինքն՝ արտագաղթի թիվն անցած տարի շարունակել է աճել մեր երկրում:
Տեղեկացնենք, որ պաշտոնապես ՀՀ մշտական բնակչության թիվը 2015-ի սկզբին եղել է 3 միլիոն 10 հազար (այս թիվը իր մեջ ներառում է նաեւ արտագաղթած, բայց ՀՀ քաղաքացիությունից չհրաժարված բնակիչներին), անցած տարի այդ թիվը եղել է 3 միլիոն 17 հազար: Այսինքն՝ ՀՀ մշտական բնակչության թիվն այս տարի պաշտոնապես նվազել է 7 հազարով: Մյուս կողմից՝ անցած տարի բնական հավելաճը (ծնվածների եւ մահացածների դրական տարբերությունը) կազմել է 15 հազար 311: Այսինքն՝ եթե բնական հավելաճի պայմաններում անգամ մշտական բնակչության թիվը Հայաստանում նվազել է, ապա ստացվում է, որ անցած՝ 2014 թվականին Հայաստանից եւ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է ավելի քան 22 հազար մարդ:
Հավելենք, որ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2007 թվականից մինչեւ օրս երկքաղաքացիություն է ստացել 53 հազար 322 օտարեկրյա քաղաքացի: Նրանցից 11 հազար 637-ը երկքաղաքացիություն են ստացել անցած տարի:

 

 

 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2014 թվականին Հայաստանի աշխատանքային շուկայի հետազոտության նախնական ցուցանիշները, ըստ որոնց, չնայած հանրապետության զբաղվածների թիվը, այսինքն՝ աշխատանք ունեցողները, նվազել է, բայց միեւնույն է՝ նվազել է նաեւ գործազրկության մակարդակը: Ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ աշխատանքային ռեսուրսը 2014-ի երրորդ եռամսյակում, երկրորդի համեմատ, նվազել է 75 հազար 300-ով, տնտեսապես ակտիվ բնակչության թիվը, կրկին երրորդ եռամսյակում երկրորդի համեմատ, նվազել է 41 հազար 600-ով, իսկ զբաղվածների թիվը նվազել է 29 հազար 400-ով: Նման պայմաններում ԱՎԾ-ն հաջողացրել է արձանագրել գործազուրկների թվի նվազում, ըստ այդմ, 2-րդ եռամսյակում գործազուրկները եղել են 250 հազար 600 մարդ, 3-րդում թիվը նվազել է 12 հազար 200-ով: Թե ինչպես է այս պայմաններում ԱՎԾ կարողացել նման արդյունք արձանագրել, մեզ անհայտ է: Բայց ակնհայտ է, որ ԱՎԾ-ն ամեն ինչ արել է՝ գործազրկության մակարդակը 17,5 տոկոսից թվերով 17,1 իջեցնելու համար:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված Հայկազ Բարսեղյանի հորը` Արկադ Բարսեղյանին այցելած քննիչներից մեկը հայտնել է, որ քրեական գործով ձերբակալված 4 անձանցից մեկը ինչ-որ գնդապետի որդի է: Սպանված զինվորի հարազատները մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին: «Մենք առայժմ չգիտենք, թե ով է գնդապետի որդին, բայց ով էլ լինի, այս գործը չի կարելի թաքցնել: Իրական մեղավորներին պետք է պատժել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց սպանված զինվորի հարազատներից մեկը: Նշենք նաեւ, որ երեկ միայն սպանված տղայի մորաքրոջ որդուն են թույլ տվել տեսնել Հայկազ Բարսեղյանի դին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը եւ ընտանիքի մյուս անդամներն առայժմ ի վիճակի չեն խոսելու եւ մեր հարցերին պատասխանելու, քանի որ սարսափած են տեսածից: Երեկվա դրությամբ Հայկազ Բարսեղյանի դիակը դեռեւս չէր հանձնվել ընտանիքին:

 

 

 

 

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը մինչեւ անցած տարվա դեկտեմբերը միակ հայկական ուղեւորափոխադրողն էր, հնարավոր է՝ այս տարվա մարտի վերջին վերսկսի չվերթներ իրականացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց «Էյր Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը: Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, երբ նշված ընկերությունը դադարեց չվերթներ իրականացնել, ընկերության տնօրինությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ խոստանում էին անցած տարվա դեկտեմբերի վերջին վերսկսել չվերթները: Սակայն դեկտեմբերի վերջին «Էյր Արմենիայի» տնօրեն եւ պաշտոնական սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին: Ըստ այդմ, «Էյր Արմենիան» գործնականում դադարեց հայկական փոխադրող լինել, եւ ներկայումս Հայաստանը չունի կանոնավոր չվերթներ իրականացնող հայկական ընկերություն:

 

 

 

 

 

 

ԱՅ՞Ս ԷՐ ԱՄԲՈՂՋԸ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նախօրեին միաձայն հաստատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որում ամփոփված է անցած հարյուրամյակում մեր ժողովրդի անցած ճանապարհը, ձեռքբերումները եւ ապագային միտված հավաքական տեսլականը: Փաստաթղթի հիմքում, սակայն, առավելապես դրված է Ցեղասպանության ճանաչման պահանջը, մինչդեռ փոխհատուցման պահանջի վերաբերյալ հստակ ձեւակերպումները բացակայում են: «Պատմական արդարության վերականգնում» եզրույթի ներքո ներկայացված այս պահանջը ուրվագծված է Հռչակագրի 6-րդ կետում, որտեղ արձանագրված է, որ «մշակվում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:
Այս հռչակագրի ընդունումը դեկլարատիվ-ֆորմալ տեսանկյունից զատ՝ կարեւոր է հենց այս կետում ներկայացվածի իրագործմանն ուղղված քայլերի կազմակերպմամբ, որոնք, սակայն, դատելով 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարություններից՝ առայժմ հում վիճակում են: «Հանձնախումբը դեռ աշխատում է։ Մենք չենք դրել հստակ ժամանակացույց դրան, որովհետեւ իրականում այդ փաթեթի մշակումը նախատեսում է շատ լուրջ ներքին համաձայնեցումներ: Ակնկալում ենք ունենալ թղթածրար, որը համադրում է հայկական աշխարհի հիմնական դերակատարների մոտեցումները»,- պարզաբանել է Սարգսյանը։
Նա երեկ ներկայացրել է նաեւ առաջիկայում ծրագրված միջոցառումների ցանկը` մարտի 18-20-ը «Արարատի ստորոտին» խորագրով մեդիա ֆորում, ապրիլի 22-24-ին՝ Ցեղասպանության հանցագործների հասարակական քաղաքական ֆորում, ապրիլի 23-ին` մարտիրոսների սրբադասման կարգ Սուրբ Էջմիածին եկեղեցում, SOAD ռոք խմբի համերգ Հանրապետության հրապարակում, եւ թերեւս ամենակարեւորը` ապրիլի 24-ին ժամանած պատվիրակների, հյուրերի ելույթները Ծիծեռնակաբերդում: Ընդհանուր առմամբ` կարծես թե այսքանն է նախատեսված Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի միասնական ջանքերով:
Երեւի թե վաղ է գնահատականներ հնչեցնել, բայց մի տեսակ ողջ հայությունն այս հարյուրամյակից ավելի մեծ ակնկալիքներ ուներ, մինչդեռ արդեն հիմա տեսանելի է, որ առաջիկա միջոցառումները չեն ունենալու այն հուժկու ընթացքը, որը պարզապես կցնցեր ողջ աշխարհը: Այս պահի դրությամբ, կարծես թե, ամենալուրջ քաղաքական եւ իրավական քայլը վերը նշված հռչակագրի ընդունումն է, որն էլ, սակայն, ինչպես տեսանք, ընդամենը փոխհատուցման հարցում պահանջատիրության հնարավորության նախնական ձեւակերպումն է ընդամենը: Գուցե եւ քիչ չէ, բայց եւ բավարար էլ չէ: Ի վերջո, հայ ժողովուրդը եւս մեկ հարյուրամյակ չի կարող սպասել:




Լրահոս