Հայաստանի խոչընդոտը պաշտոնյա-միլիոնատերերն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ ոչ միայն նրանք, հաճախ են հնչեցնում այն միտքը, որ «քաղաքականությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվեն»: Համընդհանուր ընկալման մեջ բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումը ենթադրում է, որ քաղաքականություն «ներթափանցած» գործարարները պետք է դադարեն քաղաքական գործունեություն ծավալել եւ գնան ու զբաղվեն «իրենց գործով»` ձեռնարկատիրությամբ: Սակայն ինչ վատ բան կա նրանում, որ գործարարը, որը, ասենք, տասը կամ քսան տարի ձեռնարկատիրությամբ է զբաղվել եւ հարստություն կուտակել, որոշել է քաղաքականությամբ զբաղվել: ՀՀ օրենսդրությունը գործարարներին չի արգելում քաղաքական գործունեությամբ զբաղվել:

Եթե քաղաքական գործիչ դարձած գործարարն իր դիրքը չի օգտագործում սեփական բիզնեսի համար` մրցակիցների հանդեպ առավելություն ստանալու նպատակով, պաշտոնավարելիս նա չի զբաղվում իր ձեռնարկությունների կառավարմամբ, ապա նրա գործունեությունը լիարժեք տեղավորվում է ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում: Նախկին գործարարների, կամ նույն է թե՝ մեծահարուստների քաղաքականությամբ զբաղվելու երեւույթին կարելի է հանդիպել անգամ ամենազարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում: Սակայն այդ երկրների պետական կառավարման համակարգը (անկախ դատական համակարգ եւ կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալող իրավապահ համակարգ), ի տարբերություն Հայաստանի, քաղաքական գործիչ դարձած գործարարին հնարավորություն չի տալիս իր դիրքն օգտագործել սեփական ձեռնարկության հարստացման եւ մրցակից գործարարներից ազատվելու համար: Նման առաջին իսկ տվյալի ի հայտ գալու դեպքում քաղաքական գործիչը պաշտոնանկ է արվում, նրան պատկանող ձեռնարկութունը հսկայական տույժ-տուգանքների տակ է հայտնվում եւ այսպես շարունակ:

Հայաստանի առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ պետական կառավարման համակարգը կոռուպցիայի դեմ պայքար չի ծավալում, այլ նաեւ այն փաստը, որ քաղաքական գործիչներն են սկսում զբաղվել ձեռնարկատիրությամբ` առանց իրենց պետական պաշտոնից հրաժարվելու: Արդյունքում՝ մարդ ով մինչեւ պետական պաշտոնի նշանակվելը շատ համեստ ֆինանսական կարողություն է ունեցել, ասենք՝ 10 կամ 20 տարի տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելուց հետո դառնում է այնպիսի միլիոնատեր, որի կարողությանը կնախանձեն անգամ աշխարհի ամենազարգացած երկրների մեծահարուստները: Այդ պաշտոնյաների կարողության աճը հակառակ համեմատական է պետության ընդհանուր տնտեսության զարգացման հետ: Որքան շատ են հարստանում պաշտոնյա-միլիոնատերերը, այնքան պետության տնտեսությունն ավելի ծանր կացության մեջ է հայտնվում եւ դառնում անպաշտպան միջազգային զարգացումների նկատմամբ: Նման բազմաթիվ պաշտոնյաների կարելի է թվարկել, սակայն ուշագրավն այն է, որ նրանցից առավել կարկառուն դեմքերը հենց այն մարդիկ են, ովքեր պաշտոնապես ներկայացնում են այսօրվա Հայաստանը եւ նրա անունից քաղաքական որոշումներ են կայացնում` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան եւ այսպես շարունակ:

Հայաստանում ստեղծված վիճակը փոխելու համար ոչ թե գործարարներին է հարկավոր քաղաքականությունից հեռացնել, այլ հակառակը՝ քաղաքական գործիչներին է պետք գործարարությունից հեռու պահել: Քաղաքական գործիչներին գործարարությունից հեռու պահելու համար ընդամենը հարկավոր է պաշտոնավարման շնորհիվ միլիոնատեր դարձած անձանց հեռացնել պետական պաշտոններից եւ ուրիշ ոչինչ: Նույնիսկ կարիք չկա նրանցից խլել պետությունից գողացած միջոցները: Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է աբսուրդ թվալ, բայց իրականությունն այն է, որ միլիոնատեր նախկին պաշտոնյաներն իրական գործարարության համար կդառնան լավ «սնունդ»: Նման բազմաթիվ փաստեր արդեն իսկ ունենք: Փորձը ցույց է տվել, որ պաշտոնավարման տարիներին հարստացած պաշտոնյաները, պաշտոնանկ լինելուց հետո, շատ արագ կորցնում են իրենց ունեցվածքը:

Տարիներով ձեռնարկատիրությամբ զբաղվելուց եւ հարստանալուց հետո, երբ գործարարը ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, նա այդպիսով ո՛չ տնտեսության է վնաս պատճառում եւ ո՛չ էլ քաղաքականության համար է վտանգավոր: Նախկին գործարար քաղաքական գործիչը պետության համար վտանգավոր կլինի միայն այն ժամանակ, եթե փորձի պաշտոնական դիրքն օգտագործել իր ձեռնարկությունը հարստացնելու համար, այսինքն՝ կսկսի կոռուպցիոն գործունեություն ծավալել, ինչպես դա անում են պաշտոնյա-միլիոնատերերը, որոնք ոչինչ չունենալով՝ դարձել են մեծահարուստներ:

Հ.Գ. Մի անգամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Դրանով նա ոչ միայն բացահայտել էր, թե ինքն ինչու է որոշել քաղաքականությամբ զբաղվել, այլ նաեւ խոստովանել էր, թե ինչու, այդքան շատ հարստություն սիրելով, վախենում է պետական պաշտոնը թողնել եւ գործարարությամբ զբաղվել: Բոլորից լավ նա գիտի՝ եթե պաշտոն չունենա, ապա շատ կարճ ժամանակում իր ունեցվածքը կկորցնի, քանի որ եթե պաշտոնյա չլինի, չի կարողանա գյուղատնտեսությամբ մեկ տարում մեկ միլիոն դոլար «վաստակել»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս