ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ԲԱՐԴ ՈՒ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած՝ տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ ծավալվող իրադարձությունների առթիվ հանդես է եկել հայտարարությամբ: Կուսակցությունը, ստեղծված իրավիճակում դատապարտելով երեւույթը, ճիշտ է համարել, որ ԱԺ-ն առաջինը քննարկի եւ ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչի համար էլ կուսակցության կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում որքանո՞վ է նպատակահարմար ճանաչել ԼՂՀ անկախությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ որպես 20-ամյա անկախ պետականություն ունեցող ժողովուրդ, մենք պետք է վաղուց ու մեկընդմիշտ հաշտված լինեինք այն իրողության հետ, որ, անցյալից եկող իրողությունների, բնաաշխարհագրական միջավայրի, էթնիկ առանձնահատկություններով ու այլնով պայմանավորված, մեզ համար հեշտ ժամանակներ չեն լինելու. լինելու են բարդ ու ավելի բարդ ժամանակներ: Այս գիտակցումը մեզ պարտադրում է գործել բացառապես զգոնության ու սթափության սահմաններում, ինչքան էլ նման մտածողությունը մշտական կռվի մեջ գտնվի մեր զգացումների հետ: Ուստի, Արցախի անկախության հնարավոր ճանաչումը ՀՀ-ի կողմից պետք է առնվազն երկու աքսիոմատիկ խնդիր լուծի. նախ՝ նպաստի Արցախի բնակչության անվտանգության երաշխիքների ներկայիս մակարդակի բարձրացմանը, եւ երկրորդ՝ հանգեցնի միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին: Սա այն խնդիրն է, սա այն լուծումն է, որը, իմ կարծիքով, ենթադրում է ահռելի տեղեկատվության համադրում ու վերլուծություն, այդ թվում՝ տեղեկատվության, որին տիրապետում են ոչ բոլորը: Դատելով իմ ձեռքի տակ եղած տեղեկատվության վերլուծությունից՝ այն կարծիքին եմ, որ այս պահին Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը չի լուծում այդ երկու աքսիոմատիկ անհրաժեշտությունները, թեեւ ես շարունակում եմ պնդել, որ Ռ. Սաֆարովին ներում շնորհելն Ադրբեջանի կողմից պատերազմական ակտ էր՝ ուղղված Հայաստանի եւ Արցախի դեմ: 
ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Սա ո՛չ նպատակահարմարության եւ ոչ էլ աննպատակահարմարության հարց է: ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացն ունի ժամանակ եւ տեղ: Ինչ վերաբերում է որեւէ քաղաքական կուսակցության կողմից որեւէ հարցով նախաձեռնությամբ հանդես գալուն, ապա դա այդ կուսակցության իրավունքն է: Տեսակետ չեմ կարող հայտնել այդ հարցին, քանի որ կուսակցությունն ինչ-որ վերլուծություններ է արել, որոնց տեղյակ չեմ: Գիտեմ, որ մենք  հիմա ունենք մի իրավիճակ, որը կոչվում է բանակցային գործընթաց, եւ ստատուս քվոյի փոփոխությունները էականորեն չեն բարելավի իրավիճակը տարածաշրջանում:
ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք բազմիցս արտահայտել ենք մեր տեսակետը, որ նպատակահարմար չենք գտնում: Դա խիստ ծայրահեղական քայլ կլինի, մարտահրավեր՝ միջազգային հանրությանը, համանախագահությանը եւ բանակցային գործընթացին: Մենք, հակառակը, կոչ ենք արել քաղաքական ուժերին սթափ գնահատել իրավիճակը, ծայրահեղ արտահայտությունների կեցվածք չընդունել, պետք է գնահատել այն մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առջեւ: Չի կարելի անել քայլեր եւ դառնալ միակ հեղինակը այդ քայլերի, այլ հարկավոր է ուժերն այնպես գնահատել, որ դու դրանից օգուտ քաղես:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ 
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս