ԴՐԱՄԱՇՆՈՐՀ «ԿՊՑՆԵԼՈՒ» ՆՈՐ ԹԵՄԱ ԵՆ ԳՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պարզվեց, որ Հայաստանի Կառավարությունը կարող է մարդկանց աշխատատեղերով ապահովել, բայց այդ լավությունից մարդկանց կոնկրետ խմբի անդամներ կարող են օգտվել:

Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի բնակիչներից նրանք, ովքեր ավանդաբար մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց այս տարի ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մեկնել ՌԴ, նրանց աշխատանքով կապահովեն: Արտեմ Ասատրյանը նույնիսկ ասել է, թե ինչպես են դա անելու. «Կփորձենք նրանց ներգրավել սեզոնային զբաղվածության ծրագրերում: Դրանք կարող են լինել նաեւ հասարակական աշխատանքներ, մի շարք նպատակային ծրագրեր»: Կարելի է կարծել, որ Կառավարությունն աշխատատեղեր ուներ, բայց դրանք չէր գործարկում, որովհետեւ նախկինում պահանջարկ չկար, իսկ այժմ, քանի որ մարդիկ չեն կարողանում Ռուսաստան մեկնել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է նրանց աշխատատեղերով ապահովել: Ամենաաբսուրդն այն է, որ նման հայտարարություն անում է նախարարը մի պետության, որտեղ պաշտոնապես առկա է 240 հազար գործազուրկ, իսկ իրականում այդ ցուցանիշը մոտ կրկնակի անգամ ավել է: Եթե կարող են մարդկանց աշխատատեղերով ապահովել, ապա ինչո՞ւ մինչ այս չէին անում: Մյուս կողմից էլ, եթե ասում են՝ արտագնա աշխատանքի մեկնել չկարողացածներին են աշխատատեղով ապահովելու, այդ դեպքում ինչպես են այդ հայտարարությունն իրագործելու` կարո՞ղ է արտագնա աշխատանքի չմեկնած գործազուրկներին մերժեն, ասեն՝ գնա Ռուսաստան, վտարվի, վերադարձի, նոր աշխատանք կտանք: Մի խոսքով, ակնհայտ է, որ հնչած հայտարարությունը, մեղմ ասած, անհեթեթություն է:
Իսկ իրականությունն այն է, որ պետական գերատեսչությունների խնդիրն ուղղակի աշխատատեղեր ստեղծելը չէ, որովհետեւ պետական մարմնի ստեղծած աշխատատեղի համար վճարում են հարկատուները: Պետական հիմնարկի աշխատողը, նրան ինչ անուն էլ ուզում է տանք, ըստ էության, հարկատուների ստեղծած միջոցները սպառող է: Կառավարության եւ, ընդհանրապես, պետական կառույցների խնդիրը երկրում հավասար պայմաններ ապահովելն է, որպեսզի մարդիկ արարելու հնարավորություն ունենան, որպեսզի ձեռներեցությունը զարգանա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պաշտոնյաներն իրենք ձեռներեցությամբ չզբաղվեն, որպեսզի պաշտոնյաները բյուջետային միջոցները չթալանեն, եւ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն: Արտեմ Ասատրյանից պահանջվում է, որ նա՝ որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, որպես Կառավարության անդամ, իր լիազորությունների շրջանակներում նպաստի վերը նշված պայմանների ապահովմանը:
Իսկ այն, ինչի մասին ակնարկել է Արտեմ Ասատրյանը, աշխատատեղերի ստեղծման հետ կապ չունի: Իհարկե, նա կոնկրետ չի ասել, թե այդ ինչ ծրագրերի մասին է խոսքը, եւ ով է ֆինանսավորել, բայց դժվար չէ կռահել: Բանն այն է, որ միջազգային կազմակերպությունները, մարդկանց զբաղվածությունն ապահովելու համար, պարբերաբար դրամաշնորհային տարբեր ծրագրեր են իրագործում: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Արտեմ Ասատրյանը միջազգային կառույցներից դրամաշնորհներ խնդրելու նոր թեմա է գտել` Ռուսաստան մեկնել չկարողացածների զբաղվածության խնդրի լուծում: Մի երկու երիտասարդի կհանձնարարեն` մի հատ սիրուն ծրագիր գրեն, հետո դրա հիման վրա որքան գումար էլ «կպցնեն», օգուտ է: Մեկ կամ երկու միլիոն եվրո անգամ որ «կպնի», էլի բան է. դրա 20-30 տոկոսով 10-20 հոգու համար ամսական մի 100 հազար դրամ աշխատավարձով ինչ-որ գործ կհնարեն, իսկ մնացած գումարը ձեռքի ճարպիկ շարժումով կդնեն իրենց գրպանը: Օրինակ՝ 2013-ի գարնանը նույն Արտեմ Ասատրյանը նման մի գործ «կպցրել» էր. նրա ղեկավարած նախարարությունը հաջողացրեց արտագաղթի կանխման անվան տակ միջազգային կառույցներից մեկ միլիոն եվրո դրամաշնորհ ստանալ: Իսկ թե ինչի վրա այդ գումարը ծախսվեց, այդպես էլ մնաց անհայտ: Փոխարենը արտագաղթի տվյալները դեռ շարունակում են մեծանալ: Հայաստանի պաշտոնյաների շրջանում դրամաշնորհ «ուտելը» համարվում է բնական եւ պարտադիր գործելաոճ: Պաշտոնյաները համոզված են, որ դրամաշնորհի դեպքում իրենք ապահովագրված են, որովհետեւ տարիներ անց իրենցից հաշիվ չեն պահանջի, քանի որ պետության ուսերին բեռ չեն ավելացրել, ընդամենն իրենց առջեւ դրված տորթից իրենց կտորն են կտրել:
Մի խոսքով, կարող ենք կանխատեսել, որ Արտեմ Ասատրյանն առաջիկայում միջազգային կազմակերպություններին դրամաշնորհային նոր` «Ռուսաստանից վտարված խոպանչիների զբաղվածության ապահովում» ծրագիր կներկայացնի: Ու դա կանի առանց ամաչելու:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ՉԻ ՄԵՐԺԻ, ԲԱՅՑ ԿՏԱ՞
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նամակով դիմել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին` խնդրելով օժանդակել քաղաքին փողոցների վերանորոգման գործում: Բանն այն է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական հավաքակազմը օգտագործում է քաղաքի ճանապարհներն ու փողոցներն իր ռազմական տեխնիկայի տեղափոխման ժամանակ, եւ հատկապես ծանր ռազմական տեխնիկայի տեղափոխման դեպքում վնաս է հասցվում Գյումրու փողոցներին: Մոսկվայից դեռեւս պատասխան չկա: Հավելենք, որ քաղաքապետարանի մոտավոր հաշվարկներով Ռուսաստանի Դաշնության ռազմական հավաքակազմն ընդհանուր առմամբ զբաղեցնում է մոտ 50 հա տարածք, որոնք գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում ու նրանց միջեւ տրանսպորտային կապը, այդ թվում նաեւ՝ ծանր ռազմատեխնիկայի տեղաշարժը, իրականացվում է քաղաքի ճանապարհների միջոցով: Մնում է՝ Շոյգուն անպատասխան չթողնի ճակատագրով ՕԵԿ, բախտի բերմամբ ԲՀԿ, ճակատագրի բերումով ՀՀԿ-ամերձ քաղաքապետին:

 

ՈՎ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Մարտի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի հարազատները հայտնել էին, որ իրենց որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել եւ այդ մասին տեղյակ է պահել զորամասի հրամանատարությանը: «Ժողովուրդ»-ը փորձեց պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի զորամասի հրամանատար Կարեն Գրիգորյանից պարզել, թե ինքը տեղյակ է եղել զինվորի խնդիրներց եւ եթե տեղյակ է եղել, ապա ինչո՞ւ համապատասպան քայլեր չի իրականացրել: Ի պատասխան Կարեն Գրիգորյանը միայն ասաց. «Ես ընդամենը մեկ ամիս է, ինչ այս զորամասի հրամանատարն եմ եւ իրավասու չեմ Ձեր հարցերին պատասխանել»:

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՆՊԱՍՏՆԵՐԸ ԿՈՒՇԱՑՆԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեխաների խնամքի նպաստները` 18 հազարական դրամները, սովորականի պես մինչեւ ամսվա վերջ չեն բաժանի: Պարզաբանման համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հաստատեցին, որ մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստները, որոնք բաժանվում էին յուրաքանչյուր ամսվա 20-ից հետո, այս ամիս կուշացվեն: Նախարարությունից տեղեկացրին նաեւ, որ մարզերում վճարումները կսկսեն այսօրվանից, իսկ Երեւանում գումարները կհատկացնեն հաջորդ շաբաթվա ընթացքում: Իսկ թե ինչու են գումարները ուշացնում, նախարարությունից դժվարացան պատասխանել:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Կողմերը մեծապես կարեւորել են առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ համագործակցությունը փոխհամաձայնեցված բոլոր ուղղություններով գործնական հարթություն տեղափոխելու առումով: Ընթացիկ տարվա ամռանը Երեւանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, կողմերի համոզմամբ, օրակարգում անհրաժեշտաբար պետք է ներառի հայ-չինական համագործակցության հեռանկարային բոլոր ծրագրերը:

 

ՃԻՇՏ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, անդրադառնալով գազի հարցով ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին, երեկ ասել է, թե գազային հաշվիչների չափաբերումն ու վերանորոգումը չի կարող անել մի ընկերություն, որը փոխկապակցված է երկրի գազային օպերատորի՝ «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ։ «Հաշվիչների վերանորոգումն ու չափաբերումը պետք է լինի նրանց գործառույթներից դուրս, քանի որ «Գազպրոմ-Արմենիա»-ն շահագրգիռ կողմ է»,- ընդգծել է պատգամավորը` առաջարկելով ազատականացնել հաշվիչների վերանորոգման ու չափաբերման շուկան:

 

ԿԱՋԱԿՑԵՆ
Կառավարության երեկվա նիստում համաձայնություն է տրվել ՀՀ եւ ՌԴ Կառավարությունների միջեւ «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում ՀՀ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթով ռուսական կողմը նախատեսում է ՀՀ-ին անհատույց օժանդակություն տրամադրել 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) եւ 130 մլն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015թ.:

 

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է 9-ամյա կրթության փոխարեն 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր, երեկ շեշտել է, որ 19 տարեկան քաղաքացին լիարժեք քաղաքացի է, որին հնարավոր չէ պարտադրել։ «Սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում 19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո պարտադիր կրթության վրա։ Սա դառնալու է կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց, որ պարտադրեն, խեղճացնեն քաղաքացուն, չի կարելի 19 տարեկան քաղաքացուն պարտադրել։ Դուք կասեք՝ կրթության իրավունքը գերակա է, բայց ապահովեք, ոչ թե պարտադրեք»,- ասել է Մանուկյանը:

 

ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԲՀԿ-ԻՑ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել կուսակցությունից դուրս գալու մասին: «Շնորհակալություն եմ հայտնում իմ նախկին ղեկավար, ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին այն հոգեւոր արժեքների համար, որոնք մեզ միաբանող առաջնային հիմքը դարձան, ու անկախ ամենից՝ միշտ կմնան յուրաքանչյուրիս մեջ: Շնորհակալ եմ բոլոր մեր ընտրողներին՝ հավատալու, մեզ օժանդակելու ու վստահելու համար: Հարգելիներս, կարեւոր է, որ չհուսահատվեք ու իմանաք` ամեն ինչ դեռ առջեւում է»,-մասնավորապես ասված է Ուրիխանյանի հայտարարությունում:




Լրահոս