Ով է իրականում «Կարմիր գծերի» սեփականատերը. slaq.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Slaq.am-ը գրում է. «ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հայտարարում է, որ ինքը բիզնես չունի, որ կապ չունի «Քեթրին Գրուպ» ընկերության հետ, բայց նրան բոլորը ճանաչում են որպես Քեթրինի Միհրան: Ընդունենք` Քեթրինի Միհրանը կամ ԴԱՀԿ-ի Միհրանը բիզնեսներ չունի, բայց նրա քեռիները ահռելի բիզնեսների տերեր են: Նրանց են պատկանում Հայաստանի խոշոր շինարարական ընկերություններից մեկը՝ «Միկշին»-ը, հայկական շուկայում մետաղական կոնստրուկցիայով (արմատուրա) զբաղվող առաջնային ընկերություններից մեկը՝ «Միկմետալ»-ը, վերջերս բացված «Ամրանի» գործարանը, Արաբկիր համայնքում կառուցվող «Երազ» բնակելի համալիրը, Ամիրյան փողոցում գտնվող «Գրիար» բիզնես կենտրոնը և բնակելի հսկա համալիրը, Երևանի կենտրոնում գտնվող «Փարիզ» նորաբաց հյուրանոցը: Նրանք զբաղվում են մրգերի ներկրմամբ և շուկայում ունեն առաջատար դիրք, «Քեթրին Գրուպ» ընկերությունը, բացի մրգերից, Հայաստան է ներմուծում նաև մեծ թվով ապրանքներ: Նրանց են պատկանում Երևանի տարածքում սփռված «Միկմետալ»-ի բազմաթիվ գովազդային վահանակներ, կահույքի արտադրամասեր և կահույքի սրահ Երևանում, հագուստի Roy Robson խանութը և ժամանակին նաև «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը, այսօր՝ Նուռ մրգերի և բանջարեղենների խանութ ցանցը:

Փաստացի, Միհրանի հարազատներին են պատկանում նաև տխրահռչակ «կարմիր գծերը», որոնք դարձել են մեր քաղաքացիների ամենօրյա զայրույթի և դժգոհության թեման: Հետաքրքիր է, որ հասարակության մոտ կարծիք է ձևավորվել, որ «կարմիր գծեր»-ը պատկանում են նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, բայց իրականում դրանք պատկանում են Միհրանի հարազատներին, իսկ որոշ տեղեկություններով՝ հենց Քեթրինի Միհրանին:

Հետաքրքրականն այն է, որ այս ընտանիքը, հեռու լինելով մամուլի ուշադրությունից, բավականին կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել հսկայական կարողություն, և ոչ մեկը չգիտի թե ինչից են սկսել և ինչպես են հարստացել այս մարդիկ: Հետևելով Միհրան Պողոսյանի կարիերայի աճին՝ պետք է նկատել, որ գրեթե միշտ նա եղել է պետական պաշտոնյա և հաստատ ժամանակ չուներ բիզնեսով զբաղվելու, իսկ նրա հաջողությունը պայմանավորված է իր քեռիներից մեկի՝ Գրիշա Հարությունյանի անձով, ով երկար տարիներ եղել է Ազգային անվտանգության պետի տեղակալը, ում օրոք Միհրանը արագ կարիերայի աճ է ունեցել ԱԱԾ-ի համակարգում և տեղափոխվել ԴԱՀԿ (այսինքն կարիերայի հարցում էլ նա պարտական է իր քեռուն):

Ի դեպ, ժամանակին բիզնես ուներ նաև Միհրանի կինը, ով զբաղվում էր Credo քարտային համակարգի բիզնեսով» :

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: 




Լրահոս