Շաբաթ օրը ՀՀ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը հիմնականում դժգոհ է կառավարության աշխատանքից: Չնայած այն բանին, որ նիստին ներկա էին ՀՀ բոլոր գերատեսչությունների ղեկավարները, ակնհայտ էր, որ այս անգամ «բողոքի սլաքն» ուղղված էր հիմնականում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմը: Եւ քանի որ արդեն տեւական ժամանակ է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գերխնդիրն է դարձել վարչապետի «աթոռին տիրանալը», «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ-ականներից պարզել` արդյոք ԲՀԿ-ն իրեն «բավարարված» է զգում Ս. Սարգսյանի՝ վարչապետին ուղղված «կշտամբանքներից»: Զրուցեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:
-Պարո՛ն Ուրիխանյան, Սերժ Սարգսյանի կողմից կառավարությանն արված նկատողությունների հետ կապված ԲՀԿ-ն ի՞նչ վերաբերմունք ունի:
-Ես ուրախ եմ, որ այն հարցերը, որոնք մենք անընդմեջ օրակարգային ենք համարել, այսօր արդեն օրակարգային են դարձել քաղաքական մեծամասնության ու նրա առաջնորդի համար: Ես զարմացած եմ, թե ինչու վարչապետն այդ նկատողությունները որակեց սթափեցնող, քանզի արդյոք սթափեցնող չեն համարվում ժողովրդի, հասարակության, քաղաքական ուժերի, այդ թվում եւ` առաջին հերթին ԲՀԿ-ի անընդմեջ դիտարկումը, մեկնաբանությունը, քննադատությունը կաբինետի գործունեության առնչությամբ: Ուզում եմ հույս հայտնել, ուզում եմ հավատալ, որ այս իրադարձությունը կբերի որեւէ գործնական փոփոխության, եւ կառավարության գործունեությունը, կախված փոփոխություններից, կհանի Հայաստանի Հանրապետությունը դեպի զարգացման ու առաջընթացի փուլ: Ինչի համար էլ, անշուշտ, անհրաժեշտ են ռադիկալ բարեփոխումներ:
-Այսպիսով՝ կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի ուղղությամբ ԲՀԿ-ի երկար, քրտնաջան «աշխատանքն» իր արդյունքը տվեց, եւ, ի վերջո, Սերժ Սարգսյանը քննադատեց վարչապետի կատարած աշխատանքը:
-Ես կոռեկտ չէի համարի այդ հարցադրումը մեկնաբանել, եզրակացությունները թողնում եմ հանրությանը:
-Քաղաքական շրջանակներում տպավորություն է ստեղծվել, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարչապետին հեռացնելու «հող» է նախապատրաստում: Նման հեռանկար տեսնո՞ւմ եք:
-Հանրապետության նախագահի նկրտումների, ցանկությունների, անելիքների հետ կապված՝ ավելի լավ կլինի՝ դիմեք նրա կողմից լիազորված անձանց, որոնք ավելի կոմպետենտ են նման հարցեր մեկնաբանելու համար: Ես քաղաքական առումով արդեն մեկնաբանեցի, ուզում եմ հավատալ, որ մենք այսուհետ կունենանք փոփոխություններ: Ուրախ եմ, որ իրենց համար եւս դարձան օրակարգային այն մտահոգությունները, դիտարկումները, որոնք մենք ունեցել ենք եւ ունենք:
-Եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ արվի, արդյոք ԲՀԿ-ն կվերանայի իր դիրքորոշումը` կապված կոալիցիայի հետ: Հնարավո՞ր է՝ այդ պաշտոնանկությունից հետո ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կրկին կոալիցիոն հուշագիր ստորագրեն:
-ԲՀԿ-ն մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը թե՛ մասնակի, թե՛ ամբողջական կառավարում ստանձնելու, պատասխանատվության տակ մտնելու մասին, բայց միմիայն այն պարագայում, եթե մենք հնարավորություն ունենանք իրականացնել մեր ուրույն քաղաքական կուրսը, կաշկանդված չլինել որեւէ այլ նախապայմանով, մեզ հրամցվող պարտադրանքով եւ ցանկացած այլ կաշկանդող հանգամանքներով:
-Այսինքն՝ դուք նախապայման եք դնում, որ միայն ա՞յդ դեպքում կոալիցիա կկազմեք ու կվերանայեք ձեր դիրքորոշումը:
-Մենք կարող ենք, այո՛, վերանայել համատեղ կառավարման առումով մեր մոտեցումը միայն այն պարագայում, եթե մենք հնարավորություն ունենանք մեր սեփական քաղաքականությունն իրականացնել, հաշվետու լինել միայն մեր ընտրողների առաջ:
-Վարչապետի հնարավոր պաշտոնանկությունից հետո ԲՀԿ-ն արդյոք նախագահական ընտրությունների ժամանակ չի սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
-Ոչ մի դեպքում ոչ մի բան՝ նախագահական ընտրությունների հետ կապված, չեմ ասի, որովհետեւ տակտիկական առումով մենք նախագահական ընտրությունների մասին խոսելու ենք միայն նպատակահարմար պահին: Ճիշտ այն պատեհ պահին, որի մասին բազմիցս ասել ենք:
ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԵՐԳԸ ԵՐԳՎԱԾ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ