Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ն 7 տարում որևէ կարևոր տեղեկություն չի տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր տարեկան զեկույցում անդրադարձ է կատարել 2008 թվականի մարտի 1-ի 10 անմեղ զոհերի մահվան վերաբերյալ ՀՔԾ-ի գործողություններին: Մասնավորապես` զեկույցում նված է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից չի ապահովվել հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ գործերով հրապարակայնությունը, միաժամանակ կասկածահարույց է այդ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը:

Մարտի 1-ի 10 զոհերի վերաբերյալ նախաքննությունն արդեն շարունակվում է շուրջ 7 տարի, սակայն Ծառայությունը 2014 թվականին ևս իր վարույթում գտնվող տվյալ գործերի վերաբերյալ չի ներկայացրել հանրությանը որևէ կարևոր տեղեկատվություն` չնայած նրան, որ հարցը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Ի դեպ, նշված գործերով նախաքննությունը դեռևս ավարտված կամ կասեցված չէ:

Խնդիրն այն է, որ մարտի 1-ի 10 զոհերի ընտանիքների անդամներն ու հարազատները բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել, որ ծառայությունն իր գործառույթները պատշաճ չի իրականացրել, ինչի արդյունքում գործերը չեն բացահայտվել: 2014 թվականի ընթացքում Պաշտպանը կրկին հանդիպում է ունեցել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգությունները գործերով տարվող նախաքննության վերաբերյալ:

Այսպիսով` 2008 թվականի մարտի 1-ի 10 մահվան դեպքերի բացահայտումը կարող է իրականացվել պատասխանատու անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու միջոցով, մինչդեռ ծառայության կողմից չեն իրականացվել բավարար քայլեր այդ ուղղությամբ:




Լրահոս