ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՌՈՒՑՎԵՑ, ԺԱՅՌԵՐԸ՝ ՄՆԱՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի հոկտեմբերի 2-ին Այրումում՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի 82-րդ կիլոմետրում, տեղի ունեցավ մեծ սողանք, որի հետեւանքով զոհվեց հինգ մարդ, մի քանի տասնյակ մեքենաներ ճզմվեցին հողի եւ քարի հսկա զանգվածի տակ:
Զոհված 5 անձանց ընտանիքներին նոյեմբերի 8-ին եւ 9-ին պետական բյուջեից 1-ական միլիոն դրամ աջակցություն տրվեց: Սողանքից տուժել էր նաեւ Տավուշի մարզի բնակիչներին պատկանող 12 ավտոմեքենա: Դեկտեմբերի 21-ին սողանքից ջարդված 10 ավտոմեքենաների տերերից յուրաքանչյուրին պետական բյուջեից տրվել է 260 հազար դրամ, համեմատաբար քիչ տուժած 2 ավտոմեքենաների տերերին՝ 100-հազարական դրամ: Տարեմուտին Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը տարերքից վնասված 10 ավտոմեքենաների տերերին աջակցել էր 240-հազարական, եւս 2-ին՝ 100 հազար դրամի չափով:
Քարի եւ հողի հսկա զանգվածի տակ են մնացել նաեւ այրումցի 3 ընտանիքների պտղատու այգիները: Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանից տեղեկացանք, որ այդ այգիների տերերին Տավուշի մարզպետարանը 30-50 հազար դրամ է տրամադրել: Հարցին, թե ինչու այդքան քիչ, քաղաքապետը պատասխանեց, որ այգիները սեփական չէին, եւ դրանց վարձակալության պայմանագրերը կնքված չէին:
Ճանապարհի վերականգնումը սկսվեց 2012թ. մարտի կեսերին: Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ՍՊԸ-ն պետական բյուջեի 550 միլիոն դրամով հողի եւ քարի զանգվածի հեռացման, 400  մ ճանապարհի կառուցման ծրագիրը պետք է ավարտեր հուլիսի 15-ին: Սակայն գործարկումն ուշացավ, ճանապարհը երթեւեկի համար պատրաստ էր հուլիսի վերջին, բայց դրա հանդիսավոր բացումը կատարվեց օգոստոսի 15-ին: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այդ օրը Այրումում դրվատեց ճանապարհի վերականգնումն ուշացրած ճանապարհաշինարարներին՝ ասելով. «Բոլորը միահամուռ կերպով կարողացան այս խնդիրը հաղթահարել, եւ այսօր ունենք այս ճանապարհը: Մեկ մարդու նման աշխատել են բոլորը: Շնորհակալ ենք նաեւ երկրի ղեկավարին, ում անմիջական հսկողության տակ հնարավոր եղավ արագ եւ որակով իրականացնել այս աշխատանքները»: Հարց է ծագում` միջպետական ճանապարհի վերականգնումն ուշացրած կազմակերպությունը պետք է շնորհակալությա՞ն արժանանար, թե՞ տուգանքի:
Այրումի բնակիչները հայտնեցին, որ շինարարության ընթացքում՝ քարի եւ հողի զանգվածի հեռացման ժամանակ, շինարարները մեծ քանակությամբ բազալտ են վաճառել այդ տարածքի քարի վերամշակման ձեռնարկություններին` ստանալով հավելյալ շահույթներ: Ճանապարհը գործում է, սակայն այդ հատվածում կախված են մեծ ժայռեր, որոնք կարող են ընկնել միջպետական ճանապարհով երթեւեկող մեքենաների վրա: Դա կանխելու համար կառուցվել է մոտ 2 մ խորությամբ, 1 մ լայնությամբ խրամուղի: Սակայն բարձունքից պոկվել գլորվելու դեպքում թափ առած ժայռի համար նման խորությամբ եւ լայնությամբ խրամուղին չի կարող արգելք լինել: 550 միլիոն դրամը չբավարարե՞ց նաեւ ճանապարհին կախված ժայռերը պայթեցնելու համար:
2011թ. սեպտեմբերի 30-ին՝ մեծ սողանքից 2 օր առաջ, «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր նույն հատվածում տեղի ունեցած փոքր փլուզման մասին: Սակայն այն ժամանակ պատկան մարմինները համապատասխան հետեւություններ չարեցին, երթեւեկության համար միջպետական ճանապարհը չփակեցին, ինչի հետեւանքով եղավ 5 զոհ: Հիմա սողանքի վայրում նրանց հիշատակին կոթող է կառուցվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս