ԳՆԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ընդհանուր գնաճը կազմել է 5,1 տոկոս: Այսինքն՝ եթե մի ապրանք անցած տարի վաճառվել է, ասենք, 100 դրամով, ապա այսօր արդեն այն վաճառվում է առնվազն 105 դրամով:

Սակայն վերը բերված թիվը դա ընդհանուր միջինացված գնաճն է: Իսկ, ասենք, առանձին շուկաների կտրվածքով վերցրած՝ պատկերն ավելի մտահոգիչ է: Մասնավորապես, պարենային ապրանքների շուկայում անցած տարվա համեմատ պաշտոնական գնաճը կազմել է 6,7 տոկոս: Բուժսպասարկումը եւ դեղորայքը, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարի թանկացել են 5,4 տոկոսով: Սա, իհարկե, միջինացված ցուցանիշ է, իսկ իրականում դեղորայքը եւ հատկապես հիմնական սպառման դեղերը, մասնավորապես, սիրտանոթային հիվանդությունների համար նախատեսված դեղերը անցած տարվա համեմատ թանկացել են առնվազն տասը տոկոսով, եւ դա ոչ թե պաշտոնական վիճակագրություն է, այլ մեր կյանքում առկա իրողություն: Ի դեպ, դեղատների աշխատակիցները փաստում եմ, որ անցած տարվա դեկտեմբերից պարբերաբար թանկացել են ոչ միայն ներկրվող դեղերը, այլ նաեւ այն դեղորայքը, որը արտադրվում է Հայաստանում:
Պարենային ապրանքներից հացամթերքը, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա համեմատ թանկացել է 9,3 տոկոսով, մսամթերքը՝ 7 տոկոսով, կաթնամթերքը՝ 11,9 տոկոսով, ձուն՝ 4,5 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղերը՝ 3,9 տոկոսով, մրգերը՝ 17,8 տոկոսով, շաքարավազը՝ 9 տոկոսով, հրուշակեղենը՝ 12,3 տոկոսով, սուրճը եւ թեյը՝ 13,3 տոկոսով: Ինչպես տեսնում ենք՝ հիմնական սպառման սննդամթերքի թանկացումը մինջին 5,1 տոկոսանոց գնաճի համեմատ եղել է կրկնակի անգամ ավել: Գնաճի միջինացված թիվը ցածր է ստացվել, որովհետեւ առանձին ապրանքների շուկայում նույնիսկ էժանացում է արձանագրվել: Մթերքներից, անցած տարվա համեմատ, այս տարվա առաջին եռամսյակում էժանացել է ձկնամթերքը՝ 3 տոկոսով, ինչպես նաեւ՝ կարտոֆիլն ու բանջարեղենը՝ 7,5 տոկոսով: Հատկապես ձկնամթերքի էժանացումը, ինչպես հայտնի է, պայմանավորված է այն փաստով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանից շատ չնչին քանակությամբ ձուկ է արտահանվում: Նախկինում Հայաստանում արտադրված ձկնամթերքի մի զգալի մասն արտահանվում էր: Նույնը կարելի է ասել նաեւ կարտոֆիլի եւ բանջարեղենի դեպքում:
Կենցաղում առավել մեծ սպառում ունեցող մեկ այլ ապրանքախմբի՝ լվացող միջոցների գները թանկացել են 6,9 տոկոսով: Շինանյութի թանկացումը, ըստ պաշտոնական տվյալների, այս տարի կազմել է 7,6 տոկոս:
Ինչպես հայտնի է՝ պաշտոնական վիճակագրությունն առանց զավեշտների չի կարող գոյություն ունենալ: Մասնավորապես այդպիսի մի զավեշտ կարելի է համարել պաշտոնական վիճակագիրների այն տվյալը, ըստ որի՝ միջքաղաքային տրանսպորտը Հայաստանում 1,2 տոկոսով էժանացել է: Դժվար է ասել, թե այս տվյալը արձանագրողները որ երկրի միջքաղաքային տրանսպորտից են օգտվել, բայց փաստ է, որ անցած տարվա ընթացքում միջքաղաքային տրանսպորտի ուղեւորավարձի էժանացման դեպք չի եղել: Ինչպես միջքաղաքային, այնպես էր ներքաղաքային տրանսպորտի գինն անցած մեկ տարվա ընթացքում մնացել է նույնը:
Այն, որ վերջին ամիսներին Հայաստանում անընդհատ գնաճ է, եւ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի կարող դա հերքել, արդեն արձանագրված փաստ է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այս ընթացքի ավարտը չի երեւում: Ավելի ճիշտ, գնաճի վրա կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե զուգահեռաբար բարձրանային նաեւ Հայաստանի բնակչության եկամուտները: Բայց փաստն այն է, որ անցած տարվա վերջից մենք հակառակ պատկերին ենք ականատես լինում, այսինքն՝ մի կողմից մարդկանց եկամուտներն են նվազում, մյուս կողմից էլ ապրանքներն են թանկանում: Արդյունքում՝ Հայաստանի բնակչությունը կրկնակի է տուժում, եւ ոչ ոք չի կարող ասել, թե երբ է այս գործընթացը կանգնելու:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՕԵԿ-Ի ՏՐՅՈՒԿԸ
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ կրկին հայտարարեց, թե իբր նախկին ԲՀԿ-ական պատգամավորները ցանկանում են անդամագրվել իրենց կուսակցությանը: Այս հայտարարությանն ի պատասխան՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ՝ այդ ամենի նպատակը որն է, որ մեր հարգարժան գործընկերներն այդ հարցն իրենց համար սարքել են շատ կարեւոր խնդիր: Ես կասեմ շատ կարճ ճանապարհ, եթե կան ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներ, ովքեր դիմել են ՕԵԿ-ին անդամակցելու համար, ապա թող հրապարակեն այդ պատգամավորների անունները: Երկրորդ, որը եւս կարճ ճանապարհ է, իմ հարգարժան գործընկեր լրագրողները կարող են դիմել այդ 11 պատգամավորներին, որոնք, փառք Աստծո, բոլորն էլ ողջ եւ առողջ են, եւ ուղղեն մեկ կարճ հարց՝ ձեզանից որեւէ մեկը դիմե՞լ է ՕԵԿ-ին անդամակցելու համար: Եթե թույլ տան, ես կպատասխանեմ իմ 11 գործընկերների փոխարեն՝ ոչ, իսկ մնացած հարցերով պետք է դիմել ՕԵԿ-ին»: Փաստորեն, վերջին շրջանում ՕԵԿ ղեկավարությունը պարբերաբար փորձում է հանրությանը ներկայանալ, թե իբր իրենց կուսակցությունն ավելի լավն է, քան ԲՀԿ-ն: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն պնդումը, թե իբր ԲՀԿ-ականները ուզում են անդամակցել իրենց կուսակցությանը: Սակայն տարօրինակն այն է, որ ՕԵԿ-ում այդպես էլ չեն կարողանում կոնկրետ ասել, թե այդ ով է ցանկանում ՕԵԿ դառնալ:

 

ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
«Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայում վերջին շրջանում աշխատակիցների կրճատումներ են կատարվում: Այս մասին «ժողովուրդ»-ին հայտնեցին թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցները: Նրանց խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում իրենց ֆաբրիկայի տնօրինությունը նոր մարդու աշխատանքի չի ընդունում, այլ միայն ազատում է՝ պատճառաբանելով, որ այս կերպ դրամական միջոցներ է տնտեսում: Բացի այս՝ աշխատակիցների շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ թռչնաբուծական ֆաբրիկան հնարավոր է՝ վաճառվի: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ, ով հարցը լսելուն պես կոպիտ պատասխանեց. «Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- եւ անմիջապես անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան պատկանում է հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանին:

 

ԱՌԱՆՑ ՋՐԻ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ավելի քիչ քանակությամբ հանքային եւ աղբյուրի ջուր է արտադրվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հանքային ջրի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նվազել են 43.5 տոկոսով, իսկ աղբյուրի ջրինը՝ 7.2 տոկոսով:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՅՑԵԼԵԼ Է
Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին եւ Պավել Մանուկյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ, իսկ Գարեգին Չուգասզյանին եւ Գեւորգ Սաֆարյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է նրանց բոլորին. «Պավել Մանուկյանին խնդրեցի, հորդորեցի դադարեցնել հացադուլը: Մանուկյանը խոստացավ մտածել այդ մասին»,-ֆեյսբուքյան իր գրառման մեջ հայտնել է պատգամավորը:

 

ՄԻԱՅՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԸ
Ժիրայր Սէֆիլյանին եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ նրա ընկերներին կարող է քաղբանտարկյալ ճանաչել միայն Եվրոպական դատարանը։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

 

ԲԱՆԱՁԵՎ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
Բրազիլիայի ամենախոշոր՝ Սան Պաուլո նահանգի խորհրդարանը ապրիլի 8-ին ընդունած բանաձեւով ապրիլի 24-ը հռչակել է «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման եւ զոհերի հիշատակի օր»: Նշենք, որ Սան Պաուլո նահանգի բնակչությունը կազմում է 44 միլիոն մարդ, այն ամենախոշոր ադմինիստրատիվ միավորումն է ամբողջ Հարավային Ամերիկայում:

 

ԱՆՀԱՄՈԶԻՉ ՊՆԴՈՒՄ
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բանավեճում պնդել է, թե զինված ուժերում մահացության դեպքերի 99 տոկոսը ուղիղ կապ ունի պատերազմական վիճակի հետ: «Եթե անգամ մայորը տնից գնում է զորամաս եւ ճանապարհին ավտովթարից մահանում է, եթե թիկունքում եղած զորամասն ունի ինքնասպանության դեպք՝ զինծառայության հետ ուղիղ կապ ունեցող, սա ուղիղ կապ ունի պատերազմի հետ»,- պնդել է խոսնակը:

 

ԻՐԵՆՑ ՕՐԻՆԱԳԻԾԸ
«Հայ ազգային կոնգրեսի» խորհրդարանական խմբակցությունը գազի սակագնի նվազեցման մասին իր պատկերացումներով օրինագիծ կներկայացնի: Այդ մասին երեկ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով գազի գնագոյացման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը:

 

ՏԱՓԱԿՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ
«Քաղաքական լուսանցքում հայտնված անմեղսունակ երեւույթների տափակ հայտարարությունները մեկնաբանելու կարիք չկա»,-Լեւոն Զուրաբյանին այսպես է հակադարձել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Քիմ Քարդաշյանն ավելի շատ մեծ ներդրում ունի, քան Շարմազանովը, եւ որ այդ հարցում Քիմ Քարդաշյանն արժի միլիարդ Շարմազանով:

 

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Երեւանի քաղաքապետարանը ապրիլի 11-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ՝ ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացնի համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի աշխատանքներ: Քաղաքապետարանի կողմից մասնակիցներին կտրամադրվեն տնկիներ եւ անհրաժեշտ պարագաներ:




Լրահոս