«Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, թե Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին 190 դոլարի փոխարեն կդառնա 169 դոլար: Նրա այս հայտարարության շուրջ լրագրողներն այսօր զրուցեցին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:
Նա ընդգծեց, որ օրենքով գազի սակագինը որոշողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: Պատգամավորը նշեց, թե այս իջեցումը պայմանավորված է դեկտեմբերյան փոխարժեքների տատանումների հետ:
«Սահմանի վրայի փոփոխությունը բնակչի համար նշանակություն չունի, որովհետև ռուսական «Գազպրոմ»-ը տալիս է իր ձեռնարկությանը»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ սա պետք է համակողմանի ուսումնասիրի և որոշում ընդունի հանձնաժողովը, սակայն ընդգծեց, թե ծառայություն մատուցողը երբեք էլ շահագրգռված չէ, որ իջեցնի գինը, քանի որ դա հարվածելու է և՛ իր ծախսերին, և՛ իր շահույթին: