Տ. Սարգսյանին և Ն. Կճոյանին այդպես էլ չհարցաքննած` օֆշորի գործը դատարան է մտնում. ինչե՞ր են բացահատվել քննության ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օֆշորային սկանդալի գործի նախնական քննությունը, կարծես, մոտենում է իր հանգուցալուծմանը: Armlur.am-ի հետ զրույցում հայտնի գործարար, սնանկացման եզրին հայտնված Փայլակ Հայրապետյանը հայտնեց, որ արդեն տևական ժամանակ է` որևէ քննչական գործողությունների չի մասնակցել, նախաքննության մասին որևէ տեղեկություն չունի, և իրեն տեղեկություններ են հասել, որ գործը շուտով դատարան կմտնի.

«Գործը երբ մտնի դատարան, ես ընդհանրապես չեմ մասնակցելու: Պահանջելու եմ, որ դրան (խմբ. մեղադրյալ Աշոտ Սուքիասյան) դատեն, պրծնենք: Չնայած, որ դրան դատեն էլ, իմ փողերը հետ չեն գալու: Ու Սուքիասյանը մեղավոր էլ չէ. մեղավորները Տիգրան Սարգսյանը, Կճոյանն ու բանկի աշխատողներն են»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս պատմության սկսելուն պես իր կողմից հիշատակված մարդկանց պատճառով ինքն ամեն բան կորցրել է, հիմա էլ վարձով է բնակվում. «Փառք Աստծո, կինս, տղաներս աշխատում են: Ես դեռևս չեմ արտագաղթի: Ավելի սարսափելին այն է, որ Հայաստանը դատարկվում է: Իմ վնասը ոչ մեկ չի փոխհատուցի, թող ազգի, ժողովրդի վնասի մասին մտածեն: Թող արտագաղթի դեմն առնեն, նորմալ մարդկանց պաշտոններ տան»:

Նկատենք, որ քրեական գործի հարուցման պահից ի վեր, ըստ նախնական տեղեկությունների, նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չեն հարցաքննվել: Համենայն դեպս, ոչ լուրեր են շրջանառվել նրանց հարցաքննության մասին, ոչ էլ պաշտոնապես է որևէ տեղեկություն հրապարակվել: Եվ վստահաբար կարող ենք ասել, որ Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի հարցաքննությունը չէր կարող գաղտնի պահվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսից ՀՀ քննչական գխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործարար Ա. Սուքիասյանին ձերբակալել էին նախորդ տարվա փետրվարի 1-ին` Թուրքիայից Վրաստան ժամանման ընթացքում, իսկ արտահանձնման մասին որոշումը Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել էր հունիսի 3-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2009-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։

Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպության միջև, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր՝ 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկ»-ից ստացած մոտ 10 միլիոն դոլարը տվել էր Աշոտ Սուքիասյանին: Վերջինս, այդ գումարը վերցնելով, փախել էր Հայաստանից:




Լրահոս