ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԵԿՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի Seminole Grand բնակելի համալիրի շենքերից մեկում 100 մարդու մասնակցությամբ կազմակերպված երեկույթի ժամանակ հատակը փլվել է: Հարեւաններն աղմուկ եւ գոռգոռոց են լսել, դուրս եկել փողոց եւ օգնություն կանչել: Հատակը փլվելու արդյունքում առաջին հարկում գտնվող մարդիկ աննշան վնասվածքներ են ստացել: «7 մարդու տարհանել են հատուկ տեխնիկայի միջոցով, քանի որ նրանք չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ շենքից»,-գրում է LifeNews-ը: Ավելի քան 55 մարդ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՊԱՐԶԱՊԵՍ ՀՐԱՇՔ
Ֆրանսիայում 82-ամյա վարորդը 32 կմ անցել է հանդիպակաց ճանապարհով: Ճեպընթաց մայրուղով վարելու վճարը գանձող սարքին մոտենալիս կնոջ հետ երթեւեկող տղամարդը գլուխ չի հանել` ինչպես վճարել եւ որոշել է ընթանալ հակառակ ուղղությամբ` հուսալով, որ կհասնի մոտակա կայանատեղի: Վարորդին կանգնեցրել են ոստիկանները: Նրանց խոսքով` այն, որ մեքենան 32 կմ գնացել է երթեւեկությանը հակառակ ուղղությամբ՝ ոչ մեկին չբախվելով, հրաշք է, քանի որ այն ընթացել է հորդառատ անձրեւի դեպքում ամենաարագ վարողների համար նախատեսված հատվածով:

«ՄԿԱՆՆԵՐ՝ ԲՐՅՈՒՍԵԼԻՑ»
Բրյուսելում հայտնվել է հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամի արձանը, որի  բարձրությունը 1,74 մ է: Արձանը ստեղծվել է Westland Shopping Centre-ի սեփականատերերի պատվերով: Սեփականատերերի խոսքով` ավելի վաղ կենտրոնի հաճախորդների շրջանում իրենք հարցում են անցկացրել, որի նպատակը պարզելն էր, թե որ հայտնի բելգիացու արձանն են նրանք ցանկանում տեսնել կենտրոնի տարածքում, եւ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ժան-Կլոդ Վան Դամը: Բելգիացի քանդակագործ Գի Դյուշեյնը Վան Դամին պատկերել է բռնցքամարտի անդրավարտիքով եւ մարտական կեցվածքով: «Մկաններ՝ Բրյուսելից» անվանումը ստացած քանդակը պատրաստված է բրոնզից եւ կշռում է գրեթե 1,5 տոննա:

ԵՐԵԽԱ` ՊԱՐԿԻ ՄԵՋ
Հարավային Սախալինի բնակարաններից մեկի մուտքի մոտ ոստիկանները գտել են պարկի մեջ փաթաթված նորածնի դի: Պարզվել է, որ երեխան մահացել է ցրտահարությունից: Իրավապահների խոսքով՝ փոքրիկն առողջ է ծնվել: Երբ նրան թողել են փողոցում, դեռ ողջ է եղել: Թե ով է այդ անմարդկային արարքի հեղինակը, դեռ հայտնի չէ: Ոստիկանները հետաքննություն են սկսել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս